Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում գուցե ստեղծվի արհեստական սահադաշտ

Հուլիս 03,2022 21:26

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու բացօթյա ամֆիթատրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը: Այգին սկսել է վերանորոգվել մոտ մեկ տարի առաջ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության եւ Վանաձորի համայնքապետարանի միջոցներով. «Այս պահին եզրաքարերով այգու բոլոր ճեմուղիներն արդեն 90 տոկոսով ավարտել են: Հիմա նախապատրաստական շերտն են անում, ճեմուղիների մի մասն ասֆալտապատման տակ է, իսկ մի մասը՝ բնական քարե սալիկներով պատում են: Նաեւ ամբողջությամբ լուսավորության համակարգի մալուխներն են քաշել, բոլորը` ստորգետնյա: Մնում է արդեն հենց լուսատուները տեղադրվեն: Սայաթ-Նովայի արձանի հետնամասում կլինի լուսաձայնային էֆեկտով փոքր շատրվան: Ամբողջությամբ նաեւ ցանկապատն է իրականացվել: Վանաձորի գերբով դեկորատիվ դետալներ ենք նախատեսել, մնում է դրանք տեղադրվեն եւ նստարաններ: Նաեւ ծառերի հատման ու նորերի տնկման ծրագիր ունենք, բայց դա հավանաբար աշնանը կանենք»,-ասաց Սուրեն Աբովյանը:

Այգում ստեղծվել է նաեւ ամֆիթատրոն, որն ունի 300 նստատեղ: Գուցե այստեղ ստեղծվի նաեւ արհեստական սահադաշտ, որի մակերեսը կլինի մոտ 1000 քառ. մ: Նախատեսված է նաեւ ամֆիթատրոնի մոտ բեմ կառուցել. «Նախկինում այդտեղ ջրավազան էր ու գտնվում էր վթարային վիճակում: Ուսումնասիրեցինք, որպես ջրավազան վերականգնելը արդեն նպատակահարմար չէր և ամֆիթատրոնի գաղափարն առաջացավ մոտս: Քանի որ իրա հարթակը մեծ է, կուսումնասիրենք, եթե տա հնարավորություն՝ նաեւ արհեստական ծածկույթով սահադաշտ կարող է ծառայի: Դեռ մասնագետների ցույց չենք տվել՝ արհեստական սառույցի շերտ տեղադրելու հնարավորություն կլինի, թե՞ չէ, բայց կարծում եմ՝ կստացվի»,- ասաց ճարտարապետը:

Այգու վերանորոգման համար հատկացվել է 330 մլն դրամ: Ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 1-ին: Սակայն քանի դեռ համայնքում ավագանու նիստեր չեն գումարվում, համայնքային բյուջեն չի հաստատվում, արդյունքում հնարավոր է նաեւ  ժամկետների երկարացում։

Ճարտարապետն ասում է, որ թեեւ այսօր քաղաքի այգիները պարբերաբար վերանորոգվում են, սակայն բնակիչները բավականին անփույթ են վերաբերվում դրանց. «Մեծ մասը նստարանների խնամքին է վերաբերվում, աղբամանները պոկում են, գողանում, լուսատուները ջարդում են: Անունը դնում են մանր խուլիգանություն, բայց նույն երեւույթն անընդհատ դիտվում է: Սեփականի պես չեն նայում բնակիչները, որը շատ տխրեցնող փաստ է: Ընթացքում փորձում ենք շտկել, գողացածը վերականգնել, բայց խնդիր է, որը միշտ կա»:

Նախիկնում Սայաթ Նովայի անվան այգին 2 տասնամյակից ավելի տրված է եղել վարձակալությամբ, սակայն արդեն 2012 թվականից այն համայքի ենթակայության տակ է: Այս պահին, բացի Հրանտ Մաթեւոսյանի անվան այգուց, որն ունի մի քանի վարձակալ, մյուսները համայնքային ենթակայության են:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Սուրեն Աբովյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031