«Պատրաստ լինենք ամեն ինչի` մարդկային ու տարածքային աղետալի կորուստներից մինչեւ արժանապատիվ դիմադրություն` նայած, թե ովքեր կլինեն մեզ առաջնորդողները»,- «Առավոտի» զրուցակիցն է 1992-1998 թթ. խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը:
– Տեւական ժամանակ ընթացող քաղաքական առեւտուրը կարծես ավարտվեց եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը դեմ էր Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը այդ ռազմական կառույցին, համաձայնություն տվեց: Թուրքիայի առաջադրած գլխավոր մտահոգությունը բավարարվել է եւ Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները, որոնք Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության մեջ, կարտահանձնվեն Թուրքիային: Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ոչ միայն ողջունել է արտահանձնումը՝ այն «խիզախ գործ» անվանելով, այլ Քրդական աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է անվանել: Այս իրողությունն ի՞նչ նոր ազդեցություններ կունենա տարածաշրջանում, տարածքներ հանձնելով դեպի թուրքական աշխարհ մղվող Հայաստանին ի՞նչ անակնկալներ են սպասվում, մանավանդ, Հայաստանի անփորձ եւ Թուրքիայի փորձառու հատուկ բանագնացների հանդիպումները բավական ինտենսիվ բնույթ են կրում:
– Թուրքիայի ղեկավարությունը, քաղաքական վերնախավը եւ հասարակությունը գիտակցում են, թե ինչ են ուզում եւ ընթանում են նախանշած նպատակների իրագործման ճանապարհով: Միանգամից ասեմ` մեր դեպքում նման պնդում անելու հիմք չկա:
Ընդհանրական եթե փորձենք ձեւակերպել, Թուրքիան շարունակում է ամրապնդվել որպես տարածաշրջանային տերություն` համաշխարհային գերտերության հավակնություններով: «Ոչ մի խնդիր հարեւանների հետ» ծրագիրը նա կյանքի է կոչում նախահարձակ արտաքին քաղաքական կոշտ հռետորաբանությամբ, տնտեսական ու ռազմական էքսպանսիայով: Հիմա արդեն Հայաստանը նրա հարեւանների շարքում ամենաթույլն է ու ամենախոցելին: 30-ամյա տնտեսական շրջափակումը, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում մեր հանդեպ գործադրված ճնշումները, ղարաբաղյան հակամարտության բովանդակության ձեւախեղումը, ԵԱՀԿ ՄԽ գործունեության խափանումը, Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական անվերապահ աջակցությունը, Արցախի հայերի դեմ պատերազմի սանձազերծումը վկայում են, որ Թուրքիայի ճնշումները եղել են ու կլինեն առավել ցավոտ մեզ համար: Հայ-թուրքական հարաբերությունների վրա ծանր քարի պես նստած է Թուրքիայի պատմական մեղսակցության եւ այն ընդունելուց նրա հրաժարման բարոյական բեռը: Այդ պատճառով է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը խոր անվստահությամբ լցված ժամանակակից Թուրքիայի ղեկավարության նկատմամբ: Կասկածում եմ, թե Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները կկարողանան քանդել Թուրքիայի կառուցած թշնամության պատը: Բոլոր դեպքերում, քայլն իրենցն է: Ամենադժվար քայլը մենք արել ենք` մեր դեմ սանձազերծած պատերազմից ընդամենը մեկ տարի անց նստելով բանակցությունների սեղանի շուրջ:
– Ակնհայտ է նաեւ, որ Ուկրաինայի արեւելքում փոքր-ինչ ամրանալուն պես, ՌԴ-ն կենտրոնանալու է մեր տարածաշրջանի վրա, եթե, իհարկե, մինչ այդ, Արեւմուտքը՝ հակառակ շահերի հետապնդմամբ, առաջ չընկնի: Կարճաժամկետ կտրվածքում ի՞նչ տարածաշրջան կունենանք:
Կարդացեք նաև
– Ամեն ինչ որոշել են մարդիկ, ովքեր հանդես են գալու Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անունից: Էական ազդեցություն է ունենալու անմիջական հարեւանների, Ռուսաստանի, միջազգային հանրության վերաբերմունքը մեր խնդիրների նկատմամբ, մեզ քաղաքական ու ռազմական աջակցություն ցուցաբերելու նրանց անկեղծ պատրաստակամությունը: Պատրաստ լինենք ամեն ինչի` մարդկային ու տարածքային աղետալի կորուստներից մինչեւ արժանապատիվ դիմադրություն` նայած, թե ովքեր կլինեն մեզ առաջնորդողները:
– Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ իր խոստացած խաղաղության դարաշրջանը խաղաղություն չի բերելու. այդ խոստովանությունից հետո ի՞նչ պետք է անի ինքը, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը:
– Քաղաքական մեծամասնությունը պետք է խաղաղության դարաշրջան պարգեւի նախ մեր հասարակությանը եւ դադարի կառչած մնալ իշխանությունից: Գիտեմ` գրեթե անհնար է «փրկչական առաքելության» պատիր խաբկանքից ինքնակամ հրաժարում: Բայց պետք է դա անել ու ճամփա բացել հասարակության ընդարձակ համախմբման համար: Մենք այն վիճակում ենք, որ իրավունք չունենք պետության համար վճռորոշ այս շրջանում վստահել միայն մեկ քաղաքական խմբակի, այն էլ` ապակառուցողական ու ձախորդ:
– Այլ ի՞նչ ուղերձներ առանձնացրեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ինչի՞ մասին են դրանք փաստում:
– Ուղերձը եղել ու մնում է մեկը` անքննելի համոզումն իր անաղարտության, անսխալականության, փրկչական առաքելության հանդեպ: Մնում է աղիողորմ արտասվել, թե ուր էր ինքը մինչ հիմա…
– Ինչո՞ւ է նա շարունակում գերիների հարցը «գցել» ռուսների գրպանը, ինչո՞ւ նրա վերջին հայտարարությունից հետո Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, տեւական լռությունից հետո գերեվարվածների ծնողները փողոց դուրս եկան:
– Ռուսներն իրենց պատասխանատվության ու մեղքի բաժինն ունեն, անկասկած: Բայց նա ռուսներին է մեղադրում, քանի որ հոգեկան խիստ հուզված վիճակում եւ խոր նկուղում է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի մեկ-երկու օրվա հետեւանքն անգամ զլացել է հաշվարկել: Ճշմարտությունն այն է, որ գերի, ապօրինի պահվող, առեւանգված ու անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրերին իշխանությունը չէր անդրադառնա, եթե չլիներ նրանց հարազատների համառ եւ հուսահատ պայքարը: «Խաղաղության դարաշրջանի» մունետիկը նրանց տեղավորել է «պլյուս-մինուս 50» սխեմայի մեջ: Դա «մեծ գործերը պահանջում են մեծ զոհեր» հեղափոխական մտածողության (ավելի ճիշտ` մտածողության ու խղճի բացակայության) արգասիք է: Բայց, հայտնի է, զոհվում են լավագույններն ու անմեղները, աշխատավոր ու չարքաշ ընտանիքների զավակները: Սա է մեր դառը իրականությունը:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01. 07.2022