Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան և Հայաստանը պայմանավորվում են զարգացման քաղաքականության երկկողմ համագործակցության շուրջ

Հուլիս 01,2022 21:45

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը երկկողմ գործընկեր պետությունների թիվը 61-ից հասցրել է 65-ի

Բեռլին/Երևան, 1-ը հուլիսի 2022 – Զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այսօր Երևանում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնություն ձեռք բերեց՝ հայ-գերմանական զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունն արդեն նոր՝ երկկողմ գործընկերության ձևաչափով շարունակելու վերաբերյալ։ Դա նշանակում է, որ կողմերը հետայսու կանոնավոր միջկառավարական բանակցությունների միջոցով կհամաձայնեցնեն զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, և դրանց համար կհատկացվեն համապատասխան միջոցներ։ Հայաստանից բացի Զարգացման դաշնային նախարարության գործընկեր երկրների ցանկը համալրել են Բոլիվիան, Լաոսը, Նեպալը և Մոնղոլիան։ Ցանկի երկրների թիվն այդպիսով 61-ից հասել է 65-ի։

Զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն նշել է․«Հայաստանը վերջին տարիներին մեծ բարեփոխումներ է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարում, անկախ արդարադատության և ընտրական համակարգի ոլորտներում։ Մենք մարտահրավերներով լի ժամանակներ ենք ապրում, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակողական պատերազմը սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանը։ Այս դժվարին ժամանակներում բարեփոխումների ուղին որդեգրած մեր արևելյան հարևանների հետ սերտ համագործակցությունը առանձնակի կարևոր է։ Մենք կամենում ենք մեր զարգացման համագործակցության միջոցով սատարել Հայաստանի բարեփոխումներն ու Եվրամիությանը մերձենալու հետագա քայլերը։ Այսօրվա մեր հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ նոր, ամուր երկկողմ համագործակցության մեկնարկն է»։

Նախարար Շուլցեն հանդիպումներ է վարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, նրանց հետ քննարկել երկկողմ հետագա համագործակցության կարևորագույն ուղղությունները։ Գերմանիան կշարունակի խթանել Հայաստանի էներգետիկ անկախությունը վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրերով, կշարունակի նպաստել Հայաստանի դինամիկ զարգացմանը և մասնագետների պատրաստմանը։ Նախարարը ծանոթացել է Հայաստանի թվային ոլորտի բարձր ներուժին՝ այցելելով հայաստանյան ստարթ-ափ կենտրոններից մեկը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը երիտասարդների ՏՏ ուսուցման հաջողակ հաստատություն է և արդեն իր մասնաճյուղն ունի նաև Բեռլինում։

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը Հայաստանին աջակցում է 1992 թվականից՝ նպաստելով անցումային գործընթացների իրականացմանը, սոցիալական շուկայական տնտեսության, իրավական պետության, ժողովրդավարության կայացմանը, սակայն աջակցությունն իրականացվել է հիմնականում հարավկովկասյան երեք երկրների հետ տարածաշրջանային համագործակցության շրջանակում։  Այդ աջակցությամբ մասնավորապես կատարվել են վարչական բարեփոխումներ, որոնց արդյունքում Հայաստանի քաղաքացիներն այժմ պետական ծառայություններն ստանում են ավելի արագ և արդյունավետ կերպով։ Հայաստանն այժմ արդեն ընդգրկվել է դաշնային նախարարության գործընկեր երկրների ցանկում, ինչն առավել կամրապնդի երկու երկրների համագործակցությունը։

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը գործընկերների ցանկը վերանայել է Կոալիցիոն համաձայնագրով ամրագրված հանձնարարությամբ։ Հայաստանից բացի Դաշնային կառավարությունը զարգացման քաղաքականության շուրջ երկկողմ համագործակցության առաջարկ է արել նաև Բոլիվիային, Լաոսին, Նեպալին և Մոնղոլիային։ Որոշման համար հիմք են ծառայել տարբեր չափանիշներ՝ Գերմանիայի հետ զարգացման համագործակցության արդյունավետության և կառավարման հմտության բարձրացումը, արդի գլոբալ մարտահրավերները և Գերմանիայի ներկայիս խորհրդարանի թեմատիկ առաջնահերթությունները։ Որոշմանը նախորդել են խորհրդակցություններ զարգացման քաղաքականության ոլորտի փորձագետների և գործընկերների, ինչպես նաև խորհրդարանական շրջանակների հետ։

 

Գերմանիայի դեսպանության մամուլի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031