Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ իրանաադրբեջանական հարաբերություններն «անցել են թյուրըմբռնման փուլը» և «հիմա գտնվում են զարգացման փուլում»:
«Մենք ուրախ ենք տեսնել վերջին ամիսների երկու երկրների միջև առևտրի ծավալների աճը և հույս ունենք, որ շնորհիվ այսօրվա բանակցությունների՛ կընդլայնվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ճյուղերում… Մենք անցել ենք թյուրըմբռնման փուլը և այժմ գտնվում ենք երկկողմ հարաբերությունների զարգացման փուլում՝ ի շահ երկու երկրների»,- ասել է Աբդոլլահիյանը Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Նախարարն ասել է, որ անցյալ շաբաթ Անկարա կատարած այցից ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի հետ պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել Թեհրանում՝ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների ձևաչափով:
Աբդոլլահիյանը նաև ասել է, որ Թեհրանը հանդես է գալիս «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնացած տարաձայնությունների կարգավորման օգտին՝ երկխոսության և դիվանագիտության ճանապարհով՝ հիմնված կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ