«Այսօր ես կրկին խոսելու եմ խաղաղության եւ պատերազմի մասին»,-Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մի քանի օր առաջ իշխող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է փնտրում Հայաստանի դեմ նոր պատերազմը սկսելու համար: Այստեղ կա երկու խնդիր՝ առաջինը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է բոլորիս եւ հատկապես իր ընտրողներին, որ բոլորին խաբել է, որովհետեւ ինքը եկել էր կեղծ խաղաղության օրակարգով, մարդկանց դռնեդուռ ընկած համոզել, որ խաղաղություն է բերելու եւ նրանց որդիները չեն գնալու պատերազմի, իսկ այսօր խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է:
Նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, որը մինչեւ հիմա , արդեն 5-րդ ամիսն է Զինված ուժերի ԳՇ պետ չի նշանակել: Այսինքն, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում գլխավոր գործող կառույցի ղեկավար չի նշանակել:
Խոսում է մեկը, ում նշանակած պաշտպանության նախարարը որեւէ կապ չունի անվտանգության եւ պաշտպանության համակարգի հետ, պատերազմի մասին խոսում է մարդ, որը ռազմական գործողությունների ժամանակ՝ ըստ Սահմանադրության գերագույն գլխավոր հրամանատարն էր,բայց իր տեսակով անպատասխանատու, խաբեբա, եւ արդեն մեկ անգամ ժողովրդին տարել է ողբերգության:
Կարդացեք նաև
Այստեղ կա երկու ճանապարհ՝ կամ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին՝ ասելով, որ նոր պատերազմ է լինելու, որպեսզի մեր երկիրը տանի նոր ցավոտ զիջումների ճանապարհով, իսկ դա մենք արդեն տեսնում ենք եւ Սյունիքի եւ Արցախի հատվածում, հատկապես Բերձորի, Աղավնոյի եւ սուսի մասին է խոսքը:
Երկրորդը, եթե իրականում ճանապարհը պատերազմն է, արդյոք ժողովուրդը պատրա՞ստ է պատերազմի, արդյոք այն ժողովուրդը, ում այս իշխանությունը խաբել է, ում ասել է, որ ամեն ինչը պահելու ենք, կայունություն եւ անվտանգություն ենք բերելու, իսկ հիմա ասում է ժողովուրդ, դա մեզանից կախված չէ»,-ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ իր խոսքն ուղղում է հատկապես այն մարդկանց, որոնք հավատացել եւ այսօր էլ հավատում են Նիկոլ Փաշինյանին, նրանց, որոնք չեզոքություն են պահպանում կամ ասում են՝ չենք զբաղվում քաղաքականությամբ. «Նիկոլ Փաշինյանը ձեզ համար նոր պատերազմ ու կորուստներ է բերում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ