«Կառավարման մոդելի հարցն, այսպես ասած, ամենաթոփ, ամենահետաքրքիր հարցն է, որ քննարկվում է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Մենք որոշակի տրամադրություններ խորհրդում շոշափել ենք»,- «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ ո՞ւմ և ինչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Ըստ նրա՝ նպատակահարմար է, որ պահպանվի երկրի կառավարման խորհրդարանական մոդելը․ «Կարծում եմ՝ խորհրդարանական մոդելի զարգացման ու կայացման համար մենք ճանապարհ ունենք անցնելու։ Համոզված չեմ, որ մեզ անհրաժեշտ է կատարել կառավարման այս մոդելից այլ մոդելի ընտրություն։ Այն ունի ժողովրդավարական կառավարման լրջագույն պոտենցիալ, որը շատ անգամ մեր համակարգերում և մեր իրականությունում գիտակցված չէ»։
ՀՀ ՄԻՊ-ի համոզմամբ՝ հակակշիռների ու զսպումների մեխանիզմները հնարավոր է ապահովել յուրաքանչյուր կառավարման մոդելի մեջ։ Նա պարզաբանեց․ «Յուրաքանչյուր դեպքում, եթե մենք տեսնում ենք՝ խնդիրներ կան կառավարման ձևի մեջ, դա չպիտի հանգեցնի այն մտքին, որ այս ձևը սխալ է։ Նաև տրամաբանական և քաղաքագիտական կանոն է, որ որևէ կուսակցություն, թե դաշինք, ամեն դեպքում կանոն է, որ քաղաքական ուժն իր համար կենսական հարցերի շուրջ ունենում է միասնական քվեարկություններ։ Այլ բան է, թե ինչպես է ապահովվում, որ այդ կարևոր որոշումները նախապես քննարկվեն, հասկանանք՝ ով է արբիտրը։ Այս առումով նախագահի ինստիտուտը մեր երկրում պետք է լրջորեն գիտակցվի ու քննարկվի։ Նույն արբիտրի դերը կատարելու առումով»։
Կարդացեք նաև
Քրիստինե Գրիգորյանը վստահեցրեց՝ սահմանադրական ինստիտուտի՝ լավագույնս առաջ մղման համար ինքն է նախաձեռնել հենց ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումը․ «Նպատակը լսելն էր իրենց, տալ ավելի շատ հնարավորություն, քան նիստերի դահլիճում, նաև ունենալ խորհրդապահական քննարկում։ Այդ փակ դռների հետևի քննարկումները թեկնածուների հետ լուրջ ինֆորմացիա են տալիս, թե որոնք են այդ կարմիր կետերը։ Ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի էր, երբ իրենք հարցերը տվեցին, ելույթներ ունեցան, բայց ասացին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։Ես պատկերացնում էի, որ դեմ քվեարկություններ լինելու են։ Դա նորմալ էր, դա է ժողովրդավարությունը»։
Հարցին՝ մարդու իրավունքների, ազատությունների պաշտպանության երաշխիքների առումով ի՞նչ վերանայումների կարիք կա այս սահմանադրությունում, Քրիստինե Գրիգորյանն այսպես պատասխանեց․ «Մի բան ակնհայտ է․ 2015-ի փոփոխությունների արդյունքում տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների բլոկը՝ որպես անմիջական, ուղղակիորեն գործող իրավունքներ հանվեցին այդ անմիջական գործելու երաշխիքից։ Այդպիսով, նաև անհատները՝ ՄԻՊ-ը, այժմ զրկված են որևէ այդ ոլորտի կարգավորման իրավաչափություն քննարկելու կամ ՍԴ-ում բողոքարկելու հնարավորությունից, բաց են թողնված շրջակա միջավայրի պահպանության իրավունքները, արժանապատիվ կենսամակարդակի ապահովման իրավունքը։ Ինստիտուցիոնալ առումով մեր առաջարկությունների մեջ լինելու է այն, որ ՄԻՊ ժամկետը հստակորեն արձանագրվի Սահմանադրությամբ, որ սա մեկանգամյա ժամկետ է․ անձը կարող է միայն մեկ անգամ ընտրվել ՄԻՊ։ Սա ուղղված է այս ինստիտուտի անկախությանն ու ամրապնդմանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ