Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամահավաք՝ ուսուցիչների նվերների, ավարտական երեկույթի համար․ Գյումրու թիվ 11 դպրոցով կհետաքրքրվի հակակոռուպցիոն կոմիտեն

Հուլիս 01,2022 16:49

Aravot.am-ին հասած տեղեկություններով, հունիսի 27-ին Գյումրու թիվ 11 դպրոցի զինղեկ Կ․Գ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին՝ նշելով, որ դպրոցի տնօրեն Ա․ Գ․-ի ցուցումով 2022թ. մայիս ամսվա ընթացքում Գյումրու թիվ 11 դպրոցի 9-րդ դասարանի թվով 95 աշակերտներից յուրաքանչյուրից հավաքագրվել է 23.500-29.000 ՀՀ դրամ գումար։ Աշակերտները գումարը փոխանցել են դասղեկներին։

Հավաքագրված գումարից, ըստ հաղորդման, 15.000 ՀՀ դրամը նախատեսված է եղել ռեստորանի ավարտական երեկույթի համար՝ որպես մեկ աթոռի գումար, 6000-ական ՀՀ դրամը պետական փոխադրական քննությունների հանձնաժողովին և ուսուցիչներին հյուրասիրություն կազմակերպելու համար, 3000-ական ՀՀ դրամը՝ տնօրեն Ա.Գ․-ին և փոխտնօրեն՝ Գ․ Պ․-ին նվերներ գնելու համար։ Նվեր ստացող մյուս անձանց տվյալները ճշտվում են։

5000-ական ՀՀ դրամ, ըստ զինղեկի, նախատեսել են ավարտական ալբոմների համար։

Ըստ ոստիկանության ներկայացրած հաղորդման, դրամահավաք կազմակերպվել է նաև 2022թ.մարտի 8-ի տոնի առիթով ողջ ուսուցչական կազմից, յուրաքանչյուրից հավաքվել է 2000 ՀՀ դրամ։ Ընդհանուր գումարը կազմել է մոտ 200.000 ՀՀ դրամ, որն առձեռն փոխանցվել է տնօրեն Ա.Գ․-ին և փոխտնօրեն Գ.Պ․-ին։

Իրավապահների ուշադրությանը նաև հրավիրել են այն, որ սույն թվականի մայիս ամսին Ա.Գ․-ի տնօրեն վերընտրվելու առիթով ուսուցչական կազմից դարձյալ հավաքագրվել է 5000-ական ՀՀ դրամ գումար և հավաքագրված մոտ 475.000 ՀՀ դրամը դարձյալ առձեռն՝ որպես նվեր փոխանցվել է տնօրեն Ա.Գ․-ին:

Դպրոցի զինղեկ Կ.Գ․-ն ոստիկանություն ներկայացրած հաղորդմամբ հայտնել է նաև, որ մոտ 10 տարի դպրոցի նկուղային հարկում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և դպրոցի աշակերտներին մարզում է ծանրամարտ, ինչի համար որևէ վարձատրություն չի ստացել, բայց այս 10 տարիների ընթացքում ամեն ամիս տնօրենի պահանջով առձեռն նրան է փոխանցել 60.000-ական ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։

30.000-ական ՀՀ դրամը տվել է իր ամսական աշխատավարձից, իսկ 30.000 ՀՀ դրամը՝ թվով 10 սաներից ամսական 3000 ՀՀ դրամ գումար հավաքագրված գումարներից։

Զինղեկը հայտնել է, որ հիշյալ գումարները խաբեությամբ հափշտակվել են տնօրենի կողմից, քանի որ ծանրամարտի ֆեդերացիայի հետ ունի կնքված գրավոր պայմանագիր, նրանք են վճարում պետական տուրքի վճարները և այս պարագայում դպրոցի տարածքի օգտագործումն իր համար պետք է լիներ անվճար:

Ոստիկանությունից հաղորդումն ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս թեմայի շուրջ պատրաստ ենք լսել դպրոցի տնօրեն Ա․Գ․-ի պարզաբանումները։

Հ.Գ. Քիչ առաջ մեր խմբագրության հետ կապ հաստատեց դպրոցի զինղեկը` հստակեցնելով, որ ինքը հաղորդում չի ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին, այլ դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, մարզպետն ինքն է դիմել իրավապահներին։ Վերջինս զինղեկի դիմումն ուղարկել է դատախազություն,  որտեղից և ուղարկվել է ոստիկանության Մուշ բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Առավել լկտի սուտ հնարավոր չէր մտածել?
    Զուտ մի քիչ ավել երևակայություն, ու աշխարհը կգրավեիք…
    Խղճալի էր…

    Հ.գ. լավագույն թիվ 11 դպրոցի շրջանավարտ

  2. Մարիամ Հարությունյան says:

    Ինչպիսի խայտառառակ և լկտի սուտ։ Եվ սա ասում է մի ուսուցիչ, ով դպրոցի նկուղային հարկը օգտագորգործում է միայն սեփական գրպանները լցնելու համար։ Այդ դահլիճում ոչ մի աշակերտ անվճար չի մարզվում։ Անձամբ իմ տղայի համար ես վճարում եմ 5000 դրամ։ Պատասխանատու եմ յուրաքանչյուր խոսքիս համար։ Իսկ մեր դպրոցի բարի համբավը պախարակելով մեր զինղեկը ընդամենը բավարարում է իր կեղտոտ ամբիցիաները։

  3. Կարինե says:

    Իմ տղաս Մ.Նալբանդնանի անվան թիվ 11 դպրոցի 9 դասարանի աշակերտ է ,և կարող եմ փաստել որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը։հազար ամոթ այս բացահայտ սուտը հրապարակողին ։Գումար տրամադրվել է միայն վինետկաների և երեխաների կողմից կազմակերպած խնջույքի համար։ Ես նույնպես սովորել եմ թիվ 11 դպրոցում ասեմ ավելին մարզի ամենալավագույն դպրոցը մեր դպրոցն է և ամենախելացի և բանիմաց Տնօրենն ու ուսուցիչները թիվ 11 դպրոցում են ։Ես որպես նախկին աշակերտուհի և հիմա որպես ծնող խորհին շնորհակալությունս եմ հայտնում Տնօրեն Ա. Գրիգորյանից և ուսուցչական կազմից։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031