«Բացարձակ չէի ուզի գործընթացը քաղաքականացնել։ Խոսքն ԱԺ բնականոն գործունեության ապահովման մասին է։ ԱԺ մարմիններից են փոխխոսնակներն ու հանձնաժողովների նախագահները։ Ինչ եղանակով որ նրանք ընտրվում են, նույն եղանակով էլ կարող են հետ կանչվել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով որակումներին, թե ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնից հետ կանչելու գործընթացն իշխանության քաղաքական որոշումն է։
Նկատառմանն ի պատասխան, որ հիմնավորման մեջ գրված է, թե Իշխան Սաղաթելյանն ատելության խոսք է տարածել, այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ-ն պատասխանատվության ենթարկելու գործընթաց չի սկսում ԱԺ ամբիոնից ատելության խոսքեր ասած վարչապետի հանդեպ, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ԱԺ նախագահի տեղակալը չունի ինքնուրույն լիազորություններ եւ կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները․ «Եթե իր գործառույթները չի կատարում, ինչո՞ւ պետք է շարունակի պաշտոնավարել։ Այսքանը»։ Բուն հարցին նա չպատասխանեց։
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, ապա իրավունք ունի դիմել ՍԴ, սակայն ԱԺ-ն դատական մարմին չէ, պետք է հարգել իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Վլադիմիր Վարդանյանը չցանկացավ արձագանքել ընդդիմության գնահատականներին, որ օրակարգային՝ Բերձորի հանձնման հարցը քննարկելու փոխարեն խորհրդարանական մեծամասնությունն իրենց պաշտոնանկ անելու հարցն է քննարկում արտահերթ ռեժիմով․ «Ցանկացած ոչ իրավաչափ վարքագիծն էմոցիոնալ թեմայով ծածկելը․․․գիտեք, շատ անգամ այդ էմոցիոնալ թեմաներն իրականության մեջ գոյություն չունեն»։
Հարցին՝ հիմա օրակարգային հարցը Բերձորի հանձնո՞ւմն է, թե ընդդիմությանը մանդատներից զրկելը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Չգիտեմ, թե որտեղից եք լսել նման գաղափար, նման խնդիր որտեղից է առաջացել․․․չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին։ Հնարավորինս պետք է զերծ մնալ այնպիսի ներպետական հարցերի քննարկումից, որոնք կարող են վտանգել ազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ