Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկա-ֆրանսիական ծուղակ՝ «ճարպիկ» ռուսների համար ԼՂ-ի հարցով

Հուլիս 04,2022 12:00

Մոսկվայի ծրագրերը 90-ականներին խափանվեցին, երբ հայկական կողմին հաջողվեց թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտական ճակատում արձանագրել հաղթանակներ, իսկ այժմ այդ ծրագրերը իրականություն են դարձել

Մեկ շաբաթ առաջ, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում էր, նա ցուցադրեց լիակատար ադրբեջանամետ դիրքորոշում, փաստացի, կարեւորելով ու ընդգծելով ադրբեջանական իշխանության համար ականջահաճո գնահատականներ: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Լավրովը, հիշեցնենք, Բաքվում պնդեց՝ բանակցային այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի. «Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հետ կապված հարցեր։

Մինսկի խումբն ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարն ավելի վաղ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում, պնդել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։ «Վաշինգտոնը աջակցում է այդ գործընթացին եւ կշարունակի աջակցել», – ասել էր Քերըն Դոնֆրիդը, հայտնելով, որ այդ հարցը բարձրացրել է նաեւ Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի առաջ։ Մինչդեռ Լավրովը Բաքվում արձանագրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ի հարցը Բաքվում ընդհանրապես չի քննարկել, եւ որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել, եւ ավելին, նա հստակեցրեց, որ, փաստորեն, Մոսկվայի համար, այն առաջարկները, որոնք տարիներ առաջ քննարկվել են՝ կորցրել են իրենց այժմեականությունը։

Այսինքն, Մոսկվայի համար, ինչպես եւ Բաքվի, չկա՝ ԼՂ-ի կարգավիճակի հարց, չկա ժողովուրդների ինքնորոշման սկզբունք, հետեւաբար, գոյություն չունեն ղարաբաղյան կարգավորման այն սկզբունքները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների համար ընդունելի էին, եւ նրանք առաջարկներ էին մշակում, ներկայացնում կողմերին՝ հիմնվելով այդ սկզբունքների վրա:

Հիմա Մոսկվան կենտրոնացած է այլ ուղղությամբ: Գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ռուսաստանից կրկնում են, թե Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին ապաշրջափակման հարցում, թեեւ նշում են, որ այդ «ապաշրջափակումը հենվելու է բացառապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա»: Հաջորդ կարեւոր կետը ՌԴ իշխանությունների համար՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն է, որում Մոսկվան իր խորհրդատվական «աջակցությունն է» հայտնում, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ամեն գնով պահելու է նաեւ այդ գործընթացը իր ձեռքում, որն էլ իր հերթին նշանակում է՝ սպասարկել Բաքվի շահերը:

Չէ՞ որ Մոսկվան մշտապես ադրբեջանամետ կեցվածքն է դրսեւորել նաեւ ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբնական ժամանակահատվածում եւս: Պարզապես Մոսկվայի ծրագրերը 90-ականներին խափանվեցին, երբ հայկական կողմին հաջողվեց թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտական ճակատում արձանագրել հաղթանակներ, իսկ այժմ այդ ծրագրերը իրականություն են դարձել: Այդ ժամանակ արդեն ռուսական կողմին այլ բան չէր մնում, քան հաշտվել իրենց համար դառը իրականության հետ ու սկսել զինադադարի կնքման գործընթացով կրկին կողմերի նկատմամբ որոշակի հովանավորչություն ապահովելով՝ հայկական կողմի մոտ վստահություն ձեռք բերել:

Ինչեւէ, Ռուսաստանը օրեր առաջ արդեն հստակ արձանագրեց, որ պատրաստ է ակտիվ խորհրդատվական ծառայություններ մատուցել Երեւանին եւ Բաքվին, ավելին՝ Լավրովի խոսքով՝ Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի եւ դրանք նա քննարկել էր Ալիեւի հետ։
Վաշինգտոնում հաշվեցին ռուսական «ճարպիկ» խաղը՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին բանակցելով՝ ողջ գործընթացը եռակողմ ձեւաչափում պահելու ձգտման տեսանկյունից: Մոսկվայում, թերեւս, հույս ունեին, որ Վաշինգտոնում կցանկանան նրանց հետ առանձին պայմանավորվել, ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ: Սակայն Բայդենի վարչակազմն ավելի հեռուն գնաց, Վաշինգտոնը որոշեց ցույց տալ անժխտելի իրականությունը, այն է՝ Մոսկվան չի ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակություն այնպես, ինչպես դա չեն ցանկանում Բաքուն ու Անկարան եւ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության արգելափակման պատասխանատուն հենց Մոսկվան է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն օրերս զրուցել էր իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան, այս մասին տեղեկացրեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: «Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը», -նշվել էր գրառման մեջ:

Այլ կերպ ասած՝ Մոսկվան մերժել է ԵԱՀԿ ՄԽ-ում մյուս համանախագահողների հրավերը՝ նստել, բանակցել Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցով: Իսկ դա ո՞ւմ շահերից է բխում՝ Ալիեւի ու Էրդողանի: Հետեւաբար, 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Մոսկվայի գործողությունները քայլ առ քայլ ցույց են տալիս նրանց իրական նպատակներն ու ձգտումները ղարաբաղյան ճակատում:
Ռուսաստանը Ղարաբաղի ապագան վաղուց է որոշել:

Վաշինգտոնը, թերեւս, կշարունակի Մոսկվային «բացահայտելու» գործընթացը, չի կարելի բացառել, որ ապագայում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան էլ ավելի ակտիվ կսկսեն աշխատել: Դրա արդյունքում հստակ կուրվագծվի ղարաբաղյան գործընթացում, թե ով՝ որ կողմում է. Մոսկվան, Բաքուն եւ Անկարան մի կողմում են, իսկ Երեւանը, Վաշինգտոնն ու Փարիզը՝ մյուս կողմում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ողջույն։
    Ուզում եմ հասկանալ՝ իրո՞ք հայկական լրագրությունը այս աստիճան կորցրել է իր մակարդակը։ Խորհուրդ կտամ հեղինակին «չծանրաբեռնել» իր հոդվածները՝ միանգամից գրել եցրույթները, որոնք ուզում է «հրամցնել» (տես վերջին նախադասությունը)։ Կարոտ ենք՝ բազմակողմանի լուրջ վերլուծության…
    Իսկ եթե ըստ թեմայի՝ խորհուրդ կտամ կարդալ վերջին 200 տարվա հայոց պատմությունը։ Իսկ վերջին օրինակներից՝ Վաշինգտոնի եւ «ժողովրդավարների» կողմից քրդերին՝ որպես մատաղացու Թուրքերին «նվիրաբերելը»։

    «Առավոտի» ընթերցող

    • Սարգիս Զեյթունյան says:

      Բենդերը կասեր «кризис жанра»: Վերջին նախադասությունն, իսկապես, հիշեցնում է «Ոսկե հորթի» միջի ռեբուսներ հնարող ծերուկի` индустриализация բառի ция վերջավորության վրա մի բան մոգոնելու մտավարժանքները:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Վահե Հովհաննիսյանի և Էմմա Գաբրիելյանի վերլուծություններն այսօր Առավոտի էջում հայտնվել են համարյա միաժամանակ՝ կեսօրի կողմերը: Առաջինն ունի 72 դիտում և 0 հավանում, երկրորդը՝ 472 դիտում և 23 հավանում: Կարելի է ասել “պահանջարկն է ծնում առաջարկ” ու քաշվել մի կողմ: Սակայն, իմ կարծիքով, Առավոտն այն եզակի լրատվամիջոցներից է, որ կարող է իր վրա վերցնել պահանջարկ ձևավորելու դժվար առաքելությունը: Սա ասում եմ՝ ենթադրելով, թե ինչպիսի խոչընդոտներ ու բարդություններ կան այդ ճանապարհին:

  2. Հայկ համբարձումեան says:

    Հա հա հա հա հա
    Կրկնեմ՝
    Հա հա հա հա հա

    Կրնաք արտահերթ ընտրութիւններուն արդէն Խզմալյանին կամ Սեֆիլյանին հետ առաջադրուիլ պատգամաւոր, այս ձեր “վերլուծութեամբ” վստահ կ’ընդունին ձեզ, քանի մակարդակն ալ իրենցն է։

    Հա հա հա, շնորհակալ եմ խնդուքին որ ինծի նուիրեցիք։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031