Այսօր Դիլիջան քաղաքում կայացել է հանրային քննարկում, որի ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրել են Դիլիջանի կենտրոնական քաղաքային այգու զարգացման իրենց տեսլականը։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունից։ Հանրային քննարկմանը մասնակցում էին հասարակական ակտիվիստներ, ձեռներեցներ, համայնքների և համայնքապետարանի ներկայացուցիչներ,բնակիչներ։ Այս միջոցառմամբ մեկնարկեց քաղաքացիների հետ ծրագրի ընթացքում նախատեսվող հանդիպումների շարքը։
Քննարկումն անցել է դիզայն-խաղի ձևաչափով։ Յուրաքանչյուր թիմ առաջարկել է այգու տարածքի արդյունավետ ֆունկցիոնալ գոտիավորման իր տարբերակը, անհրաժեշտ ենթակառուցվածքային օբյեկտների ցանկը, ինչպես նաև ներկայացրել, թե ինչ քաղաքային խնդիրներ պետք է լուծի ապագա այգին և ինչպես այն կարող է կոչվել։ Վերանորոգված կենտրոնական քաղաքային այգին կհանդիսանա Դիլիջանի քաղաքային վերափոխումների շարժիչ ուժը և կդառնա դիլիջանցիների ու քաղաքի հյուրերի ժամանցի նոր կենտրոն։
Կարդացեք նաև
Նշենք, որ քաղաքացիների առաջարկները և ցանկությունները հիմք կհանդիսանան քաղաքի համալիր զարգացման ծրագրի համար, որը նախաձեռնել են Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը: Հիշեցնենք, որ այգին արդեն իսկ բազմաֆունկցիոնալ հանրային տարածք է: Այստեղ են գտնվում Verev rope park-ը՝ Հայաստանի ամենամեծ պարանայգին, սոցիալական ուղղվածություն ունեցող Cafe#2 սրճարանը, արհեստական լիճը, ատրակցիոնների գոտին, մարզահրապարակներն ու մարզումների համար նախատեսված workout գոտին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանիի»