Հովհաննես Իշխանի Սարգսյանի պատմածը
Կուզեմ հիմի փչե զուռնեն-հարբած ըլիմ մինչեւ էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ-ու բաց ըլիմ մինչեւ էգուց:
Ե. Չարենց
…Հերս, ընկեր Պողոսյանը եւ աղաջան Սաքոն, ազգական-բարեկամ լինելուց զատ, նաեւ մտերիմ ու լավ ընկերներ էին: Ընկերներ, որ հիմնականում մեր օջախում, հացի սեղանի շուրջ իմաստավորել են իրենց կյանքի շատ ու շատ օրեր, գեղեցիկ ու կատարյալ դարձրել երկար, անվերջ երեկոներ: Այն էլ ինչպիսի՜ չքնաղագեղ երեկոներ… Այդ հանդիպումների ոգին ընկեր Պողոսյանն էր` իմ սիրելի ուսուցիչը, չնայած յուրաքանչյուրն իր հերթին անփոխարինելի տեղ ու դեր ուներ ընկերության այդ ազնվաշուք ու արժանավայել սեղանին, հրաշալի այդ ընկերության պայծառ աստղաբույլում…
Նրանց հացկերույթը, ընդունված ավանդույթի համաձայն, ավարտվում էր հորս բարձրացրած յուրօրինակ վերջաբան-կենացաթասով` «յոլ սալամաթով» (օտարահունչ այս արտահայտությունը, պարզ է, էրգրից մեր ապուպապերի բառուբանից էր մնացել, փոխանցվել): Իսկ թե իրականում որքան էր տեւում «բարի ճանապարհի» համար այդ բաժակաճառը կամ մաղթանքը, երբ եւ ինչպես էր ավարտվում այն, գիտեմ միայն ես եւ, բնականաբար, նրանք` երեք ընկերով, որ այսօր, ցավոք, մեր կողքին չեն, էն աշխարհ են գնացել ու հավերժության գրկում են…
Երանությամբ եմ հիշում այդ օրերը, երբ ես` անփորձ ու անվարժ պատանիս, մի կողմի վրա լուռ նստած, թաքուն հետեւում էի նրանց խոսակցությանը` պատրաստ ամեն վայրկյան կատարելու յուրաքանչյուր ցանկություն, որ կարող էր անցնել նրանց մտքներով: Վերջին կենաց-բաժակը մի քանի՜ անգամ խմելով, իրար բարի ճանապարհ մաղթելով, նրանք սկսում էին միմյանց տուն ճանապարհելու արարողությունը, որը կարող էր տեւել մինչեւ անգամ լուսաբաց: Անվերջ միմյանց տնից տուն ճամփելով, նրանք բնավ էլ չէին հոգնում եւ, ասես, կարոտ էին իրար հետ շարունակ շփվելու, իրար առաջ «բացվելու» ու կիսվելու: Որքա՜ն ասել-խոսելիք ունեին, ընդ որում՝ խոր իմաստ ու առանձնակի կարեւորություն պարունակող…
Կարդացեք նաև
Այդ հանդիպում-հացկերույթները, պիտի ասեմ, ամենեւին էլ սովորական կերուխում չէին: Ճիշտ է, խմիչքն իր ազդեցությունն ունենում էր, սակայն միմիայն դրական, լավ ու բարի առումներով: Այդ փոքրիկ քեֆերն իրենց շրջապատում կատարված զանազան երեւույթների շուրջ իմաստալից զրույցներ էին, որ անպայման խրատ ու խորհուրդ էին պարունակում, դրական լիցքեր հաղորդում յուրաքանչյուրին, նաեւ՝ երեխաներիս: Կարծես, նաեւ իրենց օրվա կատարածի ամփոփումն ու գնահատականն էին. չէ՞ որ երեքն էլ իրենց աշխատանքով, իրենց արդար քրտինքով ու ազնիվ վաստակով ապրող գյուղացի հասարակ մարդիկ էին…
Պիտի ասեմ, որ Իշխան հերս իր տան բոլոր հյուրերին էր մաղթում «յոլ սալամաթին», նրա օջախ ոտք դնողը հենց այնպես, հեշտ ու հանգիստ չէր թողնի, վեր կենա ու գնա: Հատկապես ընկերների հանդեպ շատ էր հոգատար ու ուշադիր, ընկերներն էլ, փոխադարձաբար, իր: Հիշում եմ՝ լուսահոգի, վաղամեռիկ Վաղոն Թորգոմի տանից «արաղ քաշելուց» վերադառնալուց անպայման հորս բաժինը թողնում էր մեր դռանը եւ դրանից հետո միայն շարունակում իր ճանապարհը… Ահա, կյանքի այսպիսի հրաշալի «շկոլա» (դպրոց) եմ անցել ծնվածս օրվանից, ինչի համար մեծապես պարտական եմ հորս եւ բոլոր այն մարդկանց, ում հետ բախտ եմ ունեցել երբեւէ շփվելու:
…Նրանք՝ երեք ընկերները, տարբեր տարիների հեռացան այս կյանքից, հեռացան անխոս ու անհառաչ, ամեն մեկն իր բաժին ճակատագրին հլու-հնազանդ: Հավատում եմ, որ մարդկային հոգու այդ բարի մշակները էն աշխարհում արդեն վերջնականապես միասին են, միմյանցից անբաժան եւ, թերեւս, միայն մի բան լավ չէ, որ բարեհիշատակ հորս «յոլ սալամաթին» մաղթելու կարիք էս աշխարհում արդեն չի զգացվի, եւ ես էլ անփորձ ու անվարժ պատանու պես չեմ կանգնի նրանց առաջ` պատրաստ կատարելու ինձ անչափ հարազատ մարդկանց յուրաքանչյուր ցանկություն, որքան էլ դա խելահեղ կամ անիրագործելի թվա…
(Հատված «Մեր ժամանակը» անտիպ գրքից)
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում՝ Իշխան Սարգսյան, Հովհաննես Պողոսյան, Սարգիս Աμրահամյան
«Առավոտ» օրաթերթ
01. 07.2022