Այսօր Գյումրիում մեկնարկած տարվա ամենամեծ ՏՏ միջոցառմանը՝ «Tech Week Gyumri 2022»-ին հիշեցին ապրիլի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը մեծ ջանքեր էր գործադրում հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։
Նա նախորդ տարի Արցախում կազմակերպված այս նույն միջոցառման ակտիվ մասնակիցներից էր, բազում ծրագրեր, գաղափարներ էր մշակել, որոնցից մեկն էլ Արցախում տեխնոդպրոց ունենալն էր։
Սոնայի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը պարտադիր կյանքի կկոչվի։
Այս մասին այսօր Գյումրիում հայտարարեց Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը՝ տեղեկացնելով, որ այս նպատակի համար տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում սկսել են դրամահավաք։
Կարդացեք նաև
«Թևեր» անունը կրող դրամահավաքը խորհրդանշում է Սոնայի՝ գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելու ծրագիրը։ Այն կոչվում էր «Թևեր»։
«Տեխնոդպրոցի ծրագիրը շարունակվում է, և մենք պարտավոր ենք անել այնպես, որ այդ գործն իրականանա։ Այդ առիթով մենք նախաձեռնել ենք դրամահավաք, որպեսզի իրականացնենք այն երազանքները և նպատակները, որ Սոնան ուներ», -ասաց Սպարտակ Կյուրեղյանը։
«Թևեր»-ի առաջին կենտրոնը կբացվի Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում ու ի հիշատակ Սոնա Մնացականյանի՝ կկրի նրա անունը։
Ի դեպ, Գյումրիում «Tech Week Gyumri 2022»-ին մասնակցում էր Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, որը ևս ՏՏ ոլորտի փորձառուներից է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ