Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մելքումյան. «Լավ հավաքական կձեւավորենք, լավ կպատրաստվենք եւ արժանապատիվ կմասնակցենք Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»

Հուլիս 01,2022 17:59

«Դինամո» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում, որին մասնակցելու հայտ ներկայացրել էին ավելի քան 200 մարզիկներ, այսօր կիսաեզրափակիչ մենամարտերն են:

Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արթուր Մելքումյանը, որն ամեն օր ուշադիր հետեւում է բոլոր մենամարտերին, պատասխանեց Aravot.am-ի հարցերին:

-Այս քանի օրը դուք բավականաչափ շատ մենամարտերի եք հետեւել: Ի՞նչ տպավորություն ունեք:

-Տարբեր քաշային կարգերում կան բավականին լավ տղաներ: Դա պայմանավորված է նրանով, որ դեկտեմբեր ամսից սկսած Հայաստանում կոնկրետ այս եւ ավագ տարիքի պատանիների խմբերի համար նպատակային շատ մրցումներ են անցկացվել բոլոր մարզերի գրեթե բոլոր մարզադպրոցներում: Դա նպաստել է, որ տղաները որոշակի փորձ ձեռք բերեն եւ տեղերում մարզիչների ղեկավարությամբ պատրաստ լինեն հոգեբանական, ֆիզիկական, տեխնիկական եւ տակտիկական պայքարին: Սրա արդյունքում ոչ միայն իմ տպավորությունն է լավ, այլեւ մասնագետների ու ֆեդերացիայի: Իհարկե, կան նաեւ քաշային կարգեր, որտեղ աշխատելու դեռ շատ ասպարեզ կա: Սակայն այսքանով հանդերձ, կարծում եմ, որ լավ հավաքական կձեւավորենք, լավ կպատրաստվենք եւ արժանապատիվ կմասնակցենք Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

-Առաջնության մեկնարկում ռինգ մտել է 202 տղա եւ 14 աղջիկ: Մասնակցության քանակը գոհացնո՞ւմ է:

-Այո: Ճիշտն ասած, մարզիչներ կային, որ նպատակահարմար էին համարում նախ Երեւան քաղաքի առաջնություն կազմակերպել, որպեսզի այստեղ մայրաքաղաքից այսքան շատ մասնակից չլիներ: Չհասցրեցինք: Բայց կարծում եմ, որ ուժեղները, որոնք յուրաքանչյուր քաշում կարող են հաղթող դառնալ, կհաղթեն: Ու ինչքան շատ մենամարտ անցկացնեն, մեր բռնցքամարտը կզարգանա, իսկ տղաները այստեղ կաճեն:

 Ապագա հավաքականի թեկնածուների անունները ձեր նոթատետրում արդեն նշե՞լ եք:

-Որոշ քաշային կարգերում, իհարկե, այո: Ընդ որում, կան տղաներ, որոնց մենամարտի ելքին սպասում եմ եզրափակչում: Նրանք հավասար ուժեր ունեն եւ ակնկալում եմ անզիջում մենամարտեր: Կան նաեւ տղաներ, որոնք միանձնյա առաջատար են իրենց քաշերում, ինչը լավ չէ:

-Հնարավո՞ր է, որ հավասար տղաների մեջ դժվար ընտրության առջեւ կանգնեք հուլիսի 10-ից 21-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող թիմի կազմն ընտրելիս:

-Ես այն կարծիքին եմ, որ հաղթող բռնցքամարտիկը պետք է հավաքականում առաջին համարը լինի եւ մեկնի միջազգային ասպարեզ: Հակառակ դեպքում, ինչի՞ համար է Հայաստանի առաջնության անցկացումը: Իհարկե, եթե ամեն բան իր հունով է ընթանում եւ արտակարգ իրավիճակներ չեն առաջանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031