Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկանխիկ գործարքների մասին օրենքով մարդկանց պարտադրում են բանկերին գումար վճարել»

Հուլիս 02,2022 13:30

Փայլակ Թադեւոսյանն ասում է՝ եթե օրենքի հեղինակները նշում են, թե նպատակը կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է, ապա անկանխիկի դեպքում նման միջնորդավճարներ չպետք է սահմանվեին, այլ հակառակը՝ կանխիկի դեպքում պետք է սահմանվեին. ստացվում է՝ օրենք են ընդունել, որպեսզի բանկերը զարգանան:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, ըստ որի՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը 300 հազար դրամը գերազանցող գործարքները, իսկ ֆիզիկական անձանց միջեւ կատարվող 500 հազար դրամը գերազանցող գործարքները, պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով։

Որքան մոտենում էր օրենքի ուժի մեջ մտնելու օրը, այնքան ավելի ու ավելի էին շատանում օրենքից դժգոհությունները։ Նախ՝ ոչ բոլոր բանկերն են պատրաստ գործարքն իրականացնելու համար պահանջվող Pos-տերմինալի սպասարկմանը, բացի այս, բանկային միջնորդավճարներն անտրամաբանական բարձր են։

«Առավոտ»-ի հետ զրույցում «Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ ղեկավար Փայլակ Թադեւոսյանն ասում է՝ գործարքների անկանխիկի ներդրումն, իհարկե, լավ է, բայց պետությունը փոխանակ խրախուսի անկանխիկ գործարքները, ճիշտ հակառակն է անում՝ տնտեսավարողի վրա մինչեւ 3% բեռն է դնում՝ բանկերի միջնորդավճարի տեսքով։

«Հատկապես խնդիրներ են ունենալու փոքր շրջանառություն ունեցող հարկ վճարողները՝ Pos-տերմինալների տեղադրման եւ սպասարկման, ինչպես նաեւ անկանխիկ առեւտրի դեպքում միջնորդավճարների մեծության պատճառով, քանի որ մինչեւ 3% միջնորդավճար է նախատեսվում: Օրինակ՝ տարեկան 15 միլիոն շրջանառություն ունեցող մանրածախ առեւտրի ոլորտի տնտեսվարողը 1,5 միլիոն շահույթ է ունենալու՝ լավագույն դեպքում, դրանից 450 հազար դրամ միայն բանկի միջնորդավճար է վճարելու, շրջանառության հարկն էլ՝ 200 հազարից ավելի։ Տնտեսվարողին տակը քիչ բան է մնում: Այդ խանութը փակվելու է»,-ասում է Թադեւոսյանը։ Նա ասում է՝ եթե օրենքի նպատակներից մեկը, ինչպես հեղինակներն են գրել՝ կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է, ապա անկանխիկի դեպքում նման վճարներ չպետք է սահմանվեին, այլ հակառակը՝ կանխիկի դեպքում պետք է սահմանվեին։

Նա նաեւ նշում է՝ որոշ բանկերում բացակայում են Pos-տերմինալները, ու MF տիպի ՀԴՄ-ների POS տերմինալի ակտիվացման համար չնայած երկու բանկ է պատրաստակամություն հայտնել, բայց հարկ վճարողների հավաստմամբ, բանկերից մեկը հրաժարվում է դրանց սպասարկումից կամ էլ այնպիսի պայմաններ են առաջարկում, որոնք անընդունելի են տնտեսվարողների համար։

Թադեւոսյանը նշում է՝ մեկ այլ մեծ խնդիր է բանկերի ծառայությունների համար վճարների մասին տեղեկության, այսպես ասած, գաղտնի պահելը. «Փորձեցի մի քանի բանկերի կայքերից տեղեկանալ, թե անկանխիկի վճարման համար իրենց միջնորդավճարները որքան են։ Կարծես հիմնականում գրված է՝ Pos-տերմինալի ակտիվացումն անվճար է, մնացածը՝ պայմանագրային հիմունքներով։ Այսինքն, մարդիկ պետք է բանկից բանկ գնան, որպեսզի տեղեկատվություն ստանան»։

Ընդ որում, ԿԲ-ն հայտարարել է, որ որ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով հարկ վճարողները կարող են դիմել «ԱԿԲԱ բանկ» եւ «Ամերիաբանկ», սակայն սոցիալական ցանցերում տնտեսվարողները դժգոհում են, որ բանկերից մեկը հրաժարվել է մասնակցությունից։ Կան նաեւ գրառումներ, որով տնտեսվարողները նշում են՝ բանկերից մեկում ասել են, թե եթե ամսական վճարը 2 միլիոն դրամից պակաս լինի, ապա ծառայության միջնորդավճարը 10 հազար դրամ է լինելու։

Ուշագրավ է օրենքի հիմնավորումը, որտեղ գրված է՝ «օրենքի ընդունումը նպատակ ունի մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, օրենքների ընդունումը կբերի նաեւ բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը…»: Հիմնավորման առնչությամբ ՀԿ ղեկավարը նկատում է՝ օրենքի հեղինակները, եթե կարճ ու պարզ ասենք, ասում են՝ այս օրենքն ընդունել ենք, որպեսզի բանկերը լավ զարգանան. «Ինձ համար տարօրինակ է՝ պետությունը բանկերի՞ շահերն է պաշտպանում, թե՞ քաղաքացիների։ Ստացվում է՝ այս օրենքով տնտեսվարողը անկանխիկի շրջանառության հարկ է վճարում, օրենքով մարդկանց պարտադրում են բանկերին գումար վճարել։ Հիմնավորում են, թե ստվերի դեմ են պայքարում, բայց եթե պետությունը խնդիր ունի ստվերի դեմ պայքարի, ինչո՞ւ է ծախսերը տնտեսվարողների վրա գցում, ինչո՞ւ է իմ հաշվին անում, թող իր միջոցների հաշվին անի, գոնե փոքր բիզնեսի ծախսը պետությունը պետք է կրի»։

Փայլակ Թադեւոսյանը նաեւ նշում է՝ կառավարությունն այս օրենքի վերաբերյալ հանրային իրազեկումը վատ է իրականացրել։ Օրինակ՝ օրենքն ընդունվել է 2022-ի հունվարին, սակայն կառավարությունն ու Կենտրոնական բանկը օրենքի որոշ դրույթների վերաբերյալ պարզաբանումներ կամ հայտարարություններ են արել միայն օրենքի ուժի մեջ մտնելուց օրեր առաջ:

Բացի այս, օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել E-draft.am կայքում՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը։ Այս ընթացքում նախագծի քննարկմանը մասնակցած մոտ 300 օգտատերերից 95%-ը դեմ է քվեարկել։ Ներկայացվել է 14 առաջարկ, եւ ինչպես Թադեւոսյանն է ասում, նշվել է, որ ամփոփվել է 14 առաջարկ, մինչդեռ առաջարկների հիմնական մասը վերաբերել են հնարավոր խնդիրներին, որոնք ըստ էության անտեսվել են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01. 07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Բա սենց տեքստ են գրում Նելլի ջան, նյութի կեսը պիտի կարդաս, որ հասկանաս, թե Փայլակ Թադևոսյանն ով ա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031