Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամը սրվեց Չինաստանի եւ զարգացող այլ երկրների աճի գործոնով. Տիմոֆեյ Բորդաչյով

Հուլիս 02,2022 17:30

Արեւելյան Եվրոպայում քաղաքական զարգացումները, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովի գնահատմամբ, անխուսափելի դարձան 20-րդ դարի երկրորդ կեսին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային քաղաքականության, համաշխարհային տնտեսության զարգացումների արդյունքում։

Այսօր Երեւանում տեղի ունեցած «Ռուսաստանի եւ Արեւմուտքի կոնֆլիկտն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ փորձագետն ասաց. «Ես ելակետ եմ համարում Երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ ավանդաբար միջազգային հարաբերություններում համընդհանուր պատերազմները միշտ էլ ամենահիմնարար բնույթի փոփոխությունների նշան եւ աղբյուր են, որոնց հետեւանքները կարող են երկար պահպանվել։ Այժմ մենք ականատես ենք միջազգային տնտեսական եւ քաղաքական համակարգի ճգնաժամի, որն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Փորձագետի գնահատմամբ, հիմնական խնդիրը համաշխարհային շուկայական տնտեսության համակարգի ճգնաժամ է, գլոբալ կապիտալիզմի ճգնաժամ, որը ներկայումս, ինչպես կարծում է առաջատար տնտեսագետների մեծ մասը, սպառել է իրենում դրված հնարավորությունները. «Քանի որ մեր հիշողությունը կարճ է, մենք հիշում ենք միայն այն, ինչ եղել է նախորդ 30-40 տարիներին, ուստի մեզ համար այդ ամենը բավականին աղետալի, սարսափելի է  թվում»:

Համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամը, ըստ փորձագետի, սրվեց Չինաստանի եւ զարգացող այլ երկրների աճի գործոնով, այդ երկրներում սպառման ավելացմամբ եւ, համապատասխանաբար, մարդկությանը շահագործման եւ սպառման համար  հասնող ռեսուրսների կրճատմամբ. «Ընդ որում, այն տնտեսական մոդելը, որը ձեւավորվել է առաջադեմ արեւմտյան երկրներում 70-ականներին, հատկապես՝ անցյալ դարի 80-ականներին, իհարկե, պահանջում է սպառման նույն մակարդակը, ռեսուրսների օգտագործման նույն մակարդակը, որն առաջացել է դրա ձեւավորման ժամանակ եւ որն ուղեկցում է նրան վերջին գրեթե 50 տարվա ընթացքում։ Քանի որ նոր լուծումներ չկան, քանի որ համաշխարհային ոչ մի առաջատար տնտեսագետ այժմ ձեզ չի ասում, թե ինչպե՞ս պետք է փոխվի շուկայական տնտեսությունը՝ ռեսուրսների այս գլոբալ կրճատմանը եւ սպառման ավելացմանը հարմարվելու համար, պետությունները պետք է պայքարեն եղած ռեսուրսների համար: Եվ արեւմտյան երկրների՝ որպես գիտական, տնտեսական, ռազմատեխնոլոգիական իմաստով ամենազարգացած քաղաքականությունը, առաջին հերթին, հիմնականում պայքար է ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն պահպանելու հնարավորության համար»:

Բանախոսի բնութագրմամբ, այդ պայքարում Արեւմուտքը բոլորովին այլ հակառակորդներ ունի, որոնք տարբեր որակներով են գործում. «Դրանք այն երկրներն են, որոնք ուժային ակտիվ փոխգործակցություն են վարում նրա հետ, այնպիսի պետություններ, ինչպիսին Ռուսաստանը։ Մոտ ապագայում, ըստ երեւույթին, կմիանա նաեւ Չինաստանը, այն պետությունները, որոնք ռազմական փոխգործակցություն չեն վարում, բայց, ըստ էության, նույնպես մրցակիցներ են համարվում եւ անհրաժեշտ սահմանափակումների են ենթարկվում, որպեսզի արեւմտյան երկրները կարողանան պահպանել ռեսուրսների եւ հնարավորությունների իրենց հասանելիությունը, որը նրանց անհրաժեշտ է ներքին սոցիալ-տնտեսական կայունության պահպանման, այնտեղ առկա քաղաքական մոդելների կայունության պահպանման համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031