Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծ զրույց ենք ունեցել Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ՝ ցավոտ հարցերի վերաբերյալ. Արամ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում

Հուլիս 01,2022 17:09

«Արցախի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ ունեցել ենք շատ մանրամասն եւ անկեղծ զրույց՝ կառուցվող ճանապարհի հնարավորությունների եւ հետեւանքների վերաբերյալ: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ գոհացնող է, իհարկե. եւ իրենք, եւ մենք նույն կարծիքին ենք, որ ամեն ջանք պետք է գործադրել Բերձոր քաղաքը հայկական վերահսկողության տակ պահելու համար, բայց քանի որ արդեն իսկ այսօրվա Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնողը ստորագրել է… արցախցիները փաստի առաջ կանգնելով՝ փորձել են այնպիսի մի ուղի ընտրել ճանապարհի համար, որն անհամեմատ ավելի ընդունելի է, եւ անհամեմատ ավելի անվտանգ է. պահպանվելու են չորս հայկական գյուղերը՝ Լիսագոր, Վերին Շեն, Ներքին շեն եւ այլն, Աղավնոյի համար էլ շարունակում են պայքարը»,- Aravot.am-ի հետ զրույցում, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհի հետ կապված բոլոր հարցերը համաձայնեցված են եղել ԱՀ իշխանության հետ, ուստի, Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ իշխանությունները անակնկալի են բերել ԱՀ իշխանություններին՝ ճանապարհի կոորդինատների առումով, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության կողմը Հայաստանն է, իսկ հայտարարությունում նշված է. «Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, առաջիկա երեք տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը, իր հերթին, պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ԱՀ իշխանությանը բոլորովին այլ ճանապարհ կառուցելու առաջարկ է եղել, նրանք հրաժարվել են եւ առաջարկել են այդ տարբերակը՝ ռուսական կողմի հետ համաձայնությամբ՝ ընտրելով չարիքի փոքրագույնը: Արամ Սարգսյանի արձանագրմամբ, ասել, որ ԱՀ իշխանությունն իր հոժար կամքով է համաձայնվել այդ տարբերակին, սխալ է, քանի որ այս իրողությունը պարտության արդյունք է, իսկ պարտության խորհրդանիշը Նիկոլ Փաշինյանն է:

Ի դեպ, հայկական կողմը դեռ պետք է նախագծի եւ կառուցի այդ ճանապարհի 11 կիլոմետրը, որը Հայաստանի տարածքով է անցնում՝ Սյունիքի մարզի Կոռնիձորից մինչեւ Տեղ գյուղ: «Այստեղ էլ հո Արցախի իշխանությունները կապ չունե՞ն: Սյունիքի հետ կապված, Մեղրիի հետ կապված՝ Արցախի իշխանությունները պահանջներ են դրել. մենք կարողանալո՞ւ ենք ընդդիմանալ: Մենք պարտավոր ենք ընդդիմանալ, թույլ չտալ, որպեսզի նրանք ոչ թե ճանապարհ ունենան, որով, ասենք իրանական բեռներն էլ են գնում, այլ իրենք չունենան վերահսկողություն այդ ճանապարհների վրա: Փորձ էլ չի արվում հաստատելու, թե ինչո՞ւ դու չես կարող համաձայնել այս ամենի հետ, չկա այդպիսի դիվանագիտական աշխատանք, չկա այդ ամենին ընդդիմանալու ցանկություն. սա է խնդիրը: Պարզ ասեմ՝ Սյունիքն այսօր վտանգված է, որովհետեւ ադրբեջանցիները, որոնք լկտիանում են ամեն օր՝ տեսնելով, որ հայերի կողմից չկա դիմադրություն, իհարկե, ամեն անգամ պետք է շանտաժի ենթարկեն եւ պահանջեն: Աշխարհում չկա պետության այդպիսի ղեկավար, որը իր հոժար կամքով նվիրի միջպետական ճանապարհի 21 կիլոմետրը՝ փակելով այդ միջպետական ճանապարհը՝ առանց սահմանազատում-սահմանագծում անելու: Այս մարդն արել է եւ հիմա, մենք դրա հետեւանքներն ենք տեսնում: Տաթեւի ճանապարհը շատ վատ վիճակում է եւ իրանական բեռնատարները, մի քիչ ավելի տարողունակները, սկսեցին Թուրքիայով գնալ, վաղը Ադրբեջանով կգնան»,- ասաց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը նոր է վերադարձել Արցախից, որտեղ մեկնել էին Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով, որն արձագանքել էր ՀԴԿ հանրապետական խորհրդի կոչ-հայտարարությանն՝ ուղղված ԱՀ իշխանություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին նոր օրակարգ առաջարկել՝ հիմնվելով Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշման վրա:

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ զրույցը ևս շատ անկեղծ է եղել, անդրադարձել են բոլոր ցավոտ հարցերին: Արդյունքում, Արամ Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնում է նախկինում արտահայտած իր տեսակետը. «Եկել է այն պահը, երբ մենք՝ բոլորս՝ սովորական քաղաքացուց սկսած, վերջացրած արցախցի պաշտոնյաներով եւ հայաստանյան ընդդիմադիրներով, պետք է հասկանանք, որ պետք է ոչ միայն ընդդիմանալ, այլ չենթարկվել, այսպես կոչված, վերադասի որոշումներին: Մենք իրավունք չունենք, որովհետեւ բոլորս պատասխանատվություն ենք կրում ապագայի առջեւ, սերունդների առջեւ եւ ոչ ոք չի հասկանալու, թե մենք ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի պատճառով արեցինք այս կամ այն, կամ թույլ տվեցինք, որ այդ ամենն իրականանա: Սա այսպիսի պահ է: Ես ցավով եմ ասում, բայց Արցախն այժմ առանձին միավոր է եւ Հայաստանի վրա որեւէ հույս չունի. սա ամենացավալի եւ ողբերգական հետեւությունն է, այս չորս տարվա սրանց իշխանության հետեւանքն է»:

Արամ Սարգսյանին վրդովվեցնում են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին տրամադրվող գումարների մասին հայտարարությունները՝ երկու պատճառով. նախ՝ ոչ ոք իրեն չի հարցնում, թե որքա՞ն գումար է տրամադրվել Լոռու կամ մյուս մարզերին եւ երկրորդ. «ԱՀ իշխանությունը պարտադրված է հաշվի նստել այն իրողությունների հետ, որոնք հետեւանքն են 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի մասին հայտարարության. ինքնին հասկանալի է, որ ՄԻԱՅՆԱԿ ընդդիմանալ Ադրբեջանի ճնշմանը, եթե Արցախում չլինեին ՌԴ խաղաղապահ ուժերը, այսօրվա դրությամբ հնարավոր չէր լինելու: Սա է իրողությունը: Եվ եթե Արցախում մտածում են իրենց անվտանգության մասին, ապա այսօրվա եւ վաղվա անվտանգությունն իրենք կարող են համարել երաշխավորված: Ի՞նչ կարող է լինել հետո՝ ոչ ոք երաշխավորել չի կարող, որովհետեւ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են տեղի ունենալ՝ դրանից բխող հետեւանքներով: Ուստի, դատել այսօր Արցախի իշխանությունների գործողություններն, առնվազն արկածախնդրություն է: Մենք այսօր միայն մեկ խնդիր ունենք՝ ազգովի ելք փնտրել այս իրավիճակից»:

Արամ Սարգսյանի եւ ՀԴԿ-ի պատկերացմամբ՝ ելքը՝ զուգորդել պայքարի բոլոր ձեւերը, դրանցից մեկն է՝ համահայկական համաժողովի հրավիրումն է՝ բացառապես համազգային խնդիրներ քննարկելու օրակարգով, ձեւավորել ընդհանրացված տեսակետ, գույքագրել ազգային ներուժը, համակարգել այդ ներուժի կարողությունները՝ այս կամ ուղղությամբ հայկական ազգային շահերն առաջ տանելու համար: Իրենք վստահ են, որ բացառապես այս պարագայում հայերի հետ հաշվի կնստեն դաշնակիցները. «Այսօր մեզ հետ հաշվի չեն նստում, որովհետեւ մենք ունենք ապիկար իշխանություն, որովհետեւ ինքը ընդհանրապես փորձ չունի կառավարման, չունի դիվանագիտական փորձ, չունի լոբբինգի կառույց՝ տարբեր մայրաքաղաքներում աշխատելու համար, ինչպես անում են ադրբեջանցիները եւ այլն»: Մնացած բոլոր պառակտող գործողությունները, մեր զրուցակցի համոզմամբ, մեզ տանելու են կործանման:

Այսպես կոչված, ազգային ընտրանու ձեւավորումը, Արամ Սարգսյանի գնահատմամբ, կարող է դառնալ զուգահեռ գործող համազգային կառավարություն: Շատ մանրամասների մեջ նա չի մտնում, բայց վստահ է՝ հասկացողները հասկանում են իր ասածի էությունը, պատկերացնում են, թե ինչ արդյունքների կարող է բերել այդ գաղափարը, հուսով է՝ կարձագանքեն. «Մենք չենք հրաժարվելու ընդդիմադիր պայքարից, այն ուժերի հետ ենք լինելու, որոնք շարունակում են իրենց պայքարն այսօրվա իշխանության վարած քաղաքականության դեմ, բայց միաժամանակ, մեր քաղաքական գիծն ենք իրականացնելու: Ովքեր հասկանում են այս գաղափարի անհրաժեշտությունը, պետք է միավորվեն եւ լծվեն դրա իրականացմանը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031