Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, որի մասին ժողովուրդը տեղյակ չէ». Իշխան Սաղաթելյան

Հուլիս 01,2022 22:00

Ընդդիմության հանրահավաքին ԱԺ արդեն պաշտոնազրկված փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ելույթը սկսեց «Միություն, պայքար, հաղթանակ վանկարկումներով»: «Քիչ առաջ այս հարթակում էր Անդրանիկը: Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, երբ մեկ ստորագրությամբ հերթականությամբ դատարկվում էին հայկական բնակավայրերը, Անդրանիկը եւ համախոհները մեր այն հայորդիներն էին, որոնք մնացին Աղավնոյում, ասացին՝ Աղավնոն հայկական է, պետք է ապրի, հայերով շարունակի իր գոյությունը: Մինչեւ այսօր Աղավնոն հայկական է, այնտեղ ապրում են մեր հայրենակիցները»,-Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի մասին ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով. «Երեք օր առաջ Նիկոլը հայտարարեց կապիտուլյացիայի գնալու իր հերթական քայլերից մեկի մասին՝ ասելով, որ առաջիկայում պատրաստվում են հանձնել Բերձորը: Մեր վերջին հանրահավաքներին, նաեւ Արցախ այցից հետո այս խնդրին շատ մանրամասն անդրադարձել ենք: ՀՀ բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ եւս բարձրաձայնել են այդ վտանգի մասին, մինչդեռ մեր ժողովրդի այն մի մասը չի գիտակցում, որ այս չարիքի ու դավաճան իշխանությունը փորձանք եւ աղետ է բերելու մեր ժողովրդի գլխին: Գուցե հիմա գիտակցեն, դուրս գան փողոց, միանան այս պայքարին, որպեսզի օր առաջ հեռացնենք սրանց եւ փրկենք երկիրը, Արցախը»:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհի շինարարությանը, խնդիրը ճակատագրական որակելով. «Այս ամեն ինչը հիմնավորումն են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով»։ Նա հասկանալի լինելու համար մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետով նախատեսված հատվածը. «Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը՝ մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով: Սա է այդ չարաբաստիկ փաստաթղթի վեցերորդ կետը, որով հիմնավորում են Բերձորը հանձնելու գործընթացը»:

Պատգամավորը նաեւ այս ամենի հետ կապված մի քանի հարց հնչեցրեց. «Առաջին՝ Լեռային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ: Ե՞րբ, որտեղ, ինչ պայմաններում եւ ինչ մակարդակով է ձեռք բերվել այդ համաձայնությունը: Կա՞ն արդյոք համաձայնություններ եւ դրանք ստորագրվա՞ծ են: Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ձեր թիկունքում ձեռք են բերել պայմանավորվածություն Բերձորը հանձնելու համար: Կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, որի մասին ժողովուրդը տեղյակ չէ:

Հաջորդը՝ երեք տարիների ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ քսան ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32կմ ճանապարհահատված եւ արագացված ընթացքով փորձում է առաջ մղել իր շահը: Ում է ձեռնտու այս շտապողականությունը, ինչու է շտապում Հայաստանի Հանրապետությունը: Երրորդ՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ նոր ճանապարհը ենթադրում է նոր կոմունիկացիաներ՝ գազամուղ, էլեկտրական հաղորդալար, հեռահաղորդակցության մալուխ, ինչպես, ի՞նչ ժամկետներում են լուծվելու այս հարցերը, ում իրավասության ներքո են լինելու այդ ենթակառուցվածքները եւ դրանց շահագործման պայմանները,ինչպես է կառավարվելու ամայի տարածքներով անցնող նոր ճանապարհի սպասարկումը, որքանով է երաշխավորված լինելու Արցախի հետ ցամաքային կապը»:

Ի թիվս այլնի, Իշխան Սաղաթելյանը նաեւ փաստեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով մի շարք պարտավորություններ ունի նաեւ Ադրբեջանը, որոնց զգալի մասը չի կատարել ներառյալ ՝ ռազմագերիների եւ պահվող անձանց հանձնումն ու վերադարձը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031