Հունիսի 19-ին ճանապարհ չզիջելու համար Ապարանում տեղի ունեցած հրազենային միջադեպով կալանավորված Արմեն Հովհաննիսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aravot.am- ին ասաց Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Գայանե Լյուդվիկյանը. «Մեղադրանքի բովանդակության եւ ձեւակերպման մեջ պաշտպանյալս մեղադրանքը չի ընդունում»:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն` Արմեն Հովհաննիսյանը չի՞ ընդունում, որ ինքն է կրակել, փաստաբանը պատասխանեց. «Քանի որ նախաքննության գաղտնիության հետ գործ ունենք, անմեղության կանխավարկածի, բացի այդ՝ գործով բազմաթիվ հանգամանքներ , փաստական տվյալներ դեռ բացահայտված չեն, այդ պատճառով այդ մասով դեռ դիրքորոշում չենք հայտնելու: Առայժմ այսքանը կարող եմ ասել»:
Փաստաբանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք իր պաշտպանյալն արդեն առերեսվել է գործով տուժողների կամ այլ կարգավիճակ ունեցող անձանց հետ:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց՝ տեղեկություններ չունի, թե արդյոք այս գործով կալանավորված այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ:
Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ միջադեպի կրակոցները եղել են Կալաշնիկով ավտոմատից, բայց վարույթ իրականացնող մարմնին ներկայացվել է որսորդական հրացան։ Ի պատասխան ասաց. «Որեւէ բան հայտնել չեմ կարող, ընդամենն առաջադրվել է մեղադրանք, որի վերաբերյալ արդեն ասացի, որ բովանդակության առումով մենք մեղավոր չենք ճանաչում»:
Արագածոտնի փոխմարզպետը, որի հարազատները նույնպես մասնակցել են այս միջադեպին, պնդում է, որ այս միջադեպի հետեւում այլ ուղղորդող ուժեր, մարդիկ կան, մավրեր. փաստաբանից հետաքրքրվեցինք՝ այդպիսի տվյալներ ունի՞. «Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, բացարձակ տեղյակ չեմ»:
Անդրադառնալով իր պաշտպանյալի մասին տարածված տեղեկություններին, թե նա մոլի իմքայլական է, բազմիցս ընդդիմության հավաքներին սադրելու է գնացել, փաստաբանն ասաց. «Նման հարցեր չեմ տվել իրեն, ընդամենը դեպքի հանգամանքների վերաբերյալ իրավաբանական ծառայություն եմ մատուցում»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե դեպքի օրը ինչու էր Արմեն Հովհաննիսյանը Երեւանից Ապարան գնացել, ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Իմ պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալ, այդ պատճառով որեւէ այլ բան նախօրոք չեմ կարող ասել»:
Իսկ թե ում հետ է կոնկրետ Արմեն Հովհաննիսյանը խնդիրը ունեցել, փաստաբանն ասաց՝ կոնկրետ չեն քննարկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ