Ավարտվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 1200-ից ավելի հայտ Հայաստանի և Արցախի շուրջ 170 քաղաքային և գյուղական բնակավայրերը ներկայացնող վարպետներից։
Հայտեր ստացվել են մրցութային բոլոր 12 ուղղություններով: Հիշեցնենք, որ 12 ուղղությունները որոշվել էին մրցույթի կայքում շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով: Ուշագրավ է, որ ամենաշատ հայտերը ներկայացվել են զարդագործ, դերձակ/ասեղնագործ, խոհարար, կահույքագործ/փայտագործ, ավտոմեխանիկ մասնագիտությունների համար:
«Ուրախալի է, որ մրցույթը նման մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շատ կարևոր է, որ հայտեր են ստացվել Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից: Մենք հենց դա էլ ցանկանում էինք, որպեսզի մրցույթը «հասներ» բոլորին, որովհետև յուրաքանչյուր մարզում, բնակավայրում կան իրենց յուրահատուկ ոճով աչքի ընկնող վարպետներ: Մեր հանրությունը պետք է ճանաչի նրանց, և մենք պետք է կարողանանք պահպանել այդ առանձնահատուկ ժառանգությունը: Մրցույթի նպատակը վարպետներին խրախուսելն է, որպեսզի նրանք զգան, որ գնահատված են, շարունակեն իրենց գործն ու երիտասարդ սերնդին փոխանցեն իրենց հմտությունները: Սեփական գործի նկատմամբ սիրով է սկսվում ոչ միայն ընտանիքի ու համայնքի, այլև երկրի բարեկեցությունը»,-ասել է մրցույթի նախաձեռնող, TUF բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ընտրող հանձնաժողովը և մրցույթի կազմկոմիտեն հուլիս ամսվա ընթացքում կամփոփեն ներկայացված հայտերը՝ ընտրելով մրցույթի 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի։ Ընտրված 24 վարպետները կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին:
Կարդացեք նաև
Ընտրող հանձնաժողովի կազմում են «Varpet.com» հարթակի համահիմնադիր և տնօրեն Արսեն Մնացականյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիայի տնօրեն Սեդրակ Մամուլյանը։
Լավագույն թեկնածուներին որոշելիս՝ հաշվի են առնվելու վարպետի լրացրած կենսագրական թերթիկն ու մասնագիտական գործունեությունը ներկայացնող տեսաուղերձը: Առավելապես ուշադրություն է դարձվելու վարպետի/պորտֆոլիոյի պատմությանը, նրա աշխատանքների բարդության/պրոֆեսիոնալիզմի աստիճանին, ինչպես նաև վարպետի՝ մրցույթի հաղթող դառնալու ցանկությանն ու նպատակներին։
Մրցույթի շրջանակում հետագա առաջադրանքների ձևակերպման համար ներգրավվելու են նաև 12 խորհրդատուներ (յուրաքանչյուր մասնագիտության համար 1 խորհրդատու), որոնք կօգնեն վարպետներին մրցույթի ընթացքում իրենց մասնագիտական խնդիրները լուծելու հարցում։
Մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու է աշնանը «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ: Օգոստոսին կսկսվեն հեռուստաշոուի նկարահանումները։
Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։
«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը:
Մրցույթի նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է:
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամ