Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում թափառող շների խնդիրը լուծելու նպատակով բացվել է անասնաբուժական կլինիկա

Հուլիս 01,2022 16:39

Դիլիջան քաղաքում այսօր բացվեց առաջին անասնաբուժական կլինիկան, որտեղ որակավորում ստացած անասնաբույժները կկարողանան ստերիլիզացնել, հետազոտել կամ բուժել քաղաքի թափառող շներին։

Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմինե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ թափառող շների խնդրի մասին բնակիչները բարձրաձայնել են դեռևս նախընտրական շրջանում։ Անլուծելի թվացող խնդիրը հանգուցալուծելու նպատակով խմբակցության անդամները դիմել են «Ապրելու», Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամներին, տարբեր անհատների և կազմակերպությունների։

«Անչափ ուրախ եմ, որ «Ապրելու» բարեգործական հիմնադրամի օգնությամբ վերջապես կլուծվի այս խնդիրը։ Նախատեսվում է,որ մինչ 2023թ-ը կստերիլիզացվի մոտ 500 շուն։  Շուտով կվերապատրաստվի տեղացի 3 անասնաբույժ՝ այդ աշխատանքը պատշաճ իրականացնելու համար»,- հավելեց Արմինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ծրագիրը նախաձեռնել են Դիլիջանի գործարար համայնքը և «Ապրելու» բարեգործական հիմնադրամը։ Այն իրականացվել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, Դիլիջանի բնակիչների և գործարար ոլորտի ներկայացուցիչների աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է անասնաբուժական կլինիկայի տարածքը, ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։ Կլինիկայի մասնագետները հնարավորություն  կունենան  կատարել  ստերջացումներ, պատվաստումներ, որոշ դեպքերում նաև՝ վիրահատական միջամտություններ։

«Մեզ միացել են այս խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիները՝ իրենց ներդրումն ունենալով ծրագրում։ Շների ստերիլիզացիան ամբողջ աշխարհում ճանաչված է՝ որպես թափառող կենդանիների տարածումը նվազեցնող ամենամարդասիրական մեթոդ։ Ուստի կլինիկայի բացումից հետո ակնկալում ենք, որ քաղաքը կդառնա ավելի անվտանգ և մաքուր, երեխաները, համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները այլևս չեն վախենա երեկոյան շրջել քաղաքում։ Զուգահեռաբար՝ մենք նախատեսում ենք անցկացնել մի շարք դասախոսություններ երեխաների և դեռահասների համար՝  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխելու նպատակով»,-ասաց «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթեւոսյանը։

Նշենք, որ TUF հիմնադրամը, որի հիմնադիրը սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է, ավելի քան 10 տարի իրականացնում է մշակութային, կրթական և զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրեր Դիլիջանում։ Հիմնադրամը  մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նաև համայնքային խնդիրները, փորձելով դրանք լուծել՝ համագործակցելով համայնքապետարանի հետ և ներգրավելով Դիլիջանի բնակիչների, գործարար համայնքի և Սփյուռքի ներուժը։

 

***

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամ

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից  ստանձնել է  IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝  որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը  բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է:

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031