Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը սխալվեց՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ․ Վահե Հովհաննիսյան

Հուլիս 04,2022 12:50

ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։

Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ձևավորմամբ։

Կան գործիչներ, որ վայր են դրել մանդատները, և դա նույնպես նոր իրավիճակ է ստեղծում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս խորհրդարանը սպառվել է, մտել է մարման փուլ։

Բայց սա ամենևին չի ենթադրում, որ զարգացումներն արդեն հստակ են։

Կա երկու գործոն, որոնք էական ազդեցություն կարող են թողնել զարգացումների վրա. ընդդիմություն և արտաքին վտանգ։

 

Ընդդիմություն

Իշխանությունը սխալվեց՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ։ Իշխանությունը չունի լուրջ սոցիալական հենարան, հանրային գիտակցության մեջ այն մերժված է։ Բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն, ամենևին։

Եթե ընդդիմությունը կարողանա օգտվել իշխանության սխալից (սխալներից) և հանրային լուրջ դժգոհություններից, ապա նոր իշխանության ձևավորումը տեխնիկայի հարց է։ Բայց դրա համար ընդդիմությունը պետք է անի խոր հետևություններ, ենթարկվի խորքային վերափոխումների՝ բովանդակային և կառուցվածքային։

Ի վերջո, կա հստակ հարց. եթե իրավիճակը բերի արտահերթ ընտրությունների, պատրա՞ստ են արդյոք ընդդիմադիր միտքը, ընդդիմադիր համակարգը այդ արագ արտահերթ ընտրություններին։ Կարծում եմ՝ ոչ։ Սա ցավոտ հարց է, բայց մյուս կարևոր հարցերի պատասխանները գտնվում են այստեղ։

Կարո՞ղ է մերժված իշխանությունը մնալ իշխանության. ցավոք, այո։ Այն կմնա իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորել սոլիդ այլընտրանքային ուժ կամ ուժեր, հիմնված ոչ թե լոկ հակաթուրքականության վրա կամ քվոտավորված «հարթակի», այլ այնպիսիք, որոնք կառաջարկեն Հայաստանի հետպատերազմյան զարգացման հեռանկարը՝ հիմնված արժանապատվության և պրագմատիզմի, տարածաշրջանային և միջազգային նոր իրողությունների վրա։ Իշխանությունը կփոխվի այն ժամանակ, երբ հասարակությունը կտեսնի այն ուժին կամ ուժերին, որին չի վախենա իշխանություն տալ։ Սա շատ կարևոր պահ է. ապաքաղաքական հասարակությունը կարող է մերժել իշխանությանը, բայց կհեռացնի նրան միայն այն դեպքում, երբ նոր եկողից վտանգ, արկածախնդրություն չի տեսնի, այլ տեսնի լրիվ հակառակը՝ կայունության, խաղաղության, զարգացման հեռանկար։

 

Արտաքին վտանգ. սպասելի-անակնկալ

Հայաստանն այսօր ինքնահոսի մատնված կիսապետություն է, որի ճակատագիրը որոշում են այլ պետություններ։ Այդ պետություններից յուրաքանչյուրի խնդիրները մեկ օրում կարող են փոխել փխրուն բալանսը, որը շատ արագ կարտահայտվի Հայաստանի անպաշտպան սահմանների վրա։ Սա կլինի սպասելի-անակնկալ արտաքին ռիսկ, որը Հայաստանում ամեն ինչ կարող է մեկ օրում տակնուվրա անել։ Նաև այս սցենարի համար է շատ կարևոր ունենալ ոչ իշխանական սոլիդ ինստիտուտներ, կայացած միավորներ։ Սա գործ է, որ պետք է այսօր արվի. չանելը նշանակում է կա´մ չհասկանալ իրականությունը, կա´մ հետապնդել լրիվ այլ շահեր։

 

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031