Հակամարտությունները կշարունակվեն. այն տարածքը, որը շրջապատում է Ռուսաստանը, որտեղ ներկա է նաեւ Հայաստանը, ընդհանուր կոնֆլիկտային տարածության մաս կլինի. այսօր այս մասին կարծիք հայտնեց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը՝ Երեւանում անցկացվող «Ռուսաստանի եւ Արեւմուտքի կոնֆլիկտն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ: Փորձագետի գնահատմամբ, առհասարակ, մնացած ամբողջ աշխարհը ևս կոնֆլիկտային իրավիճակում կլինի, եւ ոչ ոք բացառություն չի լինի։
«Մենք պետք է հասկանանք, մեր երկրների միջազգային հարաբերությունները մշտապես զարգանալու են պատերազմի ստվերում, դրանք անընդհատ զարգանալու են զինված հակամարտության մշտական հնարավորության ստվերում, որին մենք պետք է պատրաստ լինենք, եւ որի հավանականությունը մենք պետք է մշտապես հաշվի առնենք՝ մեր դիվանագիտական, արտաքին քաղաքական գործունեության մեջ, մեր ձեռքբերումներն առավելագույնի հասցնելու եւ մեր պոտենցիալ հակառակորդների ձեռքբերումները նվազագույնի հասցնելու համար»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Ուկրաինայում այժմ տեղի ունեցող կոնֆլիկտը նոր ժամանակների այն կոնֆլիկտներից է, որոնցից դեռ շատ կլինեն, եւ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, ներգրավված կլինի այդպիսի կոնֆլիկտներից շատերում:
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Ուկրաինայում, որը, եթե դիմենք պոետիկ համեմատություններին, ապա միայն նոր դարաշրջանի արեւի առաջին ճառագայթներն են, որոնք դեռ չեն ծագել, մենք տեսնում ենք միայն առաջին շողերը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ «կեսօրը» մենք կտեսնենք 10-15 տարի անց, ինչին պետք է բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ լինենք:
Ըստ փորձագետի, ոչ մի այլ պետություն՝ հարաբերությունների որեւէ շրջանակում, դաշնակցային կամ ֆորմալ դաշնակցային, չի կարող մեկ այլ պետության շահերը վեր դասել իր պետության եւ քաղաքացիների շահերից։
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, Ռուսաստանի, Հայաստանի եւ մյուս երկրների համար կարեւորագույն խնդիրը կլինի սեփական ներքին զարգացումը, սեփական ներքին կայունության բարձրացումը, քաղաքացիների վստահության բարձրացումն առ այն, որ իրենց երկրի ներսում, անկախ արտաքին հարաբերություններից, իրենց կյանքը կազմակերպված է լինելու, պետությունն ապահովելու է նրանց հիմնական շահերի նկատմամբ արդարության որոշակի մակարդակ:.
«Իսկ պատերազմներն անխուսափելի են, եւ մենք պետք է ապրենք դրանց հետ»,- գտնում է փորձագետը:
Մեր երկրներին՝ Հայաստանին եւ Ռուսաստանին, ըստ բանախոսի, կապում է աշխարհում գոյություն ունեցող ամենասերտ հարաբերությունները՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական, ամենակարեւորը՝ մարդկային: Ռուս փորձագետի խոսքով՝ Հայաստանի ներկայությունը Ռուսաստանում, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ամենաէականն է այն երկկողմ ներկայություններից, որոնք գոյություն ունեն եվրասիական տարածքում. «Իհարկե, մենք դա հասկանում ենք, գնահատում ենք, գիտենք դա, որպես անփոփոխ գործոն հարաբերություններում, նաեւ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Դա մեզ թույլ է տալիս բավականին հանգիստ եւ առանց ավելորդ էմոցիոնալության վերաբերվել այն հարցերին, որոնք մենք քննարկում ենք, որոնց շուրջ մեր տեսակետները կարող են տարբեր լինել, քանի որ մենք հասկանում ենք, որ այդ հարցերը մեր չափազանց բարեկամական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մաս են կազմում։ Նման հարաբերությունների շրջանակներում կարելի է ցանկացած սյուժե քննարկել, ցանկացած խնդիր լուծել, եւ մենք կարող ենք առաջ շարժվել, քանի որ մեր հարաբերությունները, ի վերջո, զորանոցներ չեն։ Մենք ՆԱՏՕ-ն չենք, մենք Արեւմուտք չենք, որտեղ կա մի պետություն, որը բոլորին հրահանգներ եւ հրամաններ է տալիս։ Մեր իսկապես ընկերական, ընտանեկան հարաբերություններ ունենք, որոնցում կարող են տարբեր տեսակետներ լինել, բայց արժեքը կայանում է նրանում, որ մենք չենք փոխում մեր փոխգործակցության ընդհանուր բնույթը, երբ քննարկում ենք այս բոլոր հարցերն ու սյուժեները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ