Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտությունն ավելի է խորացել պատերազմից հետո»․ «Առերեսում»

Հուլիս 02,2022 22:00

«Ես շատ խնդրահարույց եմ դիտարկում մասնավորապես Աղավնո գյուղի հայաթափման տարբերակը»,– «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է լինելու Բերձորի, Աղավնո ու Սուս գյուղերի ճակատագիրը՝ Ադրբեջանի կողմից շրջանցիկ ճանապարհը կառուցելուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։

«Այո, մի կողմից կարելի է ասել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բխում է, թե Լաչինի նախկին շրջանի՝ Քաշաթաղի այդ հատվածը տրվում է Ադրբեջանին,– շարունակեց Տարոն Հովհաննիսյանը։– Բայց մյուս կողմից՝ ես սա դնում եմ հակադրության մեջ, օրինակ՝ Փառուխի օկուպացիայի հետ»։ Հիշատակեց նաեւ Հին Թաղերը, Խծաբերդը՝ նոյեմբերի 9-ից հետո նախկին ԼՂԻՄ տարածքից Ադրբեջանի բռնազավթած տարածքները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։

Հաղորդման մյուս հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց․ «Անընդհատ վկայակոչում ենք նոյեմբերի 9-ը փաստաթուղթը եւ այդ փաստաթղթով մեր պարտավորությունները, ու դրանցից բխող մեր քայլերը։ Մինչդեռ չենք վկայակոչում այդ փաստաթղթով Ադրբեջանի պարտավորությունները՝ ռազմագերիների, ատելության քարոզի մասով»։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոնտաժվում են գազի խողովակները։ Թեեւ ըստ նրա՝ «Որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որ ինչ-որ ժամկետ է տրված Բերձորին կամ Աղավնոյին։ Բնակիչներն էլ իրենց սովորական առօրյայով ապրում են»։ Վտանգ կա, որ կարող է կրկնվել նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցածը, երբ տարածվեց Բերձորի հանձնման լուրը ու մարդիկ լքեցին իրենց տները՝ շատերը վառելով դրանք; Տարոն Հովհաննիսյանը սա խնդրահարույց ու սխալ անվանեց․ «Եթե կա նմանատիպ ելք, որից խուսափել հնարավոր չէ, ապա բնակիչները պետք է առնվազն տեղեկացվեն։ Հարցի առնվազն հումանիտար կողմի մասին ենք խոսում։ Բայց ես այլ կողմի մասին եմ խոսում։ Ես կարծում եմ, որ կա հնարավորություն՝ ճիշտ աշխատելու դեպքում, առնվազն Աղավնոն բնակչությամբ պահպանելու։ Եվ եթե մենք վաղը Աղավնոյի բնակչությանն այդտեղից հանենք, ապա այդ հնարավորությունը, որ հիմա, օրինակ, 40 տոկոս կա՝ զրոյական կդառնա»։

Դեպքերի նման զարգացման դեպքում վտանգ կա, որ Հայաստանն Արցախին կապող բոլոր կհայտնվեն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո։ 2022 թ. ձմռանը և գարնանն Ադրբեջանը արդեն երկու անգամ փակել է իր վերահսկողության տակ ընկած հայկական գազատարը, որի հետեւանքով Արցախը զրկված էր ջեռուցումից։ Որևէ երաշխիք կա՞, որ նման դեպքերը չեն կրկնվի նաև ապագայում։ «Իհարկե, երաշխիք չկա։ Եվ հարցը չի լուծվում միայն ճանապարհ կառուցելով,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։-Իրականում կոմունիկացիաներն էլ բավական կարեւոր նշանակություն ունեն։ Եվ հենց այդ հատվածով է անցնում ողջ Արցախի զարկերակը՝ ինտերնետ կապը, էլեկտրաէներգիան, գազը եւ մնացած բոլորը։ Իսկ կոմունիկացիաների կառուցումը շատ ավելի բարդ է, քան այդ ժայռերի եւ ձորերի միջոցով ճանապարհ կառուցելն ու մեզ հանձնելը»։

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը «նոր պատերազմի լեգիտիմություն» է փորձում ձևավորել․ «Այդ նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, դա այլ խնդիր է։ Բայց գործողությունների վեկտորը դա է»։ Որքանո՞վ է իրական այս հեռանկարը, արդյոք սա ակնարկ չէ, որ զիջումների չգնալու այլընտրանքը պատերազմն է՝ հարցերին ի պատասխան Կարեն Հովհաննիսյանն ասաց․ «Երբ ՀՀ իշխանությունը սկսեց խոսել խաղաղության օրակարգի մասին՝ դեռեւս այն ժամանակից էի ես պնդում, որ Ադրբեջանն իրականում չի գնում խաղաղության ու դեռ պահանջներ է ներկայացնելու»։ Ըստ նրա՝ «Ռազմական գործողությունների հավանականությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո չի լիկվիդացվել։ Պատերազմի վտանգը կա դեռեւս»։

Իսկ Տարոն Հովհաննիսյանն ասաց․ «Հակամարտությունն ավելի խորացել է պատերազմից հետո։ Եվ յուրաքանչյուր պատերազմ, բնականաբար, ավելի է խորացնում կոնֆլիկտը՝ մարդասիրական բազմաթիվ գործոններից սկսած՝ մինչեւ տարածքի վերաձեւավորումներ, որոնք ավելի մեծացնում են վտանգը Հայաստանի եւ Արցախի համար»։ Հավելեց․ «Առկա կոնֆիգուրացիան շատ լուրջ ռիսկեր է ստեղծում նոր պատերազմի, ռազմական գործողությունների տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող ժամանակը թողնել ինքնահոսի, քանի որ 5 տարի հետո կարող է համաշխարհային կամ Հայաստանի տեսանկյունից ինչ որ բան փոխվել, 10 տարի հետո այլ իրավիճակ լինել։ Եվ իրենց հիմնական խնդիրն այս պահին հնարավորինս շուտ ճնշումների միջոցով զիջումների հասնելն է կամ առավելագույնս այնպիսի իրավիճակ ամրագրելն է, որից հետո ՀՀ շանսերը գրեթե զրոյական կլինեն վերականգնվելու։ Հետեւաբար՝ այստեղ պատերազմի վտանգը շատ լրջորեն այս իրավիճակում պահպանվում է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031