Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենի՛ք, սերդ կրակե շապիկ է, հագնում եմ վառվում եմ, հանում ՝ մեռնում եմ»․ Վարդգես Պետրոսյան-90

Հուլիս 04,2022 10:24

ԱՆՑԱՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԻՐԱԿԻՆ,

ՎԱՂԸ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ Է`

ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Այո՛, կա անկախ պետությունը:

Կա Հայաստանի Հանրապետությունը` անկախ ու ինքնիշխան:

Կա պետական երկունքի ցավագին գալարումներով. դժվարությունների, պրոբլեմների իր բեռով. ժողովրդի դժվար կյանքով, աշխարհի հզորների դիվանագիտական խաղերի ու շահերի երերուն բախումներով:

Կա լեռան կարոտը` ոգով, զենքով ու տոկունությամբ` պետությունը վերածնելու հավատով:

Կա մարտնչող Արցախը` որդի – որպես դեպի մայրը ձգտող իր անդավ սիրով ու աննվաճ ոգով:

Եվ կա սփյուռքը` կենսունակ, զորացնող, Հայաստանի ու Արցախի պայքարին ապավեն:

Ուրեմն, ինչպես բանաստեղծն է ասել. «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

Մենք ապրող ժողովուրդ ենք եւ թող նույնիսկ անցած տառապանքների ու կորուստների հիշողության ցավը ոչ թե թուլացնի, այլ զորացնի մեր հավաքական ոգին, միտքը, նաեւ բռունցքը:

Այո՛, Հայոց Անկախ Պետականություն:

Տեսիլք:

Երազանք:

Տեսիլքներ եւ երազանքներ…

Ոչ՛, անկախ պետությունը այսօր տեսիլք չէ, եւ երազանք չէ, այլ իրավաբանորեն աշխարհի երկրների կողմից ճանաչված փաստ:

Ուրեմն` մեզ մնում է սեւագործ աշխատանքը:

Լեհերը սիրում են դառը կատակել. «Ամեն լեհ պատրաստ է կյանքը զոհել հայրենիքի համար, բայց աշխատել, երբեք»: Այնպես անենք, որ մեր ազգային բնավորության մեջ նույն սաղմը չաճի: Մենք պետք է մեր պետության սեւագործ աշխատողները դառնանք, ազգովի, միասին:

Մենք պիտի պետություն սովորենք:

Հոգեբանորեն պատրա՞ստ ենք սեփական պետության օրենքներին, մեր կամքի սահմանափակումներին:

Ոմանք ասում են, որ պետությունը մոր գուրգուրող ձեռքը պիտի լինի – պետ՛ք է, որ լինի: Բայց պետությունը անհրաժեշտության պահին հոր սաստող ձեռք պետք է լինի:

            Ուրեմն` սիրել եւ վախենալ կամ վախենալ, բայց սիրել:

            Մի իմաստուն ասել է. «Օրենքն առանց ազատության` մահ է, բայց ազատությունն առանց օրենքի` կրկնակի մահ է»: Հանկարծ չձգտենք ապրել այդ ժամանակը` ազատություն` առանց օրենքի:

            Այո՛, Հայոց անկախ պետականությունն այսօր տեսիլք ու երազանք չէ, այլ պատմական իրողություն: Ուրեմն գուրգուրենք մեր պետությունը, դառնանք նրա հավատարիմ զինվորները եւ որդիները:

 

Երկիր Նաիրի #17

 

Այսպես էր մտածում մեծ հայրենասերը «… անցավ անկախության կիրակին, վաղը երկուշաբթի է, պետք է աշխատել»: Ցավոք, ոչ միայն չաշխատեցինք, այլ ընդհակառակն՝ քանդեցինք, ծվեն- ծվեն արեցինք մեր սրբազան երկիրը: Թշնամու նման, թշնամուց էլ վատ: Եվ ի՞նչ… հիմա վայելում ենք: Մենք- մի բուռ, բզկտված, անմիաբան: Մի ամբողջ սերունդ նահատակվեց: Հրապարակներում դավադիրներ, գողեր ու մարդասպաններ: Կառավարության մեջ, երկրի գլխին, դավաճաններ: Բոլոր բառերն իրենց տեղում են, ցավոք:

 

 Հայրենի՛ք, սերդ կրակե շապիկ է, հագնում վառվում եմ, հանում` մեռնում եմ …

Ջիվանի

 

1986 թվական: Երեւան, դեկտեմբերի 25, տպագրության ստորագրվեց Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» վեպը: Սովետական Գրող հրատ, համար մեկ տպարան

Գիրքը շուտով լույս տեսավ եւ … սկսվեց հիացմունքի, նախանձի եւ հալածանքների մի ամբողջ շղթա: Գրքի մի քանի օրինակ որոշ «վայ» հայրենասերների ձեռքով կրակի տրվեց Հայաստանի Գրողների միության շենքի առջեւ, որի նախագահն էր Վարդգես Պետրոսյանը:

           Վարդգես Պետրոսյան. հեղինակ բազում տաղանդավոր, ինքնատիպ, փնտրված ու գնահատված գրքերի, նաեւ հրապարակախոսական չգերազանցված հոդվածների:

Կազմակերպչական եւ ստեղծագործական նվաճումների հասած գրական, հասարակական, քաղաքական գործիչ, որը հայտնի էր ոչ միայն հայրենիքում: Գրողը, իսկական գրող, որի ստեղծագործությունները միշտ արդիական են եղել, փորձել էր իր ժողովրդի սահմռկեցուցիչ ողբերգության` 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման նոր ուղիներ գտնել եւ ոճրագործների նոր սերնդի հետ շփման եզրեր փնտրել:

«Երկիրը երկու հարեւանով տուն չի, որ վատ հարեւանի պատճառով ծախես, գնաս մի ուրիշ փողոց կամ քաղաք, նոր տուն առնես… Կպած ապրում ենք ու պիտի ապրենք մինչեւ Ահեղ Դատաստան…»,- Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»:

Շատերը դա չլսված խիզախություն համարեցին, շատերը Վարդգես Պետրոսյանի ստեղծագործական գործունեության տրամաբանական շարունակությունը: Ոմանք շփոթության մեջ էին. վեպի հերոսները` երկու երիտասարդ, մեկը ազգությամբ հայ, մյուսը` թուրք, զրուցում են.

«Ուրեմն, ի՞նչ մենք մարդասպանների ա՞զգ ենք»,- տագնապով հարց է տալիս Էնիս Բեյը:

«Ո՞վ ասաց, իսկ Մուսաֆա Նեդի՞մը: Նրա գրքում հիանալի թուրքեր են, անգամ նահանգապետ, վալի. ովքեր հրաժարվել են հրամաններ կատարել»:

Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»

 

Վարդգես Պետրոսյանը մեծ դիվանագետ էր։ Նա ցույց էր տալիս, որ թշնամու տունը նախ ներսից պիտի քանդես, այնտեղ բարեկամներ գտնելով։ Ուրախալին ու մի քիչ էլ զարմանալին այն էր, որ նույնիսկ միջին ընթերցողը ճիշտ հասկացավ Վարդգես Պետրոսյանին: Նախ եւ առաջ` ակնածանք ու հավատ ունեցողները գրողի նկատմամբ: Վկա այն բազում նամակները, որոնք այժմ արխիվում են: Հայ գրականության պատմության մեջ Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Կրակե Շապիկ» վեպը, թե՛ այն ժամանակ, թե այժմ կարելի է ասել եզակի գործերից է, այն էլ այդպիսի թարմ, անսովոր, հանդուգն մտածողությամբ: Այն դեպքում, երբ ժամանակին որոշ հայ գրողներ գտնում էին, որ Եղեռնի մասին չի կարելի է գրել, այդ թեմային ընդհանրապես չպետք է անդրադառնալ: Որոշ բանաստեղծներ լացակումած ոտանավորներն էին գրում` «մեզ ջարդել են, մեզ մորթել են»: Խեղճ, ստրկամիտ մտածողություն, էժան հեղինակություն կորզելու մարմաջ: Ոմանք պատեհ անպատեհ ատելության լցված պաթետիկ ճառեր էին արտասանում: Կար նաեւ այսպես կոչված «ցավի գրականություն», «կարոտի գրականություն», «ազնիվ գրականություն». Քոչար, Մահարի, ավելի երիտասարդներից` Մուշեղ Գալշոյան և, իհարկե, Շիրազի պես հսկան: Երիտասարդությունը այլ կերպ էր նայում պատմությանը. կարելի է արդյո՞ք այդքան սիրել վիշտը – միմյանց սիրեք …

 Եվ հանկարծ Վարդգես Պետրոսյանը գտնում է բանալին. «Ատելությունը ճանապարհ է դեպի ոչմիտեղ: Բայց ատելության մյուս երեսը սեր չէ անպայման»:

 Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»

 

Գրչակից ընկերները, մեր մեծերը` Սերո Խանզադյան, Վահագն Դավթյան, ավելի երիտասարդներից` Պերճ Զեյթունցյան այսպես արձագանքեցին.

-Վարդգես ջան, չեն հասկանա:

-Մի քիչ չե՞ս շտապել:

– Վտանգում ես հեղինակությունդ, բայց ճիշտ ես:

-Ճիշտ ժամանակին է, թեպետ ես չէի համարձակվի, դժվարին կացության մեջ ես դնում քեզ:

«Ազգադավ»,- հայտնվեց պատվերով ելույթ ունեցող մեկը, որ իբր թե գրող էր:

Անունն էլ չեմ ուզում տալ: Թե որեւէ մեկը չգիտի` ավելի լավ: Չէի ցանկանա, որ ժողովուրդն իմանա, որ այդպիսի վայ գրողներ էլ են լինում: Թեպետ մեր պատմության մեջ կան թուղթ մրոտողների ուրիշ օրինակներ, որոնք մատնել, բանսարկել, կործանել են իսկական հաճարներին` Չարենցին, Բակունցին, Սեւակին…:

Բայց թեպետ ճիշտ ընկալվեցին Վարդգես Պետրոսյանի գաղափարները, որ սառը ցնցուղի նման զգաստացրեց, մտավորականությունը հիմնականում լուռ մնաց: Դրա փոխարեն ազգադավ-հացկատակները աննկարագրելի ատելությամբ փրփուրները բերաններին ջարդ ու փշուր արեցին ազնիվ խոյանքը, գրողի գաղափարները աղավաղելով: Շատերը չհասցրին գիրքը կարդալ եւ առաջնորդվում էին կրակի պես թափվող լուտանքներով: Ինչպե՞ս էր համարձակվել Վարդգեսը այսքան խելոք ու խիզախ լինել: Ինչպե՞ս էր համարձակվել: Ունեցած փառքն արդեն դժվարամարս էր շատերի համար: Սա արդեն չափազանց էր: Այն էլ այդ բախտորոշ ժամանակներում այդպիսի հեղինակությունը շատ վտանգավոր էր … Հարկավոր էր դեմն առնել, որպեսզի հետո հնարավոր լիներ ժողովրդին շեղել ճիշտ ճանապարհից: Ժամանակները հղի էին անկանխատեսելի հետեւանքներով: Մեծ իմպերիայի փլուզում, ազգային զարթոնք, Սումգայիթ, երկրաշարժ… շատ ժամանակ չի անցել, երեկվա դեպքերն են:

Հուլիս 1988 թիվ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդլայնված նիստ` նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին` սումգայիթյան եղեռնագործության արյունալի դեպքերի վրա:

Վարդգես ՊետրոսյանՄիխայիլ Սերգեւիչ, ինձ մինչեւ հիմա միամտորեն թվում էր, թե «ցեղասպանությունը» այն բառերից է, որի կշիռը ես լավ գիտեմ: Այս բառի կշիռը գիտի ամեն հայ: Եվ Ցեղասպանությունը հայերը բառարանից չեն սովորել: Դա մեր պատմությունն է: Ես եւս Ցեղասպանության զավակ եմ, այնպես որ, ինչ-ինչ, այդ բառը պետք չէ ինձ սովորեցնել: Երբ մարդկանց սպանում են որոշակի ազգային պատկանելության համար, դա ցեղասպանություն է, Միխայիլ Սերգեւիչ:

Առարկել Միխայիլ Գորբաչովին` Խորհրդային բիրտ մեքենային դեմ-հանդիմա՞ն: Այսօր հեշտ է եզրակացություններ անել, իսկ երե՞կ: Երեկ անհայտ էր, թե ինչ կարող է լինել- բայց Վարդգես Պետրոսյանն անկոտրում էր: Նա այնքան միամիտ չէր, որ չհասկանար հետեւանքները, սակայն հուսով էր, որ թիկունքը դատարկ չի մնա, որովհետեւ կային իր նման մտածողներ` հայ ժողովրդի իսկական զավակներ. Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Համբարձումյան եւ շատ ուրիշ պայծառ դեմքեր, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Կարողացան շեղել ազնիվ շարժումը: Դրա համար էլ սկսել էին… Ավելորդ անգամ հիշեցնեմ, որ հայ գրողը դատապարտված է իր գրականության մեջ ոչ միայն գեղագետ լինել, այլ նաեւ քաղաքական գործիչ: Երանի ապրենք այն ժամանակները, երբ հայ գրողը հնարավորություն կունենա իր ստեղծած գրականության մեջ լոկ գեղագետ լինել` համաշխարհային, համամարդկային գրականության ներկայացուցիչ:

Ահավասիկ` գրականագետ Սերգեյ Սարինյանի գրախոսությունից մի հատված. «Եղեռնի սարսափների մասին այս վկայությունները բացառիկ արժեք են ներկայացնում ոչ միայն այն իրողությամբ, որ արվում են պետության ներքին գաղտնիքներին տեղյակ թուրք պաշտոնյայի խոստովանությամբ, այլեւ որ դրանց հեղինակը, սուլթան Համիդի երբեմնի քարտուղար Մուստաֆա Նեդիմը, դատապարտելով պետական վերնախավի դավադիր քաղաքականությունը` համակրանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ եւ նույնիսկ վտանգելով իր կյանքը, փրկում է մահվան դատապարտված բազմաթիվ հայ գերյալների: Ուրեմն իմանանք, որ այս տեսակն էլ եղել նրանց մեջ»:

Գրական թերթ «Կրակե շապիկ» 09-01-1987

Այսպես, ժամանակին Վ. Պետրոսյանը ճիշտ ուղիներ էր մատնանշում իր ժողովրդի համար, կոչ էր անում թոթափել «տրեխավոր», «գոմահոտ» հայրենասիրությունը, որ մեզ հետ էր տանում: Իսկ մենք քաղաքակիրթ ապագա ունեցող ժողովուրդ ենք:

…Լռեցրին մտավորականի ձայնը:

… Լռեցրին ճշմարտության ձայնը: Իսկ հետո եղավ այն, ինչ դուք հիմա ավելի լավ գիտեք: Հիմա՛, բայց այն ժամանակ չլսեցինք, ականջալուր չեղանք: Տեր չկանգնեցինք Վարդգես Պետրոսյանին ու նրա գաղափարներին, նաեւ նրա նմաններին, որոնց կորցրինք անդառնալիորեն: Սակայն գրողի կորուստը, ինչպես հողի կորուստը անդառնալի չէ: Անդառնալի չէ, որովհետեւ հողը սպասում է իր տիրոջը, հավատացե՛ք, սպասում է: Իսկ գրողը անմահ է իր ստեղծածով, ինչպես մեծ բանաստեղծը կասեր` իր գործով. «Որեւէ հայ եւ թուրք չեն կարող միայն երկուսով լինել: Նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը` պատմությունը»:

Ոչ մեկն ականջալուր չեղավ: Ծայրահեղ անտարբերություն կամ պոռոտախոսություն: Ինչպես Մուշեղ Գալշոյանն է գրում իր պատմվածքներից մեկում. «… գյուղի շները զայրացած գռմռացին, բներին կպած հաչեցին ու սուտմեռուկ տվին»:

Պետական այրերը ծայրահեղ քայլեր արեցին- մոռանալով երրորդը- պատմությունը։ Հիշենք տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտությունը։ Ի՞նչ ենք անում մենք: Այսօրվա պատկերը- անտրամաբանական, անմարդկային, երբևէ չարդարացվող, կամովին ինքնասպանության գնացող խառնամբոխ:

Սիրելի Վարդգես: Չեմ ցանկանում ավելի ու ավելի դառնացնել քեզ: Դու, իհարկե ենթադրում էիր, զգում էիր վտանգները, սակայն հաստատ ոչ այսքան դաժան ու մերկապարանոց ու ցինիզմի հասնող ինքնագոհ անտարբերությամբ:

2019- ին, երկու տասնամյակ անց, վերջապես այցելեցի Հայաստան- Աշտարակ: Վարդգես Պետրոսյան փողոցով՝ որտեղ և հուշարձանդ է, բարձրացա տուն: Հետո այցելեցի գերեզմանիդ: Շոգ էր, օգոստոսի 9- ին : Շատ շոգ էր Աշտարակում: Դստերդ՝ Լիլիթի, նրա ամուսնու՝ Արմենի, զավակների, թոռներիդ, որոնց չես տեսել, Դանիելայի և Տիգրանի հետ սրտառուչ հավաքույթ ունեցանք մեր տանը: Աշտարակի ղեկավարության ներկայացուցիչները ևս մասնակից էին: Մոսկվայից եղբորդ դուստրը ՝ Նունեն էր աղջկա հետ: Տիգրանը, մյուս եղբորդ որդին տիկնոջ հետ: Սևակի ընկերները: Լիլիթի ընկերները, իմ լավագույն ընկերուհին՝ Ռուզաննան Բաղդասարյան և էլի շատերը… Մեր տունը կանգուն է: Նոր ծառեր ենք տնկել… Ինչպես ապրեցիք, ինչպես դիմացանք այսքան արհավիրքների:

Սոնա Տիգրանյան–Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ահա մի հատված «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցից: Ճիշտն ասած՝ գնացի, որովհետև Սևակի ընկերը՝ Դիմա Պիսարենկոն, Միխայել Օվչիննիկովի թոռն է` «Sputnik Արմենիա»–ի տնօրենը: Բնական է, զրույցը քո մասին էր: Նաև ՝ այսպես կոչված «թավշե հեղափոխության»: Հենց առաջին օրերից  թեպետ շատ էի ցանկանում հավատալ, բայց պարզ տրամաբանությունն ուրիշ բան էր հուշում: Հարցում ուղարկեցի ֆեյսբուքյան մոտ 4000 օգտատերերի: Արձագանքները շատ չէին. շփոթմունք կար, խրախուսանք՝ հեղափոխության մասին իմ գրելու ցանկությանը: Ուշագրավը, սակայն Հայաստանից արձագանքներն էին: Ոստիկաններ, պաշտոնյա, զինվորներ, որոնք ամբողջ գումարտակով լքել էին ծառայության վայրն ու միացել հեղափոխությանը: Մեկ- երկու օր անց, երբ ժողովուրդը դեռ հրապարակում էր, զինվորներից մեկը դառնությամբ գրեց. «… սուտ է, մեզ խաբել են»: Իհարկե, օրինակներ չբերեցի, բայց ասացի, որ իսկական հեղափոխություն կուզենայի, ոչ այս թավիշը -հաղորդավարի և Դիմայի համար հատկապես, անցանկալի իրավիճակ չստեղծելով՝ հիշեցի քո խոսքերը. «դե՝ ինչպես Վարդգեսը կասեր՝ բոլորս քաղաքագետ ենք, գուցե իրենք մի բան գիտեն… կուզենայի սխալված լինել»

Այն ժամանակ դեռ շատ քչերն էին, որ չհավատացին թավշե հեղափոխությանը: Բայց շատ չանցած այսպես կոչված հեղափոխականները կամաց- կամաց ցույց տվեցին իրենց իրական դեմքը: Այժմ այս իշխանությունը անթաքույց ծառայում է Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին: Թուրքերն իրենց ծրագրի տերն են: Մենք՝ հլու հպատակ, մոռացած երրորդը` պատմությունը, խաղաղության դարաշրջան ենք բացում մեր ոխերիմ թշնամիների հետ:

Ասեմ, որ հիմնականում Հայաստան գնացի դասագրքերի կապակցությամբ, քանի որ նախարարության համապատասխան հանձնաժողովը դրական կարծիք էր գրել: Մեր ծրագիրն ամբողջությամբ կատարել եմ. հինգ գիրք դասական առումով և վեց ՝ էլեկտրոնային: Այն ժամանակ մենք երազում էինք, հիմա դա իրականություն է և մի բան էլ ավելին՝ ինտերակտիվ: Այնպես, որ կարող ես հանգիստ լինել և բոլոր նրանք, ովքեր այդ ծրագրի հեղինակներն էին: Զավեշտականն այն է, որ այժմ նախարարությունը ոչ մի կերպ չի ուզում հիշել այդ ընդունված դասագրքերի մասին: Բանն այն է, որ որոշումը ուրախությամբ ընդունվել է , քանի որ մարդիկ հավատացել են բարեփոխումների խոստումներին: Ասեմ, որ հանձնաժողովում նաև դասագրքերի հեղինակներ են, որոնց գրքերը փոխարինվում են մեր նոր ծրագրով: Այսինքն` նրանք ուրախ են, որ վերջապես ճիշտ գրքեր են ներկայացվում մեր դպրոցներին: Այն, ինչ գրել են իրենք, գիտեն, որ թերի է, բայց ներկայացրել են անցնող, ընդունելի տարբերակը: Իսկ այսօր իրականությունը փոխվել է: Բայց փոխվե՞լ է արդյոք: Ոչ միայն չի փոխվել, այլ ավելի վատթարացել է: Չես հավատա աչքերիդ՝ եթե կարդաս այս նորելուկների « բարեփոխումները», «չափորոշիչները…»:

Գիտեմ, դառնացնում եմ քեզ, բայց այս է իրականությունը:

Ժամանակը թռչում է: «Կրակե շապիկը» այրեցին 1987 թվականին:

«Կրակե շապիկ» վեպը երեկ, այսօր եւ վաղը դիվանագիտության, ողջախոհության, սթափ հայրենասիրության դասագիրք է: Ճիշտ գնահատենք մեր մեծերին, ժամանակին գնահատենք: Այսօր իրականություն է այն` ինչի անհրաժեշտությունը զգում, հասկանում էր կրակե շապիկ հագած մարդը` Վարդգես Պետրոսյանը:

«Հայրենի՛ք, սերդ կրակե շապիկ է, հագնում եմ վառվում եմ, հանում ՝ մեռնում եմ»: Այսօր շատերս ենք կրակե շապիկ հագել, ազգովի: Պիտի կարողանա՞նք գտնել ելքը, պիտի կարողանա՞նք դուրս գալ այս կրակե օղակից…

Հիշենք պատմությունը: Երբ մեր շատ տաղանդավոր գրողներից մեկը որդուն հանուն հավատքի մոր դեմ է հանում, երբ մեկ ուրիշ ոչ պակաս տաղանդավոր բանաստեղծուհի գրում է- քո կապույտ աչքերի համար իմ Մասիսն էլ կտամ-, երբ բոլոր ժամանակների ամենաքնքուշ պոետը գրում է- ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար՝ ես ընդվզում եմ, լավ հասկանալով, որ դա գեղարվեստական հնարք է՝ ընդգծելու համար սիրո մեծությունը առ հավատք, առ հայրենիք, առ սիրած էակ: Բայց միևնույնն է՝ ընդվզում եմ, քանզի մեկ բարձր բարոյական արժեք հաստատելու համար պարտադիր չէ, ավելին, սխալ է անցնել մեկ ուրիշ բարձր բարոյական արժեքի վրայով: Այս խնդիրը միշտ խռովել է միտքս ու հոգիս: Բայց, երբ տարիներ առաջ Վիլյամ Սարոյանի հետ Երևանում դիտում էինք Սերո Խանզադյանի «Հուսո աստղը» ֆիլմը՝ հասկացա , որ սխալն իմ մեջ չէ… Սարոյանը թափով ելավ տեղից, երբ հայոց թագուհին խեղդում է իր զավակին՝ թշնամու ձեռքը չտալու համար: « Ասիգա սխալ է, տար ինձի , չեմ ուզեր այլևս հոս մնալ…»: Հանճարեղ մարդ էր, հանճարեղ գրող լինելը գիտեք: Հաստատ կա ճանապարհ՝ առանց այս դիվային երկընտրանքի:

Ես գտել եմ մեր բոլոր ողբերգություններ պատճառն ու բանալին: Հստակեցնենք մեր բարոյական իսկական արժեքները և սրբությամբ հետևենք: Առողջանանք այս կեղծ բարոյականության ու ճշմարտության հիվանդությունից. այս անբարոյական երկընտրանքից: Վեր կանգնենք, ամեն բան իր տեղում տեսնենք ու պաշտպանենք: Պաշտպանենք հրով ու սրով ու առողջ մտքով: Մնացածը՝ խաբեություն է …Մնացածը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:

Այսօր մենք հոգեթերապիայի ժամանակը չունենք ցավոք: Մեզ վիրաբույժ է հարկավոր: Մաքրվենք, որ առողջանանք: Դու ասում էիր` բարությունը անպաշտպան է: Չպետք է անպաշտպան լինի:

Բարությունը- սեր է, հավատք է, Երկիր է, որ պիտի պահենք աչքի լույսի պես: Այսօր, ես օվկիանոսից այն կողմ, օտար երկրում ծվարել եմ ամենաբարձր սարի գլխին, որ հիշեցնում է Քասախ գետի ափամերձ ժայռերի գլխին կանգնած Աշտարակի մեր տունը: Եթե որևէ անցանկալի անձ համարձակվի խանգարել իմ անդորրը, ես իրավունք ունեմ ամենախիստ ձևով պատժել այդ ինքնակոչին և օրենքն իմ կողմն է: Ինչո՞ւ պիտի ես, ի՛մ հայրենիքում, ի՛մ տունը նորից ինքս ինձնից գնեմ… աճուրդով: Զավեշտ է: Հետո տարիներ շարունակ հեռվից հեռու հազար կտոր լինեմ իմ օջախը պահպանելու համար: Հավատա, շատ դժվար է, սակայն ես պահում- պաշտպանում եմ իմ «Բերդաթաղը», չիմացողների համար ասեմ, որ այդպես են անվանում աշտարակցիները ժայռերի գլխին տարածված այդ թաղամասը: Ինչպե՞ս է, որ ես կարողանում եմ պահել իմ մի ոտնատեղ հողը, իսկ մենք՝ միասին չենք կարող պահել մեր մի բուռ Երկիրը: Ուրեմն՝ Բարությունը պիտի պաշտպանել այնպես, որ թշնամին չհամարձակվի մտածել անգամ սահմանն անցնելու մասին:

Քո երազանքների ժամանակը գալու է:

Գալու է:

Ծնունդդ շնորհավոր, Վարդգես:

 

 ՍՈՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ – ՊԵՏՐՈՍՅԱՆ

 հուլիս, 2022

 Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031