Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Հանձնել Բերձորն ու Աղավնոն, նշանակում է՝ Արցախի բնակչությունը մանաթով պետք է գնումներ կատարի»

Հուլիս 01,2022 15:46

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը շարժման գրասենյակում հրավիրված ասուլիսում ներկայացրեց այն վտանգները, որոնք սպառնում են Հայաստանին եւ Արցախին Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետո:

«Երբ մենք գտնվում ենք ինչ-որ իրադարձությունների կիզակետում, դրանք ընկալելու եւ իմաստավորելու հնարավորությունը շատ սահմանափակ է լինում: Ուստի կուզեի, որ 2022 թվականին Բերձորը հանձնելու հայտարարությունը մենք դիտարկեինք մի փոքր այլ, պատմական համապատկերի վրա», – ասաց նա եւ հիշեցրեց 2015 թվականը, երբ «Հիմնադիր խորհրդարանը» կազմակերպել էր ավտոշարասյուն, որը պետք է Արցախում քարոզչական աշխատանքներ իրականացներ, եւ շուրջ 40 մեքենաներից կազմված այդ ավտոշարասյունը կանգնեցվեց հենց Բերձորում եւ բոլորը տեսան, թե այդ ժամանակ ինչ տեղի ունեցավ:

«Փաստորեն, 2015 թվականին գոնե մեր քաղաքական ուժի համար լրիվ հասկանալի էր, որ սահմանագիծ է դրվում Հայաստանի եւ Արցախի միջեւ: Եվ այդ սահմանը, որ դրվեց, խոսում էր այն մասին, որ Արցախը առաջիկա տարիներին այլեւս օգտագործվելու է որպես մանրադրամ, որ միացման ոգին, որով սկսվել էր ամբողջ Արցախյան շարժումը, հետընթացի ճանապարհ է ստանում»,- ասաց Գարեգին Չուգասզյանը: Նա անդրադարձավ Բերձորի մարտավարական նշանակությանը մեզ համար:

«Հիմա աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում: Այսինքն՝ մենք գործ ունենք սահմանների փոփոխության հետ: Եվ այս նոր իրավիճակում մենք որպես ինքնություն, որպես պետականություն չենք բարձրաձայնում մեր շահերի մասին: Երբ Ռուսաստանը իրեն այլեւս Խորհրդային Միության իրավահաջորդ չի ճանաչում այլ իրեն հռչակում է կայսերական Ռուսաստանի իրավահաջորդ, մենք նորից խոսում ենք Խորհրդային Միության սահմանների մասին, որը ոչ ոք չի ճանաչել: Այս պարագայում Բերձորը ռազմավարական կարեւորություն է: Այն նոր ճանապարհը, որի մասին խոսում են, չեն ասում, թե այն ենթակառուցվածքները, որոնցով այսօր միացված են Հայաստանը եւ Արցախը, ինչպես են գործելու: Ես նկատի ունեմ գազը: Ինչպե՞ս է այն մատակարարվելու Ստեփանակերտին: Դա նշանակում է, որ Արցախի բնակչությունն այսուհետեւ պետք է մանաթով գնումներ կատարի: Չեն ասում, թե ինչ սպառնալիքի, հարկադրանքի տակ Արցախի բնակչությանը կամ ստիպելու են լքել հայրենիքը, կամ իրենց հայտարարել Ադրբեջանի քաղաքացիներ: Այս ռազմավարական փոփոխությունն է, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում: Մենք պետք է քաջ գիտակցենք, թե հիմա ինչ է կատարվում Բերձորում եւ Աղավնոյում: Սա ուղղակի մեկ համայնքի խնդիր չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031