Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցույց են տալիս, բայց չեն տալիս». հում որոշումներ

Հուլիս 04,2022 14:00

2021թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի ծրագրին միացել են «Արդշին-Բանկը», «ՀայԲիզնեսբանկը»… Իսկ այլ բանկերից օգտվողները չեն կարող դառնալ այս ծրագրի շահառուներ։ Վերջիններիս խորհուրդ էին տալիս մեկ ամսում փոխել իրենց բանկը։

Միանշանակ է, որ այս որոշումը հում է ու թերություններով լի: Ինչո՞ւ մեր երկրի սահմանադրությամբ ու համապատասխան օրենքներով գործող տեղական բանկերը չեն ենթարկվում կառավարության որոշմանը, մինչդեռ թոշակի անցնելիս թոշակառուին տեղեկացնում էին, որ կառավարությունը համագործակցում է տեղական բոլոր բանկերի հետ, բացի մի 2 արտասահմանյան բանկերից: Ինչո՞ւ մեր կենսաթոշակառուն ու հաշմանդամը պետք է իրեն արհամարհված զգա, սա ի՞նչ չար խաղ է։ Իսկ որեւէ կենսաթոշակառուի կարծիքը հարցրե՞լ են այս մասին։ Ես հարցրել եմ ու ոչ ոք գոհ չի այս խուճուճ մոտեցումից։ Ըստ զրուցակիցներիցս մեկի. «Սա տարբերակված վերաբերմունք է բանկերի նկատմամբ, անհարկի հերթերի առաջացում» (առանց այն էլ շարժվելու խնդիր ուներ): «Ինչո՞ւ ես պետք է տրանստորտով գնամ, որպեսզի գտնեմ այդ բանկերից մեկի մասնաճյուղը, հետո էլ գնամ սոցապ, երբ ես արդեն ընտրել եմ իմ բանկը», կամ՝ «Ավելացնել են ուզում, թող անմիջապես մեր թոշակներին ավելացնեին մի 3 հազար դրամ, ոչ թե խոսեն մինչեւ 5 հազարի մասին, որն էլ ցույց տան ու չտան»: «Ես առեւտուր եմ անում տանս մոտի կրպակներից, որոնք չունեն համապատասխան սարք, որը կֆիքսի իմ առեւտուրը»,- ասաց ձեռնափայտով, ինսուլտ տարած տղամարդը։ «Ի՞նչ թոշակ եմ ստանում, որ ի՞նչ էլ տոկոս գա, թող պահեն իրենց, հո միայն սուպերմարկետներից չենք առեւտուր անում»,-ասաց մեկ այլ տարեց քաղաքացի:

Փոքր կրպակատերերի ցավն էլ այլ էր՝ «ես գնում եմ գյուղացուց, նա որտե՞ղ է գրանցելու իմ առեւտուրը»։ Մի խոսքով՝ փորձում են ինչ-որ լավ բան անել, բայց ամեն անգամ ստացվում է ավելի վատ: Մյուս բանկերն էլ չեն բարձրաձայնել իրենց կարծիքը՝ կմիանա՞ն հետվերադարձի ծրագրին, թե՝ ոչ։ Հավանաբար դա խփում է նրանց գրպանին, իսկ ծրագրին միացած բանկերը, որ ենթադրաբար մեկ անձի է պատկանում, ըստ երեւույթին ունեն նախնական, չբարձրաձայնվող ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ ինչպես ասում են՝ «Կեսարի կինը կասկածից վեր է»։ Կենսաթոշակների ու նպաստների նման «բարձրացումն» առնվազն ծաղր է թոշակառուների ու հաշմանդամների նկատմամբ, չհաշված մանր կրպակատերերին:

Գ. Ա.

«Առավոտ» օրաթերթ
02.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031