Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկն այսօր Երեւանում անցկացվող «Ռուսաստանի եւ Արեւմուտքի կոնֆլիկտն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ խոսելով հետխորհրդային տարածքում Մոսկվայի քաղաքականության մասին, ասաց, որ գլոբալ վերափոխումների ֆոնին Ռուսաստանն այդ հարթակում ավելի քիչ պահանջկոտ է դառնում ու ավելի պակաս համառություն է ցուցաբերում։
Փորձագետը «կեղծ» է համարում Արևմուտքի մեղադրանքներն ու նախատինքները ՌԴ-ին՝ կայսերական հավակնությունների առումով: Ավելին, կարծում է, որ դրանք բոլորովին չեն համապատասխանում ո՛չ իրականության, ո՛չ էլ ՌԴ-ի ներսում տիրող զգացողություններին:
Փորձագետը վստահեցնում է, որ Ռուսաստանը հետխորհրդային պետություններին պատրաստ է մեծ ազատություն տալ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։ Իսկ ուկրաինական ճգնաժամի եւ դրանից բխող գործընթացների պայմաններում Ռուսաստանի կարեւորագույն խնդիրը նա համարում է նյութական բարեկեցության եւ սեփական ինքնիշխանության համատեղումը։ Նա համոզված է, որ ապագայում միությունները կառուցվելու են այդ երկու սկզբունքների՝ բարեկեցության եւ ինքնիշխանության, համադրությանը հասնելու երկրների ձգտումների վրա։ Եվ այս տեսանկյունից, իր գնահատմամբ, հետխորհրդային տարածքի ոչ բոլոր երկրները հետաքրքիր կլինեն Ռուսաստանին: Մոսկվան ակտիվ աշխատելու է այն պետությունների հետ, որոնք իրեն հետաքրքրելու են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ