«Ոչ մի նոր բան չկա, այն, ինչ կատարվում է, այս իշխանությունների ձեռագիրն է, որ 2018-ից որդեգրել է՝ զրպարտություն, կեղծիք, գործ կարել: 2018-ից սկսել են, բոլորի դռները թակելով գնում են, հիմա ժողովրդավարության բաստիոնից խոսող այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ոչինչ չի հանդուրժում, դրանք զուտ խոսքեր են, իրականում Հայաստանում բռնություն է, բռնաճնշումներ եւ ձերբակալություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» ակումբի ու hayeli.am կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, ում դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել: Այդ մասին, ի թիվս այլոց, ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այս ամենը նոր չէ, եթե հիշում եք, 2018 թ. նման հարձակման մեր մեծ ընտանիքը ենթարկվեց եւ իմ խմբագրությունն ու «Հայելի» ակումբը, այսպես կոչված «Հեղափոխության պահապանները» հրապարակային սպառնալիքներ հնչեցրին, սակայն ոչ մի իրավական հետեւանք չեղավ: Այդ մարդիկ ազատության մեջ շրջում են, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել, ոմանք անգամ աշխատանք են ստացել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյան անունով անձը, որ ժողովրդավարությունից է խոսում, իրականում խրախուսում է բռնությունը, եւ դա դարձել է այս իշխանությունների հստակ գործելաոճը:
Եթե հիշում եք, մեկ ամիս առաջ ինչ-որ անձինք էին եկել, ասում էին ԱԱԾ-ից ենք, ուզում էին իմ տուն մտնել… Ես զգացի, որ արդեն կենտրոնացում կա իմ անձի հանդեպ: Կարծում եմ, որ սա կոնկրետ իր կողմից է հրահանգված, բայց կան նաեւ մարդիկ, որ իրենց կողմից են նախաձեռնությամբ հանդես գալիս, որպեսզի հետո ասեն՝ տեսեք, դուք ունեք տրամադրվածություն այս անձի նկատմամբ, մենք էլ մեր կողմից ենք անում ամեն բան:
Լարվածությունը մեծացել է հատկապես վերջին երկու ամիսներին, իմ յութուբյան ալիքը հարձակումների տակ է, նույնն էլ ֆեյսբուքյան էջը: Ինքը մի մեծ բանդա ունի, որոնք թիրախավորված աշխատում են, բողոքում այս կամ այն ալիքի ու էջի դեմ: Մնացած մանրամասներն արդեն ներկայացրել եմ, որ ինձ ԱԱԾ են հրավիրել, ես հասկացա, որ դա Արմեն Գրիգորյանի գործը չէ, կոնկրետ ինձ են թիրախավորել, սա քաղաքական հետապնդումների համատեքստում է, ինչպես մնացած անձանց դեպքում: Հարյուրավոր մարդկանց վրա քրեական գործեր կան, այս մարդը երկիրը վերածել է փոքր բանտի, կամ իր ամբիցիաներին է հագուրդ տալիս կամ ցանկանում է բոլոր երեւացող մարդիկ անցնեն այն ճանապարհով, որով ինքն է ժամանակին անցել»,-ասաց Անժելա Թովմասյանը:
Կարդացեք նաև
«Զարմացած եմ, որ երկիրը ոչ թե անդունդի եզրին է, այլ անդունդի մեջ է, կորցրել ենք մեր հայրենիքի 72 տոկոսը, սակայն ԱԱԾ-ն զբաղված է նման բաներով, իսկ իմ անձի հետ կապված այս ամենը ընդամենը մի դրվագ է… Ամեն դեպքում, ինձ համար գերական իմ երկրի հարցն է, ինձ ոչինչ չի կանգնեցնի, որ ինչ-որ բանի առաջ ընկրկեմ, մտածեմ՝ երկիրը հանձնված է… Ոչ, երկիրը հանձնված չէ, դա այս իշխանություններին չի հաջողվելու»,-ասաց մեր զրուցակիցը:
Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ իր գործով զբաղվում է փաստաբան Հայկ Ալումյանը, եւ մի քանի այլ փաստաբաններ եւս ցանկություն են հայտնել աջակցել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ