Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կմասնավորեցվեն «Արմենիկում» և ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ընկերությունները

Հուլիս 04,2022 14:54

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի` առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ եւ  ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները:

Նշվել է, որ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային. Հայաստանի հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր են, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան:

«Արմենիկում» ՓԲԸ-ի հետ կապված` ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Ըստ հիմնական զեկուցողի` ընկերությունների` մասնավորեցման ցանկում ընդգրկելը ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, մրցակցային միջավայրի բարելավման, երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաեւ պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացման նպատակ է հետապնդում:

Պատգամավորների հարցերն առնչվել են ընկերությունների շահութաբերությանը, դրանց մասնավորեցման նպատակահարմարությանը, գույքերի գնահատմանը եւ այլն:

Նիստը վարող մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ մեծ նշանակություն ունի հատկապես «Արմենիկում» ՓԲԸ-ի մասնավորեցումը, եւ այն պետք է օտարվի` ապահովելով դրա թափանցիկությունը:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը, ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների եւ վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից: Մասնավորապես, պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության եւ վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը եւ վարչապետին` ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Նշվել է նաեւ, որ պետական գույքի կառավարման բնագավառում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում վեր են հանվել ոլորտային այն բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեեւ նախկինում ընդունվել են տվյալ ժամանակահատվածում գործող կարգավորումներին համապատասխան եւ շարունակում են գործել, սակայն ներկայում Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված` խնդրահարույց են նաեւ պետական գույքի կառավարման ոլորտում նոր կարգավորումներ ավելացնելու նպատակով համապատասխան հանձնարարականների կատարումներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունման արդյունքում կբացառվի համապատասխան լիազորող նորմ չունեցող Կառավարության եւ վարչապետի որոշումների կիրառությունը:

Առնակ Ավետիսյանը նշել է նաեւ, որ հիմնարար բարեփոխումներ են իրականացվում պետական գույքի կառավարման համակարգում:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հարցերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում:

Աղազարյանը նշել է, որ մեծ նշանակություն ունի հատկապես «Արմենիկում» ՓԲԸ-ի մասնավորեցումը, եւ այն պետք է օտարվի` ապահովելով դրա թափանցիկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031