«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նույն խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը չի մեկնաբանում։ Լրագրողների հետ զրույցում այսօր նա միայն ասաց, որ Ղազինյանն իր ընկերն է ու գործընկերը։
Հարցին՝ խմբակցությունում պառակտո՞ւմ կա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին չհասնելը տարաձայնությունների՞ է բերել թիմի ներսում, Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Տարաձայնություններ բացարձակ չկան։ Կարելի է ասել՝ միասնականությունն ավելի է բարձրանում։ Դիմադրության շարժման շրջանակում չենք խոսում զուտ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցության մասին, որովհետեւ սա վերկուսակցական շարժում է, որի կարեւոր բաղադրիչներից է դրա համազգային բնույթը։ Սա զուտ քաղաքական հարց չէ։ Պառակտման խնդիր չեմ տեսնում»։
Որպես միասնականության օրինակ Արամ Վարդեւանյանը մատնանշեց այն փաստը, որ իշխանության կողմից ԱԺ փոխխոսնակին եւ հանձնաժողովներից մեկի նախագահին պաշտոնազրկելուց հետո մյուս հանձնաժողովների ընդդիմադիր նախագահը եւ փոխնախագահները հրաժարական տվեցին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նույնպես մտադիր է մանդատը վայր դնել, Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ այդ մասին խոսել է Վարդանյանի հետ, նա էլ զարմացել է, թե ինչու են նման ստեր տարածում․ «Հասկանալի չէ, թե որն է դրա շարժառիթը։ Հերքում եմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ