Մշակութաբան, գրող, հրապարակագիր Ռուբեն Անգալադյանի 75-ամյակը լրանում է հուլիսի 10-ին: Նա ծնվել է Ախալցխայում, միջնակարգ կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1965թ. ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պոլիտեխնիկական ինստիտուտ, ապա փոխադրվել է Լենինգրադի համալսարան, որի դասընթացն ավարտել է 1972թ.։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Խորալ» (Երեւան, 1975թ.), «Կիրճ» (Երեւան, 1979թ.) բանաստեղծությունների ժողովածուները, 1982թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հրատարակվել են նրա «Կիսաբաց դուռ» (1992թ.), «Ազգային ինքնաճանաչողություն» (1997թ.) գրքերը, «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը. Երեւան-Փարիզ» վավերագրություն-ալբոմը: Նրա երկերը թարգմանվել են իտալերեն, վրացերեն, հունգարերեն, անգլերեն, էստոներեն եւ այլ լեզուներով։ Զբաղվում է համաշխարհային մշակույթի համակարգման եւ 20-րդ դարի ամբողջացման պատկերով։ «Գարուն» ամսագրում տպագրել է 20-րդ դարի հայ մշակույթի նոր դասակարգման հոդվածաշար։ 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
Անգալադյանն «Առավոտի» բարեկամն է, ներկայացնում ենք նրա՝ մեր լրատվականին տված հարցազրույցներից, հրապարակումներից («Երբ հայրենիքին դավաճանես, դառնում ես հավերժ թափառող», «Մարտունակ բանակ ստեղծելու համար Արամ Մանուկյանը ստիպված էր ազատվել որոշ հրամանատարներից եւ նրանց տեղակալներից», «Ինձ մտահոգում է ռեգիոնը, որտեղից երկիր առ երկիր դատարկում են հայերին», «Պատերազմը գին ունի: Հաղթողն է թելադրում իր կամքը», «Եկել է ժամանակը, որպեսզի հայկական արխիվներին ուշադրություն դարձնի եվրոպացին», «Ինչպես շարժվեն առաջ Հայաստանն ու Սփյուռքը», «Այն, ինչ եղավ Վատիկանում, մեզ պարտադրում է չիջնել», «Փարաջանովը ցույց էր տալիս, թե ինչպես է պատկերացնում հայը գեղեցիկը», «Հրապարակը պետական մրցանակ է ստացել, ունի հեղինակներ, հեղինակային իրավունք», «Խոշոր կապիտալը չպետք է լինի խորհրդարանում», «Պարապ ձեռքերի համար սատանան չար գործ է գտնում») ծաղկաքաղը:
«Այս տարի մենք նշելու ենք հոբելյանը Երկրորդ Հանրապետության, որը կառուցվել էր կոմունիստների օրոք եւ ամբողջովին կառավարվում էր Մոսկվայի կողմից: Ատելով Երկրորդ Հանրապետությունը՝ մենք մեծ բավականությամբ ոչնչացնում ենք Երրորդ Հանրապետությունը: Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ կիսանկախ Երկրորդ Հանրապետության քաղաքական փորձն ընդունելի չէ:
Բայց ծայրաստիճան հետաքրքիր է նրա բարդ եւ, որքան էլ տարօրինակ հնչի, հաջող տնտեսական եւ մշակութային ուղին, որը հիմնված էր նորագույն գիտատեխնիկական փորձի եւ ԽՍՀՄ բարձր մշակութային շերտի վրա: Մոսկվան հասկանում էր Խորհրդային Հայաստանի ներուժը եւ զիջումների գնում տարբեր կառուցվածքներում, օրինակ՝ սփյուռքի հետ քաղաքականության մեջ, կամ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում: Սկսենք նրանից, որ հայ ժողովրդի ազգային պետական մոդելը դարեր ի վեր կրում է փակ բնույթ:
Կարդացեք նաև
Այժմ ուշադրություն դարձնենք, թե մենք ինչպես` քաղաքական եւ պետական նկատառումներից ելնելով, ազգային պետության կառույցն ամրապնդելու համար ընտրեցինք քրիստոնեությունը, կրոն, որն այդ ժամանակ եւ ոչ մի պետության կողմից չէր փորձառվել: Հետագայում մենք որոշեցինք, որ մեզ անհրաժեշտ են մեր սեփական լեզուն եւ այբուբենը: Եվ համաշխարհային մտքից հետ չմնալու համար, մեզ աշխարհից զատող այդ «պատում» նրանք պատուհան բացեցին դեպի այս աշխարհ՝ ստեղծելով ամենամյա «Թարգմանչաց տոնը», ինչը մեզ հնարավորություն տվեց ինտենսիվորեն շփվել այլ ժողովուրդների առաջադեմ մտքի հետ: Դա փակ պետությունում շփման ճիշտ գործիք էր, բայց ակնհայտորեն անբավարար … Հայ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, երեւակայական կամ իրական վտանգ զգալով այլ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական եկեղեցիներից եւ դավանանքներից, դրանց ինտեգրվելուց ետ կանգնեց, առանձնանալով որպես զուտ ազգային Հայ առաքելական եկեղեցի»:
«Դարեր շարունակ կորցնելով պետականությունը՝ ժողովուրդը առասպելի է վերածել Հայոց Երկրի իրողությունը: Հայրենիքի առասպելը նույնպես դարձավ գրականություն: Ամեն ինչ ունի հիշողություն, որը չպետք է խանգարի իրականությունը տեսնելուն: Ժամանակի հետ համադրության մեջ ամեն ինչ պետք է համարժեք լինի: Հայրենիքը ամեն ինչ ներծծում է եւ պահում հողի մեջ, եւ տարածքների կորստով մենք կորցնում ենք ինքներս մեզ: Բոլոր արժեքներից ամենակարեւորը Երկիրն է, ամեն ինչ երկրորդական է դրա համեմատությամբ: Երբ նրան դավաճանես, դառնում ես հավերժ թափառող … Այս իմաստով, անառակ որդու մասին Ռեմբրանդտի ցնցող պատկերը շատ ուսանելի է: Սա թափառողի կենսագրությունն է, սա երկխոսություն-լռություն է, սա նախնիների ժամանակն ու փորձն է, սա խոսք է Հայրենիքի մասին, ուր ապրում է նրա հայրը, սա հայրական տունն է, որը կանչում է իր որդուն»:
«Ոչ մեկը չի մտածում քաղաքական միտք ձեւավորելու մասին: Այս դժբախտությունը մեզ ո՞ւր է տանելու, հայտնի չէ: Թրամփը Իսրայելին արտոնություններ տվեց, մենք մտածում ենք՝ ուրեմն մեզ էլ կտա: Բայց ի՞նչ եւ ո՞ւմ ունենք Սպիտակ տանը: Ե՞րբ են մեր ներկայացուցիչները ներխուժելու ամենաբարձր շերտերը… Երբ հայր Բուշը փոխնախագահի համար առաջարկ էր արել Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանին, չնայած հայ համայնքը ձայն չտվեց, բայց նա չմտածեց Հայաստանի մասին: Դոքմեջյանը վախեցավ, որ իր հեռանալով, Կալիֆոռնիան կհանձնվեր դեմոկրատներին, ու հրաժարվեց Բուշի առաջարկից: Թվում էր, երկրում հզոր կազմակերպություններ ունենալով, մենք պետք է ամենամոտը լինեինք ԱՄՆ-ին: Սակայն այդպես չեղավ»:
«Մենք միայն բառերով չենք ասում, որ համաշխարհային դեմքեր ունենք: Ես առանձին դեմքերի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ ամբողջական այդ ուղու մասին: Հայկական-գեղարվեստական, երեւակայական միտքն աշխատել է դարասկզբից մինչեւ 1940 թվականը՝ Փարիզում: Մենք տեսնում ենք որպես համակարգային մտածողություն: Սրանով ենք մենք մոտ եվրոպական մշակույթին, քանի որ նրանք էլ համակարգային մտածողություն ունեն: Մենք ցույց ենք տալիս, որ շատ հեշտությամբ ընդունում ենք նորը, գեղեցիկը, բարձրագույնը, եւ այնտեղ բացում ենք նոր ճանապարհներ»:
«Մենք մտանք Հայոց ցեղասպանության սկզբնահաշվարկից 101-րդ տարին… Ի՞նչ արդյունքներ ենք գրանցել: Ամենակարեւոր արդյունքը, որը մենք այսօր պետք է իմաստավորենք ու գիտակցենք, հետեւյալն է՝ որքանո՞վ է մեր ազգի քաղաքական գնահատականը 2015թ. ապրիլի 2-րդ կեսին ու մայիսի 1-ին կեսին տեղի ունեցած իրադարձություններին ինտելեկտուալ եւ հասուն: Վատիկանը ողջ աշխարհի առաջ մեր հոգեւոր ինքնագիտակցության համար կարեւորագույն բացահայտում արեց: Այն է՝ հայ ժողովրդի մեծագույն մտածողները նաեւ կաթոլիկ աշխարհի հոգեւոր ձեռքբերումն են: Այսպես՝ 1000 տարի անց Հայ առաքելական եկեղեցու հանճարեղ պոետը դարձավ Տիեզերական եկեղեցու դոկտոր, ուսուցչապետ: Այսպիսով, Վատիկանը ոչ միայն մեծապես գնահատեց Նարեկացուն, այլեւ ընդգծեց ժողովուրդների ու եկեղեցիների հոգեւոր կապը: Նարեկացին, որ ծնվել էր Վասպուրականում (Արեւմտյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա) եւ գրեթե ողջ կյանքն անց էր կացրել Նարեկի վանքում, որը քիչ է հեռու Վանա լճից (Արեւմտյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա), դարձավ հայկական աշխարհի եւ այլ ազգերի ու մշակույթների միջեւ կամուրջ: Չէ՞ որ Ցեղասպանության ընթացքում մենք կորցրել ենք ոչ միայն ավելի քան 1,5 միլիոն հայ, այլեւ արեւմտահայ մշակույթն ու ազգային պատմության կարեւոր հատված. կորցրել ենք ոչ միայն հրաշքով պահպանված ավերակների նախատիպերը գետնի երեսին, այլեւ այն, ինչ գետնի տակ է»:
«Շատերին թվում է եւ մեր ազգային մտածողության մեջ այդ կլիշեն կա, որ եթե հին է, ուրեմն լավն է։ Ուրեմն եթե հինը լավն է, մենք ամենահին ազգերից ենք։ Բոլորովին այդպես չէ. 1700-ամյակը ընդամենը թիվ է, որի մեջ պետք է բովանդակություն տեսնենք։ Ի՞նչն է պատճառը, որ մենք, լինելով պետություն, վերցրինք եւ մշակեցինք կրոնը։ … 301 թվականին քրիստոնեական մշակույթ, քրիստոնեական գեղարվեստական կամ գիտական միտք գոյություն չուներ։ Մենք մտանք մի էքսպերիմենտ, որը չգիտեինք՝ կստացվի՞, թե՞ չի ստացվի։ Սա մեծագույն նվաճումն է մեր այն ժամանակվա պետական այրերի՝ Տրդատ III թագավորի, հոգեւոր հայրերի, որոնք պատկերացրել են, որ այդ կրոնը հնարավոր է ընդունել։ Եվ որ դա կարող է մեր ազգի համար՝ լեզու, ընդհանուր բազային միտք, ազգային մշակույթ, ազգային մոդելավորված հոգեբանական վիճակ ստեղծել։ … Մինչ այդ հայ ժողովուրդը որպես պետականություն ունեցող ժողովուրդ գոյություն ուներ, սակայն որպես ազգ, որն ունի խիստ ընդգծված դեմք՝ մենք ստացանք 301 թվականից»:
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2022