Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը հրաժարվում է Նարեկ Սարգսյանի պաշտպաններին նյութեր տրամադրել. Աննա Ծառուկյան

Հուլիս 02,2022 21:48

Կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի կալանքը երկարացվել է: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց Նարեկ Սարգսյանի պաշտպանական խմբի անդամ Աննա Ծառուկյանը: Նարեկ Սարգսյանը ևս երկու ամիս կալանքի տակ կմնա: Նարեկ Սարգսյանի պաշտպանական խումբը ահազանգում է քրեադատավարական մի շարք խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այս գործով:

«Քննիչի միջնորդությունը բավարարվել է այն պարագայում, երբ կալանքի երկարացման համար պետք է պարտադիր լինի անհրաժեշտ ջանասիրություն, Եվրոպական դատարանը նույնիսկ ասում է առանձնահատուկ ջանասիրություն։ Իմ եւ պաշտպան Վահե Քեշիշյանի հաշվարկով, քննիչի կողմից ցուցաբերած ջանասիրությունը ութուկես ժամ է, այն էլ բովանդակային առումով մեզ հասանելի չէ, մեզ համար պարզ չէ, արդյո՞ք, կատարված աշխատանքն ընդհանրապես վերաբերելի է, թե՝ ոչ, արդարացնո՞ղ է, մեղմացնո՞ղ է և այլն։ Սա այն դեպքում, երբ ունենք հինգ հոգանոց քննչական խումբ։ Պարզ է, որ նման դեպքում պետք է ամենօրյա ռեժիմով քննչական գործողություններ ունենայինք։ Այնուամենայնիվ, դատարանը գնահատեց, որ առկա է պատշաճ ջանասիրություն»- ասաց Աննա Ծառուկյանը։

Աննա Ծառուկյանը տեղեկացրեց նաեւ, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը նույնպես դեռ չկա. «Այսինքն մենք նույնիսկ չգիտենք՝ տեղի ունեցածը սպանությո՞ւն էր, թե՞ բժշկական անփութություն։ Քննիչի կողմից դեռևս չեն ներկայացվել մեր պաշտպանյալի մեղավորությունը հաստատող նյութերը։ Այս պայմաններում որոշվել է, որ անձը երկու ամիս պիտի կալանքի տակ մնա»։

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս իրավիճակում, դատարանը հաստատված է համարել հիմնավոր կասկածի առկայությունը, «Դատարանին միջնորդել էինք կալանքը վերացնել կամ փոխարինել գրավով։ Դատարանը մեր միջնորդության քննարկման նպատակով դատական նիստ չի հրավիրել, մինչդեռ քննիչի կողմից ներկայացված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունն անմիջապես քննարկվել է, շաբաթ օրով դատավորի օգնականը զանգահարել է մեզ։ Մինչ այսօր չունենք հանցագործության շարժառիթ։ Պաշտպաններով խնդրել էինք պարզաբանել, դեռևս ոչինչ չունենք: Ավելին, քննիչը մեզ նույնականացնում է մեր պաշտպանյալի հետ եւ հրաժարվում է մեզ տրամադրել նյութեր՝ պատճառաբանելով, որ դրանց ծանոթանալու դեպքում կարող ենք մեր պաշտպանյալի օգտին գործողություններ կատարել»։

Պաշտպանն ահազանգում է՝ այսպիսի ծավալների խախտումները Եվրոպական դատարանը ճանաչելու է եւ մեր ներպետական դատարանը պետք է գոնե հաշվի առներ դա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031