Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Օրակարգն հաստատելուց հետո՝ հոգաբարձուների խորհուրդը քննարկման է դրել մոտ մեկ տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին բուհի կառուցվածքի փոփոխությանը, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, այդ թվում պատերազմի հետևանքով կորցրած լաբորատորիաների վերականգնմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման հայտ ներկայացնելու գործընթացին և այլն:
Հանրապետության նախագահը, ով նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իր խոսքում կարևորել է կատարած աշխատանքը՝ նշելով, որ պետք է հետևողական կերպով լուծել բուհի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները և բարձրագույն կրթության արդի չափորոշիչների կիրառման համար ողջամիտ ժամկետներում ապահովել անհրաժեշտ հնարավորություններ և պայմաններ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ