Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի գորգերի թանգարանի հարցի լուծումը շատ պարզ ինդիկատոր է»

Հուլիս 04,2022 13:30

Արցախից փրկված գորգերն ասես «գլխացավանք» են դարձել, թանգարանի հարցը չի լուծվում

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանի ջանքերով Շուշիից տարհանված ու փրկված գորգերի ճակատագիրը կրկին մշուշոտ է: Գորգերը ժամանակավորապես հանգրվանել էին Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ թե հետո ինչ է լինելու նրանց հետ, որտեղ են պահվելու ու ցուցադրվելու, պարզ չէ: Օրերս խնդիրը քննարկվել է նաեւ Հանրային խորհրդում, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը՝ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Գառնիկ Մոմջյանը:

«Առավոտի» հետ զրույցում Վարդան Ասծատրյանը նշեց, որ քննարկումը «ծանր» է գնացել, որովհետեւ մասնակիցները լավ տեղեկացված չէին խնդրին, որոշ դեպքերում քննարկումն անառողջ բնույթ է կրել:

Վարդան Ասծատրյանն ասում է, որ քննարկման ժամանակ ինքը ներկայացրել է, թե ինչպես է հիմնադրել թանգարանը, ինչպես է այն գործել Շուշիում, ինչպես է հասցրել փրկել բացառիկ նմուշները, եւ ինչ ոդիսականի ու քաշքշուկի է արժանացել Հայաստանում: Հանրային խորհրդի անդամները որոշել են աշխատանքային խումբ ձեւավորել եւ նամակ պատրաստել՝ ուղղված կառավարությանը:
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը տարակուսանք է հայտնում, որ քննարկման ժամանակ ոմանք շեշտադրել են, թե թանգարանը մասնավոր է, այն դեպքում, երբ աշխարհի բոլոր ամենահայտնի թանգարանները մասնավոր են. «Ինձ թվում է՝ մեր թանգարանի պարագայում նման հարց չպետք է ծագեր, մեր թանգարանի խնդիրը պետք է միավորեր բոլորին»: Վարդան Ասծատրյանն ասում է, որ երբ 20 տարի առաջ հիմնադրում էր թանգարանը, մտերիմները զարմանում էին, որ այդ ամենն անում է իր անձնական միջոցների հաշվին, առանց կողմնակի աջակցության եւ պետական տենդերների. «Բայց ես գիտակցում էի, որ իրավունք չունենք կորցնելու այն գորգերը, որոնք կան բնօրրաններում՝ արցախցի ընտանիքների մոտ, որոնք չէին վաճառել գորգավաճառներին: Մարդիկ ինձ ճանաչելով՝ դրանք վաճառեցին ինձ, իմանալով, որ թանգարանի համար է: Քանի՜-քանի մարդ է հետո եկել թանգարան, տեսել իր գորգը կախված ու հուզվել… Ես Արցախի ժողովրդից ձեռք եմ բերել լավագույն գորգերը, ու ապշած եմ, որ հիմա հասարակությունը, կառավարությունը պատրաստ չեն, չեն ընկալում պահի լրջությունը: Ես Հանրային խորհրդի հավաքի ժամանակ էլ հարցրի՝ հիմա այդ պահը եկե՞լ է, թե՞ ոչ: Եթե մեզ հետ կատարվածից հետո դեռ չի եկել այդ պահը, ուրեմն մեր ազգը չի ուզում ապրել: Հոգեբանության մեջ տերմին կա՝ էնդոգեն փսիխոզ, երբ հին ազգերն այլեւս չեն ուզում ապրել, գնում են ինքնաոչնչացման, արդյոք մեզ մոտ է՞լ է այդպես: Շուշիի գորգերի թանգարանի հարցի լուծումը շատ պարզ ինդիկատոր է… Ուզո՞ւմ ենք ադրբեջանցիները ամեն ինչ յուրացնեն, պատրա՞ստ ենք նվիրել էդ մշակույթը, գորգարվեստը իրենց, թե՞ ոչ»:

Այժմ Շուշիի թանգարանի գորգերը գտնվում են Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, բայց մի քանի օրվա ընթացքում պետք է տեղափոխվեն: Մեր զրուցակցի խոսքով, ԿԳՄՍ նախարարությունը մի քանի տարբերակ է առաջարկել, որոնք հետո չեղարկվել են, սկզբում ասել են, որ հնարավոր է գորգերը տեղափոխել ԱԳՆ-ի առաջվա շենք եւ անգամ բացում անել մայիսի 18-ին՝ Թանգարանային գիշերվա առիթով, սակայն, չի ստացվել, չի հաջողվել հարցը կարգավորել Պատմության թանգարանի հետ, չնայած նախարարության խոստմանը, այս թանգարանի տնօրենն էլ, Ասծատրյանի հավաստմամբ, ասել է, որ Շուշիի թանգարանի գորգերը չեն կարող առանձին ցուցադրվել, բացի այդ, ընդամենը վեց ամսով կարող են պահվել: ԿԳՄՍ նախարարությունից հիմա էլ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրին առաջարկում են գորգերն ի պահ հանձնել Պատմության թանգարանին, մինչեւ սեպտեմբերին ցուցադրություն կազմակերպեն, սակայն Ասծատրյանի տառապանքը փորձ ունի, նա այլեւս չի հավատում, թե նախարարությունը խոստումը այս անգամ կպահի, դադարել է վստահել: Մեր զրուցակիցն ասում է, որ պատրաստ է ցանկացած կառուցողական քննարկման եւ ողջամիտ առաջարկի, հույս ունի, որ Հանրային խորհրդում հավաքված մտավորականները ինչ-որ լուծում կգտնեն, բայց իր համար սկզբունքային է, որ Շուշիի գորգերի թանգարանը որպես առանձին միավոր աշխատի ու ցուցադրվի:

Հանրային խորհրդի քննարկումների ժամանակ կրկին հարց է բարձրացվել, թե ինչու գորգերը Արցախ չեն տեղափոխվում: Ասծատրյանը կրկին հարկ է համարել պարզաբանել, որ այս պարագայում, երբ Արցախի կարգավիճակն անորոշ է, մասնավորի կարգավիճակով խիստ ռիսկային է այդ ժառանգությունը Արցախ տեղափոխելը. «Եթե պետական կարգավիճակով տանեմ Արցախ, եւ եթե անգամ ամենավատ երազում Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ապա Արցախն իրավունք կունենա իր թանգարանն ունենալ: Հիմա խայտառակ վիճակ է, անգամ Բերձորի խաչքարը ադրբեջանցիներն են տեղափոխել, ինչի՞ մասին է խոսքը: Հարցն այնքան պարզ է, այնքան դժվար է հարցին դեմ խոսելը, որ երբ մարդիկ չեն կարողանում հակաճառել, փորձում են այլ բաներով շեղել»:

Թանգարանի հիմնադիրը ցավ է ապրում, ասում է՝ ադրբեջանցին հայ կացնահարեց, նրան հերոսի կոչում տվեցին, տուն ու տեղ, աշխատավարձ, իսկ տարիուկես է՝ ինքը Հայաստանում է, որեւէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչպես է ապրում, ինչպես է թանգարանի գորգերը տանում ու բերում: Նա նշում է, որ ադրբեջանական մամուլում իրեն գող են անվանում, վերջին հոդվածներից մեկում գրել են՝ «եթե Հայաստանում այդ գորգերը ոչ մեկին պետք չեն, ինչու ես գողացել, բոլորին հոգնեցրել ես»:

Նա հիշեցնում է, որ Շուշիում իր թանգարանն աշխատում էր Շուշիի արվեստի կենտրոն հիմնադրամի ներքո՝ պետական-մասնավոր կարգավիճակում, որովհետեւ Արցախի Հանրապետության 1999 թ. ընդունված թանգարանների մասին օրենքում բացակայում են համապատասխան ենթաօրենսդրական եւ նորմատիվ ակտերը: Ասում է՝ օրենքի բացն է եղել պատճառը, որ չի կարողացել լուծել բացառիկ նմուշներ ամփոփող թանգարանի կարգավիճակի հարցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
02.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031