Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փակ դուռը բախելիս․ խոշտանգման գործերն այսուհետ չեն կարող կոծկվել

Հուլիս 02,2022 15:43

4 տարի առաջ՝ 2018-ի մարտին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ հերթապահ մասի պետ, մայոր Արմեն Հովհաննիսյանի և կալանավոր Արմեն Աղաջանյանի միջև վիճաբանություն է սկսվել: 30-ամյա տղային բարև չտալու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել։

Աղաջանյանի մայրը՝ Գայանեն, նշում է՝ տղան «Նուբարաշեն» ՔԿՀ էր տարվել ակնհայտ առողջական խնդրով: Կալանավորվելուց 6 ամիս առաջ վիրահատել են նրա աղիքը: Մայրը Աղաջանյանի վնասվածքները տեսել է դատարանում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի առիթով Հատուկ քննչական ծառայությունում քննություն է սկսվել։ Առերեսման ժամանակ Արմեն Աղաջանյանը ճանաչել է իրեն ծեծի ենթարկած մայոր Արմեն Հովհաննիսյանին։ Աղաջանյանին Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Օրեր անց նրա մարմինը գտել են կենտրոնի լոգարանում կախված։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն Աղաջանյանի մայրը պնդում է՝ նրան սպանել են։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին հայտնվել է մայոր Արմեն Հովհաննիսյանը․ նրան մեղադրանք է առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։ Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը խոշտանգման հոդվածը վերաորակել է որպես լիազորությունների անցում:

Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: Վերաքննիչ քրեական դատարանը, երկրորդ անգամ քննելով «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից, գործով անցնող ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի դատավճռի դեմ տուժող կողմի և Դատախազության բողոքները, որոշում կայացրեց բավարարել դրանք։ Համաներմամբ ազատ արձակված Հովհաննիսյանը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի խոսքով՝ այս որոշումը նախադեպային է։ Դա հիմք է տալիս պնդելու, որ խոշտանգման գործերն այսուհետ չեն կարող կոծկվել, և անպատժելիության դեպքերը կնվազեն։ «Սա ոչ թե հաղթանակ է, այլ արդարություն։ Արդարադատության փակ դուռը բացվեց»,- ընդգծում է Աղաջանյանի մայրը։

Այս տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ:  

ՀԼԱ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031