Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոցելի ճյուղերից մեկը։ Սա այնպիսի մի ուղղություն է, որը հատուկ ուշադրություն և մեծ ջանքեր է պահանջում։ Ըստ այդմ, գյուղատնտեսության զարգացումը առանց պետության աջակցության ու միջամտության դժվար է պատկերացնել։ Մի ժամանակ, երբ գործում էր գյուղատնտեսության նախարարությունը, ոլորտը քիչ թե շատ հոգածության ներքո էր, բոլոր թերություններով հանդերձ, սակայն նախարարության կրճատումից հետո այն ամբողջովին բարձիթողի վիճակի է մատնվել։
Թերևս դրա պատճառն այն է, որ այս իշխանություններն այնպիսի պատկերացում ունեն, թե գյուղատնտեսությունը պետք է ինքնաբերաբար զարգանա, և եթե մի քանի վարկ տվեցին ֆերմերներին կամ գյուղացիներին, ապա գյուղոլորտի զարգացումն ապահովված է։ Սակայն ոլորտի խթանման հարցը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Նախ՝ անհրաժեշտ է, որ էներգակիրների թանկացումների պարագայում պետությունը օգնի համեմատաբար մատչելի գներով դիզվառելիք ձեռք բերել՝ թեկուզ սուբսիդավորման կամ աջակցության այլ տարբերակների կիրառման միջոցով։
Բայց դիզվառելիքի գները շարունակում են մնալ բարձր այն պարագայում, երբ այն ներկրում ենք դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է, իսկ կառավարությունն էլ հակված չէ դիզվառելիքի հարցում անհրաժեշտ օգնություն տրամադրել գյուղոլորտում ներգրավված անձանց։ Բացի դրանից, պետք էր լուծել նաև պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռքբերման հարցը, քանի որ մի կողմից՝ ուկրաինական հակամարտության արդյունքում աշխարհում այս ապրանքների դեֆիցիտ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ՝ գներն են մեծապես աճել։
Սերմնացուների պակասի լրացման խնդրին ևս հնարավոր չեղավ պատշաճ կերպով լուծում տալ։ Պատահական չէ, որ գյուղոլորտի մասնագետները շարունակում են մտահոգություն հայտնել այն հարցի կապակցությամբ, որ գյուղացու անվան տակ սուբսիդիաները հասցեական և թիրախային չեն, քանի որ դրանք հիմնականում ստանում են բանկերը, գործարարները, ներկրողները, այնինչ աջակցությունը պետք է անմիջականորեն գյուղացին ստանար։ Կարևոր է նաև ոռոգման հարցը։ Սակայն կառավարությունը, փոխանակ քայլեր ձեռնարկի անհրաժեշտ ջրային պաշարների կուտակման ուղղությամբ, հույսը միայն Սևանա լճից ջուր բաց թողնելու վրա է դրել։
Կարդացեք նաև
Դրա համար էլ ջրամբարներում ջրի լցվածության մակարդակը ցածր է, իսկ կառավարությունը որոշում է ընդունում Սևանա լճից բաց թողնել 170 մլն խմ ջուր: Միայն սպառողական մոտեցմամբ առաջնորդվելով՝ իշխանությունները ոչ միայն սպառնալիքներ են ստեղծում երկրի ջրային անվտանգության համար, այլև խորացնում Սևանա լճում հասունացող էկոլոգիական աղետը։ Հայաստանի մշտական խնդիրներից մեկն էլ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, նորարարությունների կիրառմանը և ֆերմերներին ու գյուղացիներին մասնագիտական գիտելիքներով զինելուն, բայց այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։ Չնայած այլ բան պետք էլ չէր սպասել այս իշխանություններից։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում