«Ես ունեմ տեղեկություն, բայց ինքս չեմ խոսի։ Կարծում եմ՝ ենց Արթուր Ղազինյանը դրա մասին կխոսի, բայց դրանում որեւէ խնդիր մի տեսեք։ Հարցը խնդրով չէ պայմանավորված։ Ճիշտ կլինի՝ մեր գործընկերը կարծիք հայտնի»,-Դիմադրության շարժման այսօրվա հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ցանկանում է մանդատը վայր դնել՝ ասաց նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ Քիչ անց հրապարակվեց Արթուր Ղազինյանի հայտարարությունը՝ մանդատը վայր դնելու մասին։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խմբակցությունում առհասարակ մանդատները դնելու քննարկումներ կա՞ն։ «Այդ հարցի վերաբերյալ մենք մշտապես պարզ դիրքորոշում ենք ներկայացրել։ Մանդատը ծառայում է ընդդիմադիր գործունեության կարեւոր օրակարգին՝ վարչապետ ընտրելուն։ Դա վերջնարդյունքն է։ Դրա համար պետք է ունենալ մանդատ։ Մյուս կողմից, ի՞նչ հետեւանքի է դա բերում։ Ըստ սահմանադրության՝ ԱԺ-ն պետք է համալրված լինի, այդ թվում ընդդիմադիր քվոտաներով։ Փոխխոսնակի պաշտոնը, սակայն համալրված չէ։ Սահմանադրության խախտում է, մինչդեռ իշխանությունը հպարտորեն խոսում է այդ մասին։ Եթե այս իշխանության պայմաններում մանդատը վայր ենք դնում, դա խնդիր առաջացնո՞ւմ է։ Իրենց համար անգամ նոյեմբերի իննը խնդիր չի առաջացնում։ Իրենց համար խնդիր չի այն, որ ըստ այդ փաստաթղթում գրված չէ, թե Բերձորը պետք է հանձնել»,-պատասխանեց Արամ Վարդեւանյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը, որ ընդդիմությանը չի հաջողվել իր քաղաքական գործընթացն ավարտին հասցնել, հետեւաբար՝ պետք է մանդատները վայր դնեն, Արամ Վարդեւանյանն առաջարկեց․ «Թող մանդատներից զրկելու գործընթացը սկսեն ինձանից։ Այդ հարցում մենք կաշկանդվածություն չունենք։ Որպես իրավաբան եթե իմանայի, որ մանդատները դնելը հետեւանք է ունենալու․․․ԱԺ-ն միահեծան կառույցի է վերածվել, ինչը քաղաքական ճգնաժամի է բերում։ Լուծումն առանց Նիկոլ Հայաստանն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ