Հռոմում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը լավ է հանդես գալիս: Մինչեւ այս պահը մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: 70 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Հայկ Պապիկյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին ու արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Թիմակցից հետ չմնաց 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որը առավելության հասավ վրացի մրցակցի նկատմամբ ու նույնպես արժանացավ ոսկե մեդալի: Ընդ որում, այս գոտեմարտն ավարտվեց այն ժամանակ, երբ վրացի ըմբիշը հաշվի մեջ առջեւում էր: Ու մինչ նա նշում էր իր հաղթանակը, մեր ըմբիշի մարտավկաները բողոք նետեցին գորգի մրցավարի որոշման դեմ: Կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարական հանձնաժողովը հենց տեղում շտկեց սխալը՝ մեր ըմբիշին տալով իրեն հասանելիք միավորները եւ հաղթանակը շնորհեց հայաստանցի մարզիկին:
Հետաքրքիր իրադարձությունները այսքանով չավարտվեցին: Պարգեւատրման արարողության ժամանակ, երբ ի նշան հայ ըմբիշի հաղթանակի դահլիճում հնչեց Հայաստանի օրհներգը, ադրբեջանցին ցուցադրաբար ցինիկ կերպով լքեց պատվանդանը: Հայաստանի պատվիրակությունը անմիջապես բողոքեց ադրբեջանցու ՝ մարզիկին ու մարդուն ոչ վայել վարքագծի դեմ, ինչի արդյունքում Ջաֆարովը ոչ որակազրկվեց, այլեւ նրանից հետ վերցվեց արծաթե մեդալը:
Կարդացեք նաև
Երեկ Հայաստանի հաշվարկին մեկ արծաթե մեդալ էլ բերեց 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Իսկ այսօր չեմպիոնական ոսկու համար գոտեմարտելու է գերծանր՝ 125 կգ քաշային Լյովա Գեւորգյանը: Բրոնզի հավակնություն ունեն նաեւ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացած Հայկ Աբրահամյանը՝ 61 կգ, եւ Սերգեյ Գասպարյանը՝ 92 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ