Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Սարգիս Աղասու Աղայանը:
Սարգիս Աղայանը ծնվել է 1986թ-ին, Գյումրի քաղաքում: 2003-2007թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում՝ ստանալով բակալավրի որակավորում, 2007-2009թթ-ին շարունակել է կրթությունը նույն բաժնում՝ ստանալով մագիստրոսի որակավորում: 2009-2012թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ասպիրանտ, 2012թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007-2008թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, 2008-2009թթ-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանում՝ որպես ավագ լաբորանտ, 2010-2012թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, 2012-2017թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2012-2022թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող, 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում եղել է Մոլեկուլային մակաբուծաբանության հետազոտական խմբի ղեկավարը, 2022-ից ինստիտուտի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ղեկավարն է: Միաժամանակ, 2022թ-ի հունվարից համատեղությամբ աշխատում է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես առաջատար գիտաշխատող։
2004-2006թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի «Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր և նախագահ, 2016-2017թթ-ին՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, 2013-2017թթ-ին՝ «Էկոտուր» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2009-2017թթ-ին՝ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի փոխնախագահ, 2017-ից նույն ՀԿ-ի նախագահն է, 2019թ-ից՝ «ԷյԱր Թրեյլս» ՍՊԸ-ի համահիմնադիր, 2020-2022թթ-ին՝ «ԷյԱյՓի Թեք» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2022թ-ից՝ ընկերության ֆինանսական համակարգող: 2022թ-ից հանդիսանում է «ԷյԱր Թրիփ» ՓԲԸ-ի հիմնադիր և տնօրեն։
Կարդացեք նաև
2016թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ բնապահպան, 2017թ-ին արժանացել է ՀՀ նախագահի կողմից շնորհակալագրի՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» զարգացման համար, 2020թ-ին ստացել է ՀՀ նախագահի մրցանակ (ներկայում՝ Պողոսյան մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում: Սարգիս Աղայանը մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտահետազոտական և հանրային ծրագրերի իրականացմանը: Նա տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, պորտուգալերեն լեզուներին:
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զարգացման իր տեսլականը՝ Սարգիս Աղայանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնասյուներն են մասնակցային կառավարումը, արդյունավետ աշխատանքը և առողջ մրցակցությունը, համագործակցությունն ու մարդկային ռեսուրսները:
«Մեր երկարաժամկետ՝ 10-15 տարվա նպատակները հետևյալն են. կենտրոնն իր ցուցանիշներով դառնա Հայաստանի արդյունավետ 5 գիտական կենտրոններից մեկը, բազային ֆինանսավորումը կազմի կենտրոնի ընդհանուր ֆինանսական շրջանառության 20%-ը, ծավալվի առնվազն երկու ինքնաբավ գիտական ձեռնարկատիրական գործունեություն, իրականացվի կրթական գործունեություն: Վստահեցնում եմ, որ այս ամենին հասնելու համար կաշխատեմ իրականացնել բոլոր քայլերը պատվով և պատասխանատվությամբ», – ասաց Սարգիս Աղայանը:
ԳԱԱ