Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել․ Գեղամ Բաղդասարյանի բարի լուրը

Հուլիս 03,2022 19:07
zinvor

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ և «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր մի հանդիպում ու մի բարի լուր ջերմացրին հոգիս…

44-օրյա պատերազմի ժամանակ մի օր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի դիմացի մայթին՝ «Պարկ հոթել»-ի առաջ հանդիպեցի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ու լրագրող Էդիկ Բաղդասարյանին։ Մտահոգ զրուցում էինք օրվա անցուդարձի շուրջ, երբ մեզ մոտեցավ նիհար, սև մորուքով ու սև-մուգ շորերով մի ոչ տեղացի մարդ և ասաց, որ որդուն է փնտրում։ Ասաց, որ տղայի անուն-ազգանունը տեսել է զոհվածների պարբերաբար հրապարակվող ցուցակում, բայց չի կարողանում տեղը գտնել։

Հակոբն ու Էդիկը հարցուփորձ էին անում, հուշում, թե ում կարելի է դիմել և այլն։ Իսկ ես միայն մի բան ասացի։ Ասացի՝ մի վհատվեք, արդեն քանի դեպք եղել է, երբ չճշտված տեղեկություններ են եղել այդ ցուցակներում, որոնք հետո ճշտվել են։ Ծնողները երբեմն առաջին տեղեկությունը տեսնում էին, բայց ճշտող տեղեկությունը՝ ոչ։ Ասացի՝ այնպես որ, հույսներդ մի կորցրեք, Աստված մեծ է։ Պատերազմից հետո մեկ-մեկ մտովի աչքիս առաջ էր գալիս այդ մարդը, մտածում էի՝ տեսնես ի՞նչ եղավ հետո…

Ինչ որ է, այսօր փողոցում հանդիպեցի Հակոբին։ Խոսեցինք դեսից-դենից, այն օրերից։ Ու հարցրի, թե արդյո՞ք հիշում է այդ դրվագը։ Ասաց՝ հա, նիհար, սև մորուքով էն մարդը։ Ասում եմ՝ հա՛, հա՛, նույնի՛նքը։ Ասում է՝ որդուն ողջ է գտել։
Ահա այսպիսի բարի լուրով էլ սկսվեց օրս։ Բարի և օրհնյալ Կիրակի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031