Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերը մեկնարկեցին հունիսի 27-ին։ Գրական-մշակութային օրերի շրջանակներում կայացան մի շարք ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ։ Իսկ վերջին օրերին սիրված բանաստեղծ Հուսիկ Արան եւ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի այգում գրական հանդիպում ունեցան ինչպես Արցախի գրական ընտանիքի անդամների, այնպես էլ գրականասեր հանրության հետ։ Հանդիպման բանախոսները ընթերցեցին իրենց հեղինակային ստեղծագործություններից, ապա քննարկում ծավալվեց ներկաների միջեւ։
«Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շարունակությունը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Սեւակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կազմակերպվեց` համերգի տեսքով։ Հադրութցի սիրված երգիչ, երգահան Արթուր Խաչենցը հանդես եկավ մի շարք երաժշտական կատարումներով, ինչպես նաեւ ընթացքում ելույթ ունեցան Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից Մարտունու շրջանի Կաղարծի, Աշան, Մաճկալաշեն, Հաղորտի գյուղերում կյանքի կոչված «Մունք» ազգագրական պարի խմբերի մանուկները։ «Ապրելու ձայնը» այնուհետեւ համերգով Մարտակերտում էր` Համազգայինի կողմից Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Ղազարահողեր, Պողոսագոմեր, Ճանկաթաղ գյուղերի դպրոցներում գործող «Մունք» պարախմբերի մանուկների ազգային պարերով եւ Արթուր Խաչենցի կատարումներով։
Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացավ փոքրիկ նկարիչների «Մանկության երանգներ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված էին Համազգայինի Արցախի գրասենյակի նկարչության խմբի մանուկների աշխատանքները։
Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը «Առավոտին» հայտնեց, որ ցուցահանդեսին ներկայացված են ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո արված ստեղծագործությունները։
Կարդացեք նաև
«Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ մեր գրասենյակի կողմից Աշան եւ Մաճկալաշեն գյուղերում կյանքի կոչված «Հմուտ ձեռքեր» խմբակների մանուկների աշխատանքները»,-տեղեկացրել է Հերմինե Ավագյանը։
«Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերն ավարտվեց հուլիսի 1-ին, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները`
Տիրուհի ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2022