Կիրակի՝ հուլիսի 3-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակը բազմամարդ էր․ «Միասնական Սյունիք» խորագրով համերգային ծրագրի շրջանակում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանը, Սոնա Շահգելդյանը եւ Աղասի Իսպիրյանը։
«Պատմությունը ցույց է տվել, որ երբ Սյունիքը միասնական է լինում՝ հաղթում է։ Հենց այսօր Սյունիքին միասնություն է պետք, միասնական պետք է լինենք, ու ինչու չէ, նաեւ մշակույթով։ Սա սկիզբն է, «Միասնական Սյունիք» նախագծով տարբեր մշակութային միջոցառումներ են կազմակերպվելու ու ոչ միայն Կապանում, այլ մարզի տարբեր համայնքներում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նախագիծը իրականացվում է «Աժդանակ» ընկերության ֆինանսական աջակցությամբ։
«Նման խորագրով միջոցառումներ պետք են բոլորիս, հատկապես Սյունիքին։ Սյունեցին տարբերվում է բոլորից, հզոր ու միասնական եղեք»,-ասաց Աղասի Իսպիրյանը։
Մոտ երկուսուկես ժամ տեւած համերգի ընթացքում սիրված երգիչները ներկայացան ժողովրդական ու հայ երգահանների ստեղծագործությունները։
Համերգից դրվագներ՝ այստեղ։
Իսկ վերջում Համլետ Գեւորգյանն էլ առաջարկեց միասնական շուրջպար բռնել՝ ի նշանավորումն օրվա խորհրդի։
Շուրջպարի կադրերն՝ այստեղ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ