Լրահոս
Օրվա լրահոսը

«Հմայքն ընդամենը արտաքին փայլն է»

Հուլիս 02,2022 12:30

Այս կարծիքին է սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը

Երիտասարդ օպերային սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին մեր հանդիսատեսը ծանոթ է օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ նվագախմբերի հետ ունեցած բեմելներից։ Երգչուհին դեռեւս չի ավարտել ուսումը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (դոցենտ Վիոլետա Սահակյանի դասարան) եւ 2019-ից ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան)։ Վերջինս մասնակիցների կազմում բազմաթիվ ելույթներ է ունեցել Երեւանում, մարզերում, Արցախում եւ Շուշիում, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես եկել Չեխիայում եւ Իտալիայում։ Վերջերս Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան XI միջազգային վոկալ մրցույթում մասնակից 28 երկրի 112 երգիչների մրցապայքարում երգչուհին արժանացավ Գրան պրիի եւ «Ամենաերիտասարդ մասնակից» մրցանակի։ Ժյուրիի աշխատանքներին մասնակցում էին հեղինակավոր օպերային թատրոնների ու միջազգային կազմակերպությունների այնպիսի ճանաչված անուններ, ինչպիսիք են «Քովենթ Գարդեն» օպերայի քաստինգի տնօրեն Պետեր Մարիո Կատոնան, «Մետրոպոլիտեն» օպերայի գեղարվեստական ադմինիստրատոր Պոլ Հոպպերը, «Օպերա-Եվրոպա» միջազգային կազմակերպության տնօրեն Նիկոլաս Փեյնը եւ այլք։ Մինչ Ջուլիանա Գրիգորյանի՝ հայրենիք վերադարձը, հիշյալ մրցույթի պաշտոնական էջից տեղեկացել էինք, որ երեք տարին մեկ անցկացվող հեղինակավոր մրցույթին այս տարի հայտերի թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն պակաս է եղել։


Այս առիթով կայքում տեղադրված էր մրցույթի տնօրեն Բեատա Կլյատկայի խոսքը. «Այս տարի բազմաթիվ հայտեր եղան Ռուսաստանից։

Թիվը հսկայական էր, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարի հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչը։ Պատերազմը սկսվեց նախնական լսումների ժամանակ, որից հետո որոշեցինք ռուս վոկալիստներին հանել մրցութային ծրագրից։ Ուկրաինայից հայտ էր ներկայացրել 23 վոկալիստ եւ մենք՝ կազմակերպիչներս, արեցինք ամեն ինչ, որպեսզի օգնենք նրանց գալ Լեհաստան ու նախապատրաստվել մրցույթին»։


«Առավոտի» հետ զրույցում ընդհանրապես առաջին անգամ մրցույթի մասնակցող Ջուլիանա Գրիգորյանը նախ նշեց, որ տպավորված է դասական ձեւաչափով (3 փուլ) անցկացված մրցույթի կազմակերպվածությամբ, ասաց, որ մասնակիցները շրջապատված էին աննկարագրելի հոգատարությամբ. «Առանց չափազանցության րոպեն մեկ մեր որպիսությունն էին հարցնում, թե ինչի կարիք ունենք… Կոնցերտմայստերս՝ Ռադոսլավ Զավորսկին վաղօրոք նշանակված փորձերից հետո պատրաստակամություն էր հայտնում, որ եթե կարիք կամ ցանկություն կա՝ կարող է լրացուցիչ պարապմունքներ անցկացնել…»։


Դիտարկմանը, թե ի տարբերություն որոշ միջազգային մրցույթների, որտեղ մասնակիցը պարտադիր ծրագրում պետք է ներկայացնի իր երկրի կոմպոզիտորներից մեկ կամ երկու ստեղծագործություն, այստեղ չկար այդպիսի պահանջ, մեր զրուցակիցը հաստատեց դա, նշելով, որ Վարշավայի Մեծ թատրոնում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի 12 մասնակիցները՝ մաեստրո Անջեյ Յուրկեւիչի ղեկավարությամբ, թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկան համաշխարհային երաժշտական գրականության եւ լեհ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։

Հարցին՝ ճի՞շտ է մեր այն տեղեկությունը, թե Գրան պրիի թեկնածու է եղել նաեւ աշխարհահռչակ մի երգչուհու դուստր, երգչուհին պատասխանեց. «Խոսքը առաջին մրցանակի արժանացած Նոմբուելո Յենդեի մասին է, որը հարավաֆրիկացի աշխարհահռչակ սոպրանո Ֆրեթթի Յենդեի քույրն է»։ Ցանկացած մրցույթում նման մրցանակի արժանացած երաժշտի վրա «թափվում» է առաջարկների հեղեղ։ Մեր երգչուհին էլ բացառություն չի եղել այդ առումով։ Նրա հավաստմամբ՝ առաջարկներ եղել են մի շարք հեղինակավոր թատրոններից, այդ թվում՝ Հռոմի, Ցյուրիխի, Մյունխենի… «Քովենթ Գարդենից» եւ այլն։ Եղել են նաեւ համերգների առաջարկներ Լեհաստանից, Հունաստանից, Գերմանիայից… Իսկ թե որն է ընդունել, երգչուհին ոչինչ չասաց, միայն հայտնեց, որ աշնանը ելույթ կունենա լեհական Կատովիցե քաղաքում ավանդաբար անցկացվող փառատոնի շրջանակներում։

Մեր զրուցակցին փոխանցեցինք մեզ հասած այն լուրը, թե նա անձամբ հրավեր է ստացել Պլասիդո Դոմինգոյից։ «Ոչ թե Պլասիդո Դոմինգոյից եմ ստացել հրավեր, այլ աշխարհահռչակ տենորի 1993թ. հիմնած Operalia մրցույթի կազմակերպիչներից։ Առաջին անգամ Փարիզում, իսկ այնուհետեւ տարբեր երկրներում անցկացվող այդ մրցույթի հրավերը ստացել եմ Երեւան վերադարձիս հաջորդ օրը՝ մրցույթի կազմկոմիտեից։ Այն այս տարի կանցկացվի հոկտեմբերին, Լատվիայի մայրաքաղաքում»,- ասաց երգչուհին։ Իսկ թե վերջապես երբ կտեսնենք նրան մեր օպերային թատրոնում, Ջուլիանա Գրիգորյանն ընդամենն ասաց՝ առաջիկայում, Ռախմանինովի «Ալեկո» օպերային ներկայացման մեջ՝ Զեմֆիրայի դերերգով։

Ի դեպ, մինչ սոպրանոյի այս հաղթանակը, Հայաստանում նրա մասնակցությամբ համերգներից հետո հանդիսատեսը նրա համար հիանալի կարիերա կանխատեսելուց բացի, վստահեցնում էր, թե դրան կնպաստի երգչուհու հմայիչ արտաքինը։ Այդ կապակցությամբ երգչուհին իր կարծիքն ունի. «Տաղանդը հմայքի կամ արտաքինի հետ կապ չունի: Հմայքն ընդամենը արտաքին փայլն է»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01. 07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031