Այսօր Շիրակի պետական համալսարանի ամենագողտրիկ անկյունում՝ ծառաշատ ու ծաղկառատ բակում, մեծ հանդիսավորությամբ՝ երաժիշտների ու պարային համույթների մասնակցությամբ, 511 շրջանավարտների հանձնվեցին դիպլոմները։
Տոնակատարության վերածված ամենամյա միջոցառմանն, ինչպես միշտ, ծաղկեփնջերը ձեռքերին՝ մասնակցում էին նաև շրջանավարտների հարազատները․ բակում կանգնելու տեղ անգամ չկար։
Մագիստրոսի կոչում ստացավ 214 շրջանավարտ, որոնցից 137-ն ավարտեց գերազանց առաջադիմությամբ՝ կարմիր դիպլոմով։
Հանձնվեցին նաև բակալավրի առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմները։ Նրանց թիվը 297 է, 41-ը ստացավ գերազանցության կարմիր դիպլոմ։
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցում էին նաև Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը և Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, որոնք ևս այս բուհի շրջանավարտներ են։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ուսանողներին ուղղված իր ուղերձից առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։
«Սիրելի՛ ներկաներ, այսօր ուրախության ու միաժամանակ տխրությունը քողարկող հպարտության օր է ինձ համար։ Շիրակի մայր բուհի սաներից ոմանք, մեր երկրի համար օրհասական պահին գրիչը փոխարինեցին զենքով և նրանց անունները բուհի ուսումնական մատյանների փոխարեն փառքով դրոշմվեցին հավերժության մատյանում։ Մինչև ելույթս սկսելը, եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք երկնային գնդին միացած մեր քաջորդիների հիշատակը», – ասաց բուհի ռեկտորը։
Խոսքն ուղղելով մագիստրատուրան ավարտածներին՝ Երվանդ Սերոբյանը հիշեց նրանց ուսումնառության ծանր տարիները։
«Սիրելի՛ մագիստրոսներ, դուք Շիրակի մայր բուhի 13-րդ սերունդն եք։ Ձեր ուսումնառության տարիները լի էին ոչ միայն նպատակներով, նաև մեր երկրին ու աշխարհին պատուհասած խնդիրներով։ Այդ տարիներին մեր երկիրն ապրում էր իր պատմության ծանրագույն ժամանակներից մեկը։ Մեր հայորդիները կենաց ու մահու պայքար էին մղում սահմանին, իսկ հասարակությունը՝ պատերազմական վիճակի հոգեբանական սթրեսների հետ մեկտեղ, կենաց ու մահու պայքար էր տալիս թագավարակի դեմ։ Բայց ձեր մեջ ուժ գտաք և պատվով հաղթահարելով դժվարությունները՝ երբեք չհուսալքվեցիք ու պայքարեցիք նաև ուսման մեջ առաջադիմություն ու ձեռքբերումներ գրանցելու համար։ Կարոտելով դասախոսների, կուրսընկերների հետ ջերմ շփումներն ու նույնիսկ բուհի լսարանները՝ հեռավար սերտում էիք ձեր առաջադրանքները՝ չթուլացնելով ուսման առաջադիմությունը, հավատալով վաղվա լուսավոր ապագային։
Թո՛ղ որ Շիրակի պետական համալսարանի դարպասներից դուրս գալով ձեր առջև անարգել բացվեն նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերով լի ապագայի դռները և թո՛ղ երբեք չդադարի ինքնակատարելագործման ձեր ձգտումը:
Վստահ եմ, որ Շիրակի պետական համալսարանում ստացած գիտելիքներն ու հմտությունները ձեզ հենարան կլինեն մասնագիտական ցանկացած մարտահրավեր պատվով ընդունելու և հաղթահարելու, ինչպես նաև ձեր գիտելիքները ծառայեցնելու հանուն մեր երկրի բարօրության, հանուն մեր վաղվա՝ ավելի առաջադեմ Հայաստանի», – ասաց Երվանդ Սերոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ