Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են տեսել Արցախում եւ ի՞նչ են պայմանավորվել. ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում

Հուլիս 01,2022 15:08

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդը օրերս հայտարարությամբ էր հանդես եկել՝ դիմելով Արցախի Հանրապետության ղեկավար մարմիններին։ Հաշվի առնելով մի շարք փաստեր, որոնք ամրագրված են ՀԴԿ հայտարարության մեջ, Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն դրսևորած պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում, ՀԴԿ հանրապետական խորհուրդը առաջարկում է համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ՝ բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ ՀԴԿ հայտարարությանն արձագանքել էր ԱՀ նախագահ Արթուր Թովմասյանը՝ փորձագիտական շահագրգիռ խմբին հրավիրելով Ստեփանակերտ:

Այս առաջարկն, ի դեպ, ՀԴԿ հանրապետական խորհուրդը ժամանակին առաջարկել է ՀՀ բոլոր իշխանություններին, այդ թվում նաեւ գործող, սակայն, արձագանք չի ստացել:

Ստեփանակերտյան հանդիպումներից հետո Aravot.am-ի հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը որոշ մանրամասներ պատմեց՝ ասելով, որ իրենց նախաձեռնության գլխավոր նպատակն է համահայկական համաժողով հրավիրել, որը ի ցույց կդնի ազգային միասնությունը եւ այդ միասնության դիրքորոշումը՝ հնարավորություն տալով դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ազգային կառույցների անունից. «Մեր պատկերացմամբ, եթե այդպիսի համահայկական համաժողով իշխանությունը չի կազմակերպում, ապա դրա հնարավորությունն ունի Հայ առաքելական եկեղեցին: Այդ հարցով մեր պատվիրակությունը Վեհափառի հետ հանդիպում է ունեցել, ես նաեւ առանձնազրույց եմ ունեցել, գործողությունները շարունակական են լինելու: Մենք դիմելու ենք նաեւ Արամ Ա կաթողիկոսին, ակնկալում ենք նաեւ Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքների ներգրավվումն այդ գործընթացին: Այս փուլում, մեզ համար շատ կարեւոր էր նաեւ Արցախի իշխանության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»:

Արամ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ Մայր աթոռի հետ առկա է պայմանավորվածություն եւ հուլիսի վերջին, այս հարցի շուրջ փորձագիտական քննարկում կանցկացվի՝ Վեհափառի նախաձեռնությամբ:

Արցախի ԱԺ նախագահի եւ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում-զրույցը Արամ Սարգսյանը որակում է «շահագրգիռ»՝ նշելով, որ իրենց գաղափարի իրականացմանը կողմ են արտահայտվել եւ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել: Որոշակի պայմանավորվածություններ արդեն կան, առաջիկայում գաղափարի իրականացման շուրջ կաշխատեն՝ օրակարգ, կառուցվածք, նպատակ, դրանից ակնկալվող արդյունքներ. այս ամենը կմշակվի եւ կներկայացվի քննարկման:

ՀԴԿ պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել նաեւ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ, որը նպատակ ունի՝ դոնոր-կազմակերպությունների եւ դոնոր-անհատների հանդիպում կազմակերպել՝ Արցախում լուրջ տնտեսական ծրագրեր իրականացնելու հեռանկարով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպումը կազմակերպել համահայկական համաժողովի շրջանակներում:

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամ Վահան Բադասյանի հետ, որը զբաղվում է արցախցի տեղահանվածների հարցերով, պատվիրակության անդամները եղել են Արցախի տարբեր շրջաններում՝ ծանոթանալով ընթացող շինարարական աշխատանքներին. «4 հազարից ավել բնակարանների հիմք արդեն դրված է, մենք տեսել են 220 շինություն՝ մեկ հարկանի, 3-4 սենյականոց բնակարաններով, որոնք պետք է առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կահավորվեն եւ շահագործման հանձնվեն, 120 տներով պատրաստի ավան ենք տեսել, Հադրութի ավանն ենք տեսել՝ Հադրութից տեղահանվածների համար կառուցվող՝ հինգ հարկանի 10-ից ավել շենքերով, եղել ենք կառուցվող ջրամբարի տարածքում, որտեղից խմելու ջուր պետք է մատակարարվի Ստեփանակերտին եւ մոտակա բնակավայրերին: Ջրամբարի եւ ջրատարի կառուցման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արցախը նաեւ մեծ շինհրապարակ է, ինչից ելնելով՝ համոզվում ենք, որ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները պատրաստվում են պահել իրենց հայրենիքի այդ հատվածը՝ շարունակելով հարատեւել Արցախի հանրապետությունում»:

Այս այցի ժամանակ պատվիրակության կազմում չեն եղել փորձագետներ Լարիսա Ալավերդյանը եւ Ալեքսանդր Մանասյանը՝ առողջական խնդիրներով պայմանավորված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031