Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն համարո՞ւմ է, որ իրեն էլ էին «կուտ տալիս»․ Ջհանգիրյանի եւ Վիկտորինի լուսանկարը՝ ԵՄ գրասենյակի առաջ

Հուլիս 04,2022 12:40

Դիմադրության շարժումն այսօր Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաք իրականացնեց եւ երթով շարժվեց դեպի ՀՀ-ում ԵՄ դեսպանատան գրասենյակ։

The protest action of the ‘Resistance’ movement took place near the office of the European Union of Yerevan, Armenia

«Ինչպես հայտնել էինք, Դիմադրության շարժման գործողություններում որոշակի փոփոխություններ են լինելու՝ ավելի ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու համար, բայց եւ ցույցերը շարունակական բնույթ են կրելու։ Առաջացավ գաղափար այսօր եւս հավաքվելու, պահանջարկը գաղափարակիցների մոտ եմ տեսնում, որ ցույցերը չպակասեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց․ «Այսօրվա գործողությունը կարեւոր է։  Ինչ քաղաքական հայացք էլ ունենա քաղաքացին, այսօր առարկություն չի ունենա, որովհետեւ շարժվելու ենք դեպի ԵՄ գրասենյակ։ Վերջին օրերին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրաժարական տվեց, ինչը շատ կարեւոր հանգամանք է, որ դատական համակարգն այսօր չունի ջհանգիրյանական ազդեցություն։ Սա դեօկուպացիայի է նման։ Նրա հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում։ Երեկ Արմավիր ՔԿՀ-ում էինք, որտեղ կան մարդիկ, որոնք դեռ կալանավորված են ջհանգիրյանական արդարադատության հիման վրա։ ԵՄ-ն ասելիք չունի՞։ Չտեսա՝ ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է, որ իր տված գումարներով դատական համակարգը հենց Ջհանգիրյանի երեսով է հանդես գալիս։  ԵՄ-ն համարո՞ւմ է, որ իրեն էլ էին «կուտ տալիս»։ Վստահեցնում եմ, որ եթե նախկինում հրապարակվեր այդ ձայնագրությունը, եւ հանրային արձագանք չլիներ, Ջհանգիրյանը շարունակելու էր պաշտոնավարել»։

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո ԵՄ-ին պետք է նաեւ հարցնել, թե ինչո՞ւ պատժամիջոցներ չի կիրառում այն փաստի առիթով, որ Ադրբեջանը մինչեւ հիմա պահում է հայ ռազմագերիներին․ «ԵՄ-ն չունի՞ անելիք կամ ասելիք՝ գոնե ձեւական։ Չեմ տեսել, որ ԵՄ-ն ասի, թե Ադրբեջանը գործընկեր չէ, հակառակը, ասում է, որ գործընկեր է, ուրեմն՝ պետք է հասկանալ։ Բացի այդ, Փաշինյանը խոսում է պատերազմի սպառնալիքի, ռազմագերիների մասին, եւ հաջորդ օրը ԱԺ-ն ի՞նչ է անում․ պաշտոններից զրկելու հարց է քննարկում»։

The protest action of the ‘Resistance’ movement took place near the office of the European Union of Yerevan, Armenia

Նկատառմանն ի պատասխան, որ վերջերս էլի բողոքի ցույցեր են եղել ԵՄ գրասենյակի առաջ, բայց իրավիճակ չի փոխվել, Վարդեւանյանը շեշտեց․ «Հանրային դաշտում գուցե, բայց ոչ հանրային դաշտում դրանք լավ էլ ստացել են արձագանք։ Լավագույն օրինակը ծանր վիրավորանքի ապաքրեականացումն է»։

The protest action of the ‘Resistance’ movement took place near the office of the European Union of Yerevan, Armenia

Երթի մասնակիցները ԵՄ գրասենյակի առաջ տարան դեսպան Անդրեա Վիկտորինի եւ Գագիկ Ջհանգիրյանի համատեղ լուսանկարից մեկը։ Արամ Վարդեւանյանը հայտարարեց․ «Ժողովրդի ոտքի կանգնելու պայմաններում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։ Կարեւոր է, որ ԵՄ դեսպանը եւ դեսպանատունը դիրքորոշում չեն արտահայտել այս լուսանկարի վերաբերյալ։ Համարենք, որ ԵՄ դեսպանը տեղյակ չէր այդ ձայնագրության մասին կամ չգիտեր, թե արդարադատության մասին ինչ պատկերացումներ ուներ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա դատական բոլոր բարեփոխումների կատարող է եղել այս մեկ տարում, կալանքների հետեւում կանգնած է եղել այդ մարդը։ ԵՄ դեսպանն ասելիք չունի՞ այդ բարեփոխումների մասին, այլապես նա կիսում է Գագիկ Ջհանգիրյանի բոլոր արարքները։ ԵՄ-ն չի տեսնո՞ւմ, թե ՀՀ-ում ինչ է կատարվում, դիրքորոշում չունի՞։ Մենք մեր նպատակներին հասնելու ենք։ ԵՄ դեսպանատունն ուզի թե ոչ, առանց Նիկոլ Հայաստան լինելու է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031