Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հրապարակեց 137.1-ով կարճման առաջին որոշումը

Հուլիս 04,2022 13:52

Թիվ ԵԴ/0449/01/22 քրեական գործով ամբաստանյալ Վահե Բալբաբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը (լուսանկարում) միջնորդել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (Կենտրոն նստավայր․ նախագահող դատավոր՝ Կարեն Ֆարխոյան) ՀՀ 1998թ․ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կարգով ու նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կարճել քրեական գործով վարույթը եւ դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, անհապաղ վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Վարույթը պաշտպանի միջնորդությամբ կարճվել ու քրեական հետապնդումը դադարեցվել է «հանցակազմի բացակայության» հիմքով, այսինքն՝ արդարացնող հիմքով: Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց նա իր ՖԲ էջում:

Ի՞նչ միջնորդություն էր արել Ռուբեն Մելիքյանը:

Նա միջնորդությամբ վկայակոչել էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022թ․ հունիսի 9-ի ՀՕ-144-Ն օրենքի 1-ին հոդվածը, համաձայն որի. «1. Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը ․․․»։

Ապա հղում կատարել ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը, համաձայն որի՝ «․․․ Արարքի պատժելիությունը վերացնող ․․․ օրենքն ունի հետադարձ ուժ:»։

«Իմ պաշտպանյալը սույն քրեական գործով մեղադրվում է ՀՀ 2003թ․ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածով սահմանված արարքի համար, որը 2022թ․ հուլիսի 1-ին գործողության մեջ դրված քրեական օրենսգրքով այլևս նախատեսված չէ որպես հանցագործություն, ուստի ՀՀ 2021թ․ քրեական օրենսգրքի հետադարձ ուժով կիրառմամբ իմ պաշտպանյալին վերագրվող արարքը լրիվ ապաքրեականացվել է։

Նշվածը վերաբերում է հարցի նյութա-իրավական կողմին, մինչդեռ վիճակն այլ է հարցի դատավարական բաղադրիչի պարագայում։ Համաձայն ՀՀ 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ»:

Իսկ համաձայն նույն օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի (09.06.2022թ․ ՀՕ-241-Ն օրենքի խմբագրությամբ)՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:»:

Սույն քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին դատարանի որոշումը կայացվել է մինչև 2022թ․ հուլիսի 1-ը, ուստի վարույթը պետք է իրականացվի ՀՀ 1998թ․ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Միևնույն ժամանակ, քրեական դատավարության այդ օրենսգրքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումներով ձևավորվել է կայուն իրավակիրառական պրակտիկա առ այն, որ արարքի լրիվ ապաքրեականացման դեպքում քրեական գործով վարույթը պետք է կարճվի և անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ՀՀ 1998թ․ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մոտեցումն ամրագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0286/01/09 գործով և թիվ ՇԴ3/0012/01/15 գործով համապատասխանաբար 05․11․2010թ․ և 20․12․2017թ․ որոշումներով, ինչպես նաև վերահաստատվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 14․02․2017թ․ թիվ ՍԴՈ-1348 որոշմամբ»,-նշել էր նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031