Aravot.am-ի տեղեկություններով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ֆեյսբուքյան օգտատեր Ռ. Ավագյանի նկատմամբ: Նյութերը նախապատրաստվում են անձի արժանապատվությունը վիրավորելու, դիտավորությամբ ազգային թշնամանք հրահրելու հոդվածներով: Տվյալ օգտատերը մայիսի 2-ին ֆեյսբուքյան ելույթում անպարկեշտ ձեւակերպումներ է օգտագործել Արցախի Հանրապետության ազգաբնակչության մասին, բացասական գնահատականներ եւ որակումներ արել, որոնք տվյալ հասարակական խմբի նկատմամբ ատելություն են սերմանում:
Ուշագրավ է, որ նյութերը ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել, առանց ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում մուտք անելու:
Դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Ռ. Ավագյանը Aravot.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի աջակից է: Նա մի քանի սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել. ծննդով Աշտարակից, Էջմիածնի ռեստորաններից մեկում աշխատող այս երիտասարդը 2020 թվականի դեկտեմբերի 11-ին կառավարական առանձնատների մոտ «բեմականացում» էր կազմակերպել՝ ներկայանալով ազատամարտիկ: Ավելի ուշ պարզվեց, որ նա ստել է: Ավելի ուշ, ՀՀ դատախազությունը նույնպես հաղորդագրության տարածեց, որ նա սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր էր հնչեցրել:
Կարդացեք նաև
Վերջերս էլ սոցիալական ցանցերում մի տեսանյութ տարածվեց՝ Նիկոլ Փաշինյանի Ռուստամ Ավագյանին ծեծելու մասին: Ըստ մեկնաբանությունների, Ռ. Ավագյանին ծեծում են ընդդիմադիրների հասցեին հնչեցրած իր վիրավորանքների եւ հայհոյանքների համար: Ավելի ուշ, նա իր ֆեյսբուքյան էջում հայտնեց. «Ժողովուրդ, ինձ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ամեն ինչ նորմալ է։ Էդ էն առաջին անգամ, որ ինձ ծեծել են, էդ վիդեոներն են տարածել։ Ես լավ եմ ու տրամս էլ լավ է»։ Այս ասելուն զուգահեռ նա ծիծաղում է, ապա բարձրացնում մեքենայում հնչող երաժշտության ձայնը։ Մեքենայից իջնելիս էլ նա ասում է. «Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է, եկել եմ Աշտարակի ոստիկանություն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ