Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից հանեք կալանքից ու տարեք». «Դիմադրության» շարժման անդամ, կալանքի տակ գտնվող Տարոն Մանուկյանին ծանուցագիր են ուղարկել

Հուլիս 01,2022 18:44

«Գնացեք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից հանեք կալանքից ու տարեք, տարեք, որ Ձեր «ժողովրդավարության բաստիոնում» քաղբանտարկյալների թիվը մի քիչ պակասի»,- ֆեյսբուքյան այսպիսի գրառում է կատարել լրագրող Լիլիթ Մանուկյանը՝ հրապարակելով որդու՝ Տարոն Մանուկյանի լուսանկարը եւ 44 օրյա պատերազմից հետո, Տարոնի՝ ԱՀ նախագահից ստացած Մարտական ծառայության մեդալի նկարը:

Տարոն Մանուկյանը «Դիմադրության» այն չորս տասնյակից ավել երիտասարդներից է, ովքեր եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել օրերս: Տարոն Մանուկյանն, ի դեպ, հինգ երիտասարդներից մեկն է՝ ով կալանքի տակ է գտնվում, այսպես ասած, «Գյումրիի գործով», երբ «Դիմադրության» շարժման անդամների եւ գյումրեցի տարեց տղամարդկանց միջեւ վեճ, ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ շարժման անդամների՝ Գյումրի այցի ընթացքում: Թեեւ գյումրեցի տարեց տղամարդիկ դատարանում հայտարարել էին, որ բողոք չունեին, կալանավորված անձանց խափանման միջոցը դատարանը չփոխեց:

«Դիմադրության» շարժման անդամներին եռամսյա հավաքների տանելու մասին, շարժման փողոցային պայքարի օրերին խոսեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել իրավապահ մարմիններին հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները եւ փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից շարունակում է ատել Բանակը, հեղինակազրկել հերոսներին, բարոյալքել այն: Այս մի քանի օրերին ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տասնյակ տղերքի: Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար: Բացատրեցի, որ բանտարկված է: Մի քանի ժամ անց մեկ այլ փոխգնդապետ զանգեց, ներկայացավ տուն, որ որդուս գրավոր ծանուցագիրը բերի: Ինքն էլ էր իր արածից ամաչում: Ծանուցագիրը ստորագրեցի, գրավոր արձանագրելով, որ Պապիկյան Սուրոն ոչ թե ՊՆ նախարար է, այլ բանակում ՔՊ կոմիսար ու Բանակը ծառայեցնում են իրենց իշխանությանը… Այսպես ունեցանք պարտություն, այսպես, սրանց հանդուրժելով էլ երկիրը տանում են նոր պարտությունների: Սրանց վերջը որ գա, զորակոչի չենք տանի, դա պատիվ կլինի սրանց, սրանք ուղղակի պատասխան կտան, իսկ սահմանը կպահեն արժանավորները…»,-որդուն ծանուցագիր ուղարկելու առիթով նման ֆեյսբուքյան գրառում է կատարել նաեւ Տարոն Մանուկյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031