Արդեն մի քանի օր է՝ հարավային մաքսատան-վարչության Մեղրիի մաքսակետ-բաժնում կրքերը չեն հանդարտվում։ Իրանական կողմը՝ իր տարածքում, հայկական յուրաքանչյուր ավտոմեքենայի բեռնաթափման համար լրացուցիչ 120 դոլար հարկ է սահմանել։ Սա ձեռնտու չէ հայկական կողմի վարորդների եւ ներկրողների համար, որոնք էլ պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում։
Երեք օր առաջ նրանք փակել էին մաքսակետի ճանապարհը՝ թույլ չտալով իրանական բեռնատարների ելքը մաքսակետից։ Երեքշաբթի ավտովարորդների եւ ներկրողների հետ հանդիպեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, հարավային մաքսատան-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը, պատկան այլ մարմինների ներկայացուցիչներ։
«Մենք գիտենք, որ հարցը մարզպետարանի ենթակայության չէ, շնորհակալ ենք, որ եկել եք գոնե, մեզ չեք արհամարհել»,-դիմելով Սյունիքի մարզպետին ասաց Արշակ Ամարյանը։
Ռոբերտ Ղուկասյանը իր հերթին նշեց, որ խնդիրը պարզելու համար է եկել։ «Տղերք, եկեք իրար հետ քննարկենք, հասկանանք ու փորձենք տարբերակներ առաջարկել»,-առաջարկեց Սյունիքի մարզպետը։
Կարդացեք նաև
Ոստիկանության մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը բողոքավորներին առաջարկեց՝ 7-5 ներկայացուցիչներ ընտրել, որպեսզի ներսում հանգիստ կարողանան խոսել ու հասկանալ իրավիճակը։ «Հիմա բոլորդ հավասար խոսում եք, չի լինում այսպես»,-ասաց նա։
Պետական պաշտոնյաները, չնայած հավաստիացրին, որ մեկ-երկու ամսվա ընթացքում երկու պետությունների՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր, որով հարցը կկարգավորվի, սակայն բողոքավորները խնդրեցին գոնե ժամանակավոր լուծում տալ հարցին։
Սյունիքի մարզպետը՝ մաքսատան ղեկավարության հետ շրջեց տարածքում:
Երկար քննարկումներից, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարների հետ խորհրդակցելուց հետո՝ համաձայնություն ձեռք բերվեց՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքը ժամանակավորապես օգտագործել խնդիրը լուծելու համար։ Ըստ պայմանավորվածության՝ Իրանից եկող բեռնատարների վարորդները բեռները կդատարկեն այդ տարածքում, որից հայ վարորդները ըստ ապրանքագրերի՝ կբարձեն իրենց բեռները։
Aravot.am-ը պաշտոնական հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակն ու առաջարկվող քայլերը։ Հարցման պատասխանը հետեւյալն է. «ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում վերջին օրերին առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ քննարկումներ են անցկացնում’ հայ տնտեսվարողների կողմից բարձրաձայնված դժգոհություններին համապարփակ լուծում գտնելու համար: Ներկա պահին մաքսակետն աշխատում է բնականոն ռեժիմով»:
Հիշեցնենք, որ ընթացքի մեջ է Մեղրու մաքսակետի արդիականացման ծրագիրը, ըստ որի մաքսակետը հիմնովին կնորոգվի՝ ժամանակակից չափորոշիչների համապատասխան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ